Դիմել ենք արդարադատության նախարարին՝ անձնական տվյալների պահպանության հետ կապված

Ճյուղային արհմիությունը գրություն է ուղարկել ՀՀ արդարադատության նախարարին՝ արհմիության անդամների տվյալների գաղտնիության պահպանման հետ կապված որոշակի խնդիրներ բարձրացնելով: Այսօր, փաստացի արհեստակցական միություն գրանցելիս պետռեգիստրի գործակալությունը հավաքագրում է արհմիության հիմնադիր-անդամների մանրամասն տվյալները, իսկ համաձայն գործող օրենքների՝ պետռեգիստրում եղած իրավաբանական անձանց տվյալները բոլորի համար բաց են: Սակայն արհմիությանն անդամակցելու մասին տեղեկությունը ոչ միայն հատուկ կատեգորիայի անձնական տվյալ է համարվում ՀՀ օրենսդրությամբ, այլև այդպիսի տեղեկության բաց լինելը հղի է վտանգավոր հետևանքներով, քանի որ դա կարող է օգտագործվել արհմիության գործունեությանը միջամտելու, և արհմիության անդամների հանդեպ խտրական գործողությունների համար: Այս խնդիրը գրությամբ բարձրացրել ենք Արդարադատության նախարարին՝ առաջարկելով կարգավորել այդ հարցը և համապատասխան օրենսդրական բարեփոխում կատարել: Բացի գործնական հիմնավորումից, վերլուծել ենք նաև խնդրի իրավասությունը միջազգային նորմերի տեսանկյունից։
Գրությունն ամբողջությամբ հասանելի է այստեղ։

Չգիտես ինչու, գրության առիթով պատասխան ենք ստացել իրավաբանական անձանց ռեգիստրի պետական գործակալությունից, որը մեր համոզմամբ լիազորված չի բարձրացրած հարցին լուծում տալու։ Նամակը գուցե “պետռեգիստր” է վերահասցեավորվել նախարարությունից, քանի որ դրա մեջ հանդիպել է “պետական ռեգիստր” բառակապակցությունը։ Ավելին՝ պատասխանը մեր գրության հետ կապ չունի։ Հետագայում Ազատություն ռադիակայանում պարոն Ռուստամ Բադասյանի ասուլիսի ընթացքում ևս բարձրացրել ենք յադ հարցը, և խնդրել կրկին անդրադառնալ մեր գրությանը։