Կայացավ հանրապետական եռակողմ հանձնաժողովի նիստը, դեկտեմբեր 19, 2019

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում դեկտեմբերի 19-ին տեղի ունեցավ Հանրապետական եռակողմ հանձնաժողովի հերթական նիստը, որին մասնակցում էին Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահի  տեղակալ Բորիս Խարատյանը, ՀԱՄԿ-ի անդամ ՃՀՄ-ների  նախագահներ Ժանետա Թորոսյանը, Շմավոն Մկրտչյանը, Լաուրա Հակոբյանը, Համլետ Դանիելյանը, ՀԱՄԿ-ի աշխատակազմի Սոցիալ-տնտեսական  և աշխատանքի  բաժնի  պետ Կարինե Մադոյանը, Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը, կառավարության ներկայացուցիչներ, ԱՄԿ ազգային  համակարգող Նունե Հովհաննիսյանը:

 Նիստը վարում էր ՀՀ Աշխատանքի  և սոցիալական  հարցերի  նախարարի  տեղակալ Արման Ուդումյանը:

 Նիստում քննարկվեց Հանրապետական  կոլեկտիվ պայմանագրի նախագիծը, որի ընթացքում ԱՍՀՆ աշխատանքի և զբաղվածության վարչության աշխատանքի և աշխատանքի  վարձատրության քաղաքականության բաժնի գլխավոր մասնագետ Արփինե Սարգսյանը ներկայացրեց ՀԱՄԿ-ի  անդամ ՀՀ պետհիմնարկների, ՏԻՄ-երի հասարակական սպասարկման  աշխատողների  ՃՀՄ-ի  նախագահ Անահիտ Ասատրյանի առաջարկությունները:

 Նախագծում ներկայացված մի  շարք  խնդրահարույց դրույթների  վերաբերյալ Բորիս Խարատյանն առաջարկեց Եռակողմ  հանձնաժողովի կողմերի  մասնակցությամբ ստեղծել աշխատանքային  խումբ, որը սահմանված  ժամկետում կուսումնասիրի նախագծում  ընդգրկված Եռակողմ  հանձնաժողովի կազմակերպչական,  կանոնակարգման,  գործազրկության  նպաստի վերաբերյալ և այլ վիճահարույց հարցերը, որից  հետո կներկայացվեն  վերջնական  արդյունքները:

 Քննարկման ընթացքում կողմերը կարևորեցին սոցիալական գործընկերության դերը՝ շահերի հավասարակշռման, սոցիալական արդարության ապահովման և խնդիրների արդյունավետ լուծման գործում։ Առանձնապես  ընդգծվեց սոցիալ-աշխատանքային և սոցիալ-տնտեսական հարաբերությունների կայուն զարգացումը, որը  պայմանավորված է զբաղվածության մակարդակի բարձրացմամբ, աղքատության կրճատմամբ, աշխատանքային իրավունքների պաշտպանությամբ և այլն։

 Նիստի ավարտին Գագիկ Մակարյանը  ներկայացրեց 2019 թ.  դեկտեմբերի 10-14-ը Մոսկվայում  կայացած  <Եռակողմ սոցիալական երկխոսության խթանում>  խորագրով  եռակողմ  միջտարածաշրջանային  համաժողովի մասնակցության արդյունքները:

Նյութում օգտագործված է ՀԱՄԿ-ի կողմից պատրաստված տեքստը