1. 2000 թվականին Միացյալ Թագավորությունում արված հետազոտությունը (Selim and Yiannakas 2000) ցույց է տվել, որ մի շարք պետական հաստատություններում, որտեղ ժամանակին ներքին աուդիտի գործառույթը աութսորսինգի միջոցով պատվիրվել է արտաքին մատակարարների, որոշ ժամանակ հետո այն հետ է վերցվել և վերականգնվել է սեփական ուժերով ներքին աուդիտի գործառույթը: Այդ հաստատություններին ուղղված հարցումը բացահայտել է աուդիտի աութորսինգից հրաժարվելու հետևյալ պատճառները.
1) արտաքին մատակարարի տրամադրած ծառայությունների որակը ժամանակի ընթացքում վատացել է
2) մատակարարը այլևս չի կարողացել մատուցել ծառայությունը
3) մատակարարի տրամադրած ծառայությունները անբավարար են եղել
4) մատակարարը մասնագիտորեն լիովին չէր հասկանում տվյալ հաստատության գործունեությունը և հեռու էր պետական կառավարումը խորապես հասկանալուց։
Նշված հետազոտությունը կատարվել է՝ ուսումնասիրելով Միացյալ Թագավորության 125 տարբեր տիպի պետական հիմնարկներ և գործակալություններ:
Բացի այդ, այն 30 կազմակերպություններից, որոնք դեռ օգտվում էին ներքին աուդիտի աութսորսինգից, 13-ը հայտնել են, որ ցանկանում են հետ վերցնել գործառույթը: Որպես պատճառներ նշվել է, որ
1) աութսորսինգը ժամանակավոր միջոց էր, բավարար աշխատակազմ չունենալու պատճառով
2) սեփական աուդիտի գործառույթ ունենալը թույլ կտա ավելի օպտիմալ և արագ արձագանքել ծագող խնդիրներին
3) անհրաժեշտ է ավելի որակյալ ներքին աուդիտ իրականցնել։
2. Նմանատիպ այլ հետազոտությունը (Coram, Ferguson and Moroney 2008) Նոր Զելանդիայի և Ավստրալիայի պարագայում եկել է այն եզրահանգման, որ սեփական ներքին աուդիտի գործառույթի դեպքում ավելի հաճախ են հայտնաբերվում կազմակերպության աշխատանքում խարդախության դեպքերը, քան այն դեպքում, երբ աուդիտը պատվիրվել է արտաքին մատակարարի: Հետազոտման արդյունքները վկայել են այն մասին, որ սեփական ներքին աուդիտի բաժանմունքներ ունեցող կազմակերպություններում աուդիտը ավելի էֆեկտիվ է կազմակերպության վերահսկման և մոնիտորինգի որակական առումով, քան աութսորսինգի ենթարկված աուդիտի ծառայությունները:
3. Հարավաֆրիկյան Հանրապետության պետական սեկտորում ներքին աուդիտի աութսորսինգի մասին համապարփակ հետազոտությունը (Plant 2004) ցույց է տվել, որ ըստ հետևյալ բնութագրերի՝
ա) ծառայության էֆեկտիվություն,
բ) կազմակերպության պահանջներին արագ կերպով արձագանքելու կարողություն
գ) հավելյալ արժեքի ստեղծում ։
Սեփական ներքին աուդիտի ֆունկցիան իրեն ավելի էր արդարացնում: Հարցված պետական պաշտոնյաները աութսորսինգի ենթարկված ծառայություններին տվել են մի փոքր ավելի դրական գնահատական միայն դրանց պրոֆեսիոնալիզմի և նվիրվածության առումով: Սակայն, պետք է հաշվի առնել նաև, որ բոլոր վերոնշված դեպքերում աութսորսինգի բացարձակ մեծամասնության դեպքերում աուդիտը հավատարմագրվել է այսպես կոչված Մեծ քառյակին (4 համաշխարհային խոշորագույն աուդիտային կորպորացիաներին):
4. Հարկ է նշել, որ ինչպես վերը նշված, այնպես էլ առկա բոլոր նմանատիպ հետազոտությունները ցույց են տալիս, որ ներքին աուդիտի գործառույթը աութսորսինգի ենթարկելու շարժառիթ միշտ եղել է աուդիտի ոչ բավարար աշխատողների քանակը, կամ ոչ բավարար մասնագիտական պատրաստվածությունը: Օպտիմալացումն ու ֆինասնական տնտեսումը դրա շարժառիթ չի հանդիսացել որևէ դեպքում և դրա հետ կապված արդյուքներ չեն գրանցվել: Ավելին, երկարաժամկետ կտրվածքով, արտաքին աուդիտորների հետ կապված պետական ծախսերն ու խնդիրները միայն ավելացել են (Mori 2015): Հետևաբար, փորձագիտական հետազոտությունները ավելի արդյունավետ պետական կառավարման հասնելու համար խորհուրդ են տալիս մշակել հանրային քաղաքականություն՝ ուղղված աշխատողների թվի ավելացմանն ու նրանց մասնագիտական վերապատրաստմանը:
Աղբյուրներ՝
Coram, P., C. Ferguson, and R. Moroney. “Internal audit, alternative internal audit structures and the level of misappropriation of assets fraud.” Accounting & Finance. 48 (2008): 543-559.
Mori, Anna. “Outsourcing public services: local government in Italy, England and Denmark.” Chap. 6 in The outsourcing challenge: organizing workers across fragmented production networks, by Jan Drahokoupil, edited by Jan Drahokoupil, 137-155. Brussels: ETUI, 2015.
Plant, K. “Internal audit outsourcing practices in the South African public sector.” African Journal of Public Affairs 7, no. 3 (2004): 73-87.Selim, G., and A. Yiannakas. “Outsourcing the Internal Audit Function: A Survey of the UK Public and Private Sectors.” Intl. J. of Audit.4 (2000): 213-226.
Selim, G., and A. Yiannakas. “Outsourcing the Internal Audit Function: A Survey of the UK Public and Private Sectors.” Intl. J. of Audit.4 (2000): 213-226.