Մեր ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ պետական կառավարման ոլորտում ներքին աուդիտի աութսորսինգի վերաբերյալ

Մեր ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ պետական կառավարման ոլորտում ներքին աուդիտի աութսորսինգի վերաբերյալ

Վերջերս պետական կառավարման և տարածքային կառավարման մարմինները վարչապետի աշխատակազմի ղեկավարից ստացել են խնդրանք–առաջարկ` ներքին աուդիտի գործունեության դադարեցման գործընթաց սկսելու և այդ ծառայությունը մասնավորից գնելու գործըթաց  կազմակերպելու  մասին։ Դրա կապակցությամբ մեզ՝ ճյուղային արհմիությանը դիմել են ներքին աուդիտ իրականացնող արհմիության անդամներ՝ հայտնելով իրենց մտահոգությունները:

Աուդիտի՝ մասնավորին պատվիրակելու (աութսորսինգի) այս գործընթացը, ինչպես հետևում է նամակ-առաջարկից, արդեն իսկ տեղի է ունեցել ֆինանսների նախարարությունում, և այժմ այլ մարմիններին  առաջարկվում է առաջնորդվել ՀՀ ֆինանսների նախարարության կողմից գրված տեխնիկական բնութագրերով։ Առաջարկվող գործընթացը որևէ կերպ հիմնավորված չէ, նպատակները ձևակերպված չեն և անհասկանալի։ Ակնհայտ է  միայն, որ նախաձեռնողը ֆինանսների նախարարությունն է։ Ներքին աուդիտը, ի տարբերություն այլ ծառայությունների, պետական կառավարման հիմնական մաս կազմող կրիտիկական ծառայություն է, որը արտաքին մատակարարի հանձնելը սխալ է և կարող է անդառնալի հետևանքներ ունենալ՝ հետագայում ստեղծելով լուրջ խնդիրներ պետական կազմակերպությունների համար: Ուսումնասիրելով խնդիրը և հետազոտելով միջազգային փորձը՝ Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների ճյուղային հանրապետական արհմիությունը հոկտեմբերի 25-ին նամակ է հղել վարչապետին՝ հայտնելով տվյալ գործընթացի վերաբերյալ դիրքորոշումը, որը ներկայացված է ստորև, և առաջարկել վերանայել մոտեցումներն ու հրաժարվել նախաձեռնությունից:

1. Մասնավոր կազմակերպությունների միջոցով աուդիտորական ծառայություններ կազմակերպելը որոշակի վտանգներ  է պարունակում՝ պետական գաղտնիքները հասանելի են դառնում այլ  կազմակերպություններին, իսկ դրանց տարածումը՝  անվերահսկելի։ Ներկայումս ներքին աուդիտի գործառույթ իրականացնող աշխատողները հանրային ծառայողներ են, որոնց համար սկզբունքներն են հանրությանը ծառայելու գիտակցումը, հավատարմությունը հանրային շահին, բարեկրթությունը և հարգալիրությունը, բարեխղճությունը, օբյեկտիվությունը: Այնինչ, մասնավոր ընկերությունների համար այս սկզբունքները էական չեն, քանի որ դրանք շահույթ հետապնդող կազմակերպություններ են:

2. Նկատի ունենալով մամուլի չհերքված հրապարակումները ֆինանսների նախարարության պաշտոնյաների հետ փոխկապակցված հաշվապահական ծառայություններ մատուցող կազմակերպությունների մասին՝ ֆինանսների նախարարության նախաձեռնությունը մտավախություն է առաջացնում առ այն, որ դրա նպատակը ևս կարող է լինել որոշ պաշտոնյաների հետ փոխկապակցված կազմակերպությունների համար պարարտ  հող ստեղծելը։

3. Գնումների գործընթացով աուդիտորական ծառայություն ձեռք բերելը կարող է ստեղծել իրավիճակ, երբ յուրաքանչյուր տարի հաղթող ճանաչվեն զգալիորեն տարբեր գործելաոճով և մեթոդաբանությամբ տարբեր կազմակերպություններ, ինչը երկարաժամկետ կտրվածքով կարող է  խանգարող հանգամանք դառնալ և  վերջնական վերստուգման գործընթացում խնդիրների հանգեցնել: Բացի դրանից հնարավոր են դեպքեր, երբ գնումների գործընթացով հաղթող կազմակերպություն չլինի։

4. Այս նախաձեռնությունը միանշանակորեն բերելու է բյուջետային ծախսերի ավելացման։ Եթե նույնիսկ մասնավոր ծառայությունը առաջին տարում թվացյալ էժան լինի (չնայած մեր հարցումները ցույց են տվել, որ դրանք ավելի թանկ են լինելու), երկարաժամկետ կտրվածքով ֆինանսական ավելի մեծ ծախսեր են պահանջվելու։ Ծառայություններից օգտվելու  ծախսերին ավելանալու է նաև գնումների գործընթացի կազմակերպումը, որը ևս աշխատանքային ռեսուրս է պահանջում:

5. Աուդիտորական գործառույթի կատարման որակը  չի բարձրանա, բայց վատանալ կարող է։ Աուդիտորական կազմակերպությունների մեծ մասը չունեն հանրային ոլորտում ներքին աուդիտ իրականացնելու փորձ և չեն կարող ներքին աուդիտորներից ավելի լավ պատկերացնել որևէ պետական մարմնի ռիսկերն ու խնդիրները։ Պետք է նկատի ունենալ, որ Հանրապետությունում մոտ 280 որակավորված աուդիտորներից մոտ 230-ը աշխատում են հանրային հատվածի կազմակերպություններում։ Մասնավոր աուդիտորական կազմակերպությունները, չունենալով բավարար մարդկային ռեսուրս, ստիպված են լինելու ներգրավել հանրային ոլորտի ներկայիս աշխատողներին, ավելին՝ մեր ունեցած տեղեկությամբ՝ ներգրավվելու գործընթացը արդեն իսկ սկսվել է։ Հետևաբար, նույնիսկ մասնավոր կազմակերպություններին աուդիտի գործառույթը պատվիրակելու դեպքում, աուդիտորները լինելու են միևնույն մարդիկ։ Այս իրավիճակում աշխատանքի որակի բարձրացման մասին խոսք լինել չի կարող։ Միևնույն ծառայության համար պետությունը վճարելու է ավելի մեծ գումարներ։ Ընդ որում, աշխատողների աշխատավարձի բարձրացում տեղի չի ունենա, քանի որ աշխատանքի տեսչության բացակայության պայմաններում և նմանատիպ կազմակերպություններում արհմիությունների բացակայության պատճառով, ակնհայտ է, որ նույն աշխատավարձի դիմաց աշխատանքի ծավալները ավելանալու են:

6. Աուդիտի գործառույթները մասնավորին պատվիրակելը նշակում է, որ մոտ 200 աշխատակիցներ դուրս կմղվեն պետական հատվածից, կզրկվեն պետական աշխատողի կարգավիճակից, և դրա հետ մեկտեղ՝ սոցիալական երաշխիքներից ու պաշտպանվածությունից:

7. Միջազգային փորձը վկայում է, որ բոլոր այն պետություններում, որտեղ ժամանակավոր կիրառվել է ներքին աուդիտը մասնվորին պատվիրակելը, դրա շարժառիթը եղել է աշխատողների անբավարար քանակը և նրանց մասնագիտական ոչ գոհացնող պատրաստվածությունը, և երբեք չի եղել ֆինասնական խնայողությունը: Հայաստանի պարագայում այս խնդիրը ակտուալ չէ: Բացի այդ, սեփական ուժերով ներքին աուդիտի կազմակերպման դեպքում ավելի հաճախ են հայտնաբերվում կազմակերպության աշխատանքի թերությունները, իսկ աուդիտորներ աշխատանքը ավելի արդյունավետ է վերահսկման և մոնիտորինգի համար։

8. Ներքին աուդիտի ինստիտուտը Հայաստանում համեմատաբար նոր է և դրա ստեղծման ու զարգացման համար մեծ ֆինանսական ռեսուրսներ են նեդրվել։ Այս նախաձեռնությունը եկել է փոշիացնելու տարիների ընթացքում ձեռքբերվածը։ Առավել խելամիտ կլիներ  կենտրոնանալ եղած համակարգը բարելավելու վրա, այլ ոչ թե՝ ոչնչացնելու։ 

Ներկայացնում ենք նաև Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի և հանրային ծառայությունների աշխատողների ճյուղային հանրապետական արհմիության աշխատակազմի կողմից պատրաստված տեղեկանքը միջազգային փորձի  վերաբերյալ:

%d bloggers like this: