ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հրապարակել է Աշխատաքային օրենսգրքի փոփոխությունների նախագիծ։ Նախագիծը նորություն չէ, դրա հոդվածներից շատերը մեկ անգամ արդեն բավականին երկար ու համապարփակ քննարկվել են և մերժվել տեղի ունեցած հեղափոխությամբ։ Նախագիծը օրակարգ բերելը կարելի է որակել որպես հակահեղափոխության դրսևորում։
Նախագծի իրական նպատակն էր և, համոզված ենք, շարունակում է մնալ նաև այսօր, որոշ տնտեսվարողների համար իրենց անիրավաչափ գործողությունների օրինականացումը, քանի որ նրանք աշխատողներին չեն տրամադրել լրացուցիչ և երկարացված արձակուրդները, չեն վճարել օրենքով սահմանված հավելումներ արտաժամյա, գիշերային և վնասակար աշխատանքների համար։ Դրանով կարող է պայմանավորված լինել նաև աշխատանքի տեսչության ուժեղացման կամ լիազորությունների ավելացման ձգձգումները։ Նկատի ունենք, որ ամեն գնով խոչընդոտվում է աշխատանքի տեսչության լիազորությունների ավելացումը, մինչև այն պահը, երբ տնտեսվարողների նշված անօրինական գործողությունները կօրինականացվեն։
Նախագծի հոդված 1-ի վերաբերյալ․ թյուրիմացություն է, երբ ներքին իրավական ակտերի ընդունման պահանջը հանվում է և դա ներկայացվում է իբրև գործատուների վարչական բեռի թեթևացում։ Գործատուների կողմից ներքին իրավական ակտերի ընդունումը բխում է հենց գործատուների շահերից։ Որոշ դեպքերում, օրինակ՝ դատարանում, գործատուն կդժվարանա ապացուցել որևէ կատարված գործողություն, եթե դրա համար չկա ընդունված համապատասխան իրավական ակտ։
Նախագծի հոդված 5-ի ԱՕ Հոդված 144-ի առաջարկվող փոփոխության վերաբերյալ․ չի կարելի թույլատրել, որ արտաժամյա աշխատանքը կատարվի կողմերի համաձայնությամբ, քանի որ աշխատողները միշտ չէ, որ գիտակցում են իրենց առողջությանը սպառնացող վտանգները և, գայթակղվելով մի փոքր ավել գումար ստանալու հնարավորությամբ, կարող են համաձայնել արտաժամյա աշխատանքի մեջ ներգրավվելուն՝ առանց սահմանափակումների։
Հայաստանի Հանրապետությունը սոցիալական պետություն է և ունի որոշակի սոցիալական պարտավորություններ։ Մարդը և նրա առողջությունը պետք է միշտ լինեն առաջնային, իսկ շահույթը ծառայի մարդու բարեկեցությանը։
Նախագծի հոդված 8-ով ամենամյա երկարացված և ամենամյա լրացուցիչ արձակուրդների տևողությունները սահմանել կողմերի համաձայնությամբ, նշանակում է զրկել աշխատողներին օգտվելու դրանցից։ Օրենքը պետք է սահմանի դրանց նվազագույն չափերը, իսկ կողմերի համաձայնությամբ պետք է լինի նվազագույն չափից ավելի արձակուրդների տրամադրումը։