«Ակնհայտ է, որ նախագիծը վատթարացնում է աշխատողի վիճակը և աջակցում է գործատուին»․ Ժանետա Թորոսյանը՝ ՀՀ ԱՕ առաջարկված փոփոխությունների և լրացումների մասին

«Ակնհայտ է, որ նախագիծը վատթարացնում է աշխատողի վիճակը և աջակցում է գործատուին»․ Ժանետա Թորոսյանը՝ ՀՀ ԱՕ առաջարկված փոփոխությունների և լրացումների մասին

Ինչպես հայտնի է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը 2019թ. հունիսի 13-ին իրավական ակտերի միասնական կայքում տեղադրել է «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը՝ հանրային քննարկման նպատակով:

Ստորև ներկայացնում ենք Հայաստանի մշակույթի աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ՃՀՄ-ի նախագահ Ժանետա Թորոսյանի տեսակետը նախագծի վերաբերյալ:

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը 2018թ. մարտի 23-ին քննարկվել է Հանրապետական եռակողմ հանձնաժողովի նիստում ՀՀ կառավարության, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի, Հայաստանի գործատուների միության ներկայացուցիչների մասնակցությամբ: Նախագիծը արհմիությունների կոնֆեդերացիայի կողմից ենթարկվել է հիմնավորված քննադատության և  Հանձնաժողովի կանոնակարգի համաձայն՝ չի ընդունվել: /Եռակողմ հանձնաժողովի նիստին մասնակցել է նաև ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ներկայացուցիչը:/

Այնուհետև՝  2018թ. հունիսին, նույն նախագիծը քննարկվել է ՀՀ կառավարության աշխատակազմում շահագրգիռ կողմերի մասնակցությամբ՝ դարձյալ արժանանալով բացասական գնահատականի, քանի  որ չի համապատասխանում ՀՀ Սահմանադրության, ՀՀ աշխատանքային օրենսդրության մի շարք պահաջների:

Ակնհայտ է, որ նախագիծը վատթարացնում է աշխատողի վիճակը և աջակցում է գործատուին, ավելի ուժեղացնելով նրան՝ որպես աշխատանքային հարաբերությունների կողմի: Մինչդեռ պետությունը, առանց խտրականության,  պարտավոր է պահպանել կողմերի իրավահավասարության սկզբունքը և հնարավորինս աջակցել աշխատողին՝ որպես աշխատանքային հարաբերությունների թույլ կողմի:

Օրենսգրքի 145-րդ հոդվածով սահմանված են արտաժամյա աշխատանքը թույլատրելու բացառիկ դեպքերը: Մեր գնահատմամբ այս հոդվածի 1-ին մասի 1-ին ենթակետով նախատեսված դեպքերից բացի՝  մնացած 2-6 ենթակետերի դեպքերում գործատուն արտաժամյա աշխատանքի ներգրավելու համար պարտավոր է ստանալ աշխատողի գրավոր համաձայնությունը, մինչդեռ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Արտաժամյա աշխատանքի ներգրավելու անհրաժեշտության դեպքում գործատուն այդ մասին ողջամիտ ժամկետներում  տեղեկացնում է աշխատողին»: Իսկ եթե աշխատողը չի կատարում գործատուի պահանջը, կարող է ենթարկվել կարգապահական տույժի: Մեր կարծիքով՝ դա հարկադիր աշխատանքի կիրառում է և հակասում է Օրենսգրքի 3-րդ հոդվածի 1 մասի 2-րդ ենթակետին և ԱՄԿ-ի թ.29 կոնվենցիայի 2-րդ հոդվածին, համաձայն որի՝ «հարկադիր կամ պարտադիր աշխատանք եզրույթը նշանակում է որևէ պատժի սպառնալիքի տակ որևէ անձից պահանջվող ցանկացած աշխատանք կամ ծառայություն, որի համար այդ անձը կամավոր չի հայտնել իր համաձայնությունը:»

Տվյալ պահանջից ելնելով՝ պետք է փոփոխություն կատարել 145-րդ հոդվածի 2-րդ մասում և խմբագրել  այլ կերպ, oրինակ՝ «Սույն հոդվածի 1-ին մասի 2-6 ենթակետերի դեպքերում աշխատողին արտաժամյա աշխատանքի ներգրավելու համար անհրաժեշտ է աշխատողի գրավոր համաձայնությունը»:

Օրենսգրքի  183-րդ, 184-րդ հոդվածների՝  նախագծով առաջարկված փոփոխությունները, փաստորեն, աշխատողին թողնում են առանց պետական նվազագույն երաշխիքի: Ակնհայտ է, որ աշխատողը չի կարողանալու գործատուի հետ վարել արդյունավետ  բանակցություններ՝ արժանավայել հավելավճարի համար:

Եվ, քանի որ հանրապետության ձեռնարկություններում /որոշ բացառություններով/ չի անցկացվել ըստ աշխատանքի պայմանների աշխատատեղերի պարտադիր ատեստավորում, աշխատողը նաև տեղեկացված չէ իր աշխատատեղում առկա վտանգների  և իր առողջության համար վնասակար պայմանների ազդեցության հետևանքների մասին: Պետությունը պարտավոր է առանց խտրականության բոլոր աշխատողների /ոչ միայն պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և դրանց ենթակա  կազմակերպությունների աշխատողների/ համար սահմանել նվազագույն հավելավճարի շեմը, որից հետո աշխատողը, ելնելով իր որակավորումից և պահանջվածությունից, կարող է պահանջել ավելին:

Ավելացնենք նաև, որ 2013թ.-ից դադարեցված է Աշխատանքի պետական տեսչության  գործունեությունը և փաստացի չի իրականացվում պետական հսկողություն աշխատանքային օրենսդրության կիրառման նկատմամբ:

Չի իրականացվում նաև հասարակական հսկողություն ձեռնարկությունների զգալի մասում արհեստակցական կազմակերպությունների բացակայության հետևանքով:

Հիշեցնում ենք, որ 2019թ. մայիսի 14-ին ՀՀ Կառավարության, Աշխատանքի միջազգային գրասենյակի, Հայաստանի գործատուների հանրապետական միության և Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի լիազորված ներկայացուցիչների ստորագրությամբ վավերացվել է «Հայաստանի Հանրապետության 2019-2023թթ. «Արժանապատիվ աշխատանք» ազգային ծրագիրը», որի դրույթներին և ոգուն չեն համապատասխանում առաջարկված փոփոխությունները:

Ուստի նման փոփոխությունների ընդունումը  համարում ենք ժամանակավրեպ:

ԹԱՐՄԱՑՈՒՄ

Մեր ջանքերի շնորհիվ, օգոստոսի 9-ի դրությամբ նախագիծը հանվել է իրավական ակտերի նախագծերի միասնական կայքից, ավելին, Էկոնոմիկայի նախարարի տեղակալը պնդում է, որ այդպիսի նախագիծ իրենք չեն էլ ներկայացրել։ Մեզ մոտ սակայն պահպանվել է արխիվային տարբերակը՝

Նախագծի արխիվային տարբերակը, որը այժմ անհետացել է Draft.am կայքից, և ըստ Էկոնոմիկայի նախարարի տեղակալի, երբեք չի էլ եղել
%d bloggers like this: