Մատենադարանի աշխատողների՝ 2019 թվականի սկզբին ձևավորված արհեստակցական կազմակերպությունը Մատենադարանի տնօրինության առջև աշխատանքային հարաբերություններում առկա մի քանի խնդիրների լուծման պահանջ է դրել։
Հավանաբար դրա հետևանքով, Մատենադարանի տնօրինությունը աշխատողների ժողով էր հրավիրել, հայտարարելով աշխատանքի հաշտարար Ա․ Սարգսյանի հետ կազմակերպվող հանդիպման մասին։ Տնօրինությունը, ըստ երևույթին, տեղյակ չէր, որ «Հաշտարարության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ հաշտարարությունը գործընթաց է, որն ուղղված է կողմերի համաձայնությամբ իրենց միջև առկա վեճն անկողմնակալ երրորդ անձի՝ հաշտարարի օգնությամբ հաշտությամբ լուծելուն:
Մատենադարանի արհեստակցական կազմակերպությունը ժողովի նախօրեին հայտարարություն տարածեց, որտեղ ասվում էր, արհեստակցական կազմակերպությունը տեղյակ չի եղել և իր համաձայնությունը չի տվել հաշտարար հրավիրելու գործընթացին։ Արհեստակցական կազմակերպության հայտարարությունը, ըստ երևույթին պատճառ հանդիսացավ, որ Ժողովը սկսվեց գիտքարտուղարի բացատրությամբ, այն մասին, որ կոլեկտիվում վեճ չկա, ու չնայած, հայտարարված էր հաշտարարի հետ հանդիպման մասին, բայց Ա․ Սարգսյանը ներկա է ժողովին, ոչ թե որպես հաշտարար, այլ որպես աշխատանքի իրավունքի մասնագետ և նույնիսկ, որպես աշխատանքային օրենսգրքի հեղինակ։
Ժողովի ընթացքում պարզ դարձավ, որ աշխատողների մի մասը նախապես պատրաստված էր արհեստակցական կազմակերպության դեմ մեղադրանքներ հնչեցնելու։ Միաժամանակ բացահայտվեց, որ շատերը ընդհանրապես տեղյակ չէին իրենց իրավունքներից և արհմիության նպատակներից ու գործելու իրավական հիմքերից, նույնիսկ աշխատանքային օրենսգրքի հեղինակ ներկայացած Ա․ Սարգսյանը օրենսդրությանը հակասող հայտարարություններ արեց ներկայացուցչական նորմերի վերաբերյալ։ Մատենադարանի տնօրեն Տեր-Ղևոնդյանը, ըստ երևույթին արհմիության մասին ուներ Խորհրդային Միության ժամանակներից մնացած պատկերացումներ, ինչը հաստատեց արհեստակցական կազմակերպության նախագահին հարցնելով, թե ուղեգրեր տալու են արդյոք աշխատողներին։ Լսելով նախագահ Գայանե Այվազյանի բացասական պատասխանը, հարցրեց․ «բա էլ ձեր արհմիությունը ինչի համար է»։ Իր ելույթում Գայանե Այվազյանը հանգամանորեն ներկայացրեց, որ արհեստակցական կազմակերպությունը աշխատանքային իրավունքի խախտումներ է հայտնաբերել, մասնավորապես գիտաշխատողների հետ կնքվող աշխատանքային պայմանագրերի մասով և երկարացված արձակուրդներ չտրամադրելու վերաբերյալ: Հանդիպումն անցավ լարված մթնոլորտում, արհմիության նկատմամբ թույլ տրվեցին էթիկայի նորմերի մի շարք կոպիտ խախտումներ:
Ժողովին մասնակցում էր նաև Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի արհմիության նախագահ Ա․ Ասատրյանը։