Վերջերս ՀՀ ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության 10 պատգամավորներ ներկայացրել են «Արհեստակցական միությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը հիմնավորում են իբր արհմիություններին գործատուներից անկախացնելու անհրաժեշտությամբ:
Այդ քաղաքական ուժի մտահոգությունների պատճառները կասկածանքների տեղիք են տալիս, քանի որ դրա հետ մեկտեղ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանը պաշտոնին նշանակվելուց հետո, արգելել է մարզպետարանի աշխատողներից արհմիության անդամավճարի գանձումը և փոխանցումը արհեստակցական կազմակերպությանը, ինչը խոչընդոտ է հանդիսանում արհեստակցական կազմակերպության գործունեության համար։ Մարզի կարևորագույն խնդիրները լուծելու փոխարեն, գերազանցելով իր պաշտոնական լիազորությունները, մարզպետը անօրեն միջամտում է նաև մարզում գործող այլ արհմիությունների գործունեությանը: Չարաշահելով պաշտոնական դիրքը՝ մարզպետը պարտադրել է համայնքապետերին տեղեկություններ տրամադրել կոլեկտիվ պայմանագրերի առկայության կամ բացակայության մասին, պահանջել է դրանց առկայության դեպքում իրեն տրամադրել պայմանագրի լուսապատճեները, ինչպես նաև հորդորել է կոլեկտիվ պայմանագրի բացակայության դեպքում չփոխանցել արհմիության անդամների անդամավճարը, ինչը ևս դիտարկում ենք, որպես միջամտություն և խոչընդոտում արհմիությունների գործունեությանը:
Հիշեցնում ենք, որ համաձայն «Արհեստակցական միությունների մասին» ՀՀ օրենքի՝ պետական մարմիններին, տեղական ինքնակառավարման մարմիններին, գործատուներին, այլ կազմակերպություններին և ֆիզիկական անձանց արգելվում է խոչընդոտել կամ միջամտել արհեստակցական միության կանոնադրությամբ սահմանված իրավունքների իրականացմանը, իսկ վերջինիս խոչընդոտման համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված է վարչական և քրեական պատասխանատվություն։