Թավշյա հեղափոխությունից հետո առաջին անգամ հուլիսի 19-ին տեղի ունեցավ հանրապետական եռակողմ հանձնաժողովի նիստը: Նիստի ժամանակ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը հարց ուղղեց զեկուցող, աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժ.Սարգսյանին, թե ինչ է սոցիալական գործընկերությունը: Հարցին ի պատասխան` Ժ. Սարգսյանը ցիտեց աշխատանքային օրենսգրքից սոցիալական գործընկերության սահմանումը։ Իսկապես, ՀՀ աշխատանքային օրենսգրքում սահմանված է սոցիալական գործընկերությունը, սակայն բավականին մակերեսորեն։
Սակայն եկեք ծանոթանանք Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) սահմանմանը
ԻՆՉ Է ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ
Սոցիալական երկխոսությունը, ըստ ԱՄԿ սահմանման, ներառում է կառավարությունների, գործատուների և աշխատողների ներկայացուցիչների (ասել է թե՝ սոցիալական գործընկերների) միջև ցանկացած տիպի բանակցություններ, խորհրդատվություններ և ընդհանրապես ինֆորմացիայի փոխանակում և քննարկումներ՝ կապված տնտեսական և սոցիալական քաղաքականության հետ: Այն կարող է իրականացվել եռակողմ ֆորմատով, որտեղ կառավարությունը պաշտոնական կողմ է հանդիսանում, կամ էլ երկկողմ ֆորմատով (գործատուների կազմակերության և արհմիությունների միջև)՝ կառավարության ոչ ուղղակի մասնակցությամբ կամ առանց դրա: Սոցիալական երկխոսությունը կարող է լինել ոչ ֆորմալ, կամ ինստիտուցիոնալիզացված, կամ էլ ավելի հաճախ՝ այդ երկուսի կոմբինացիայի տեսքով: Այն կարող է տեղի ունենալ համապետական, տարածքային կամ կազմակերպության մակարդակով: Ըստ աշխատանքային մասնագիտացման կարող է լինել ոլորտային, համընդհանուր, կամ դրանց համակցման տեսքով:
Սոցիալական երկխոսության հիմնական նպատակը աշխատանքային աշխարհի շահառուների միջև ժողովրդավարական ներկայացուցչության և կոնսենսուսի ստեծման առաջխաղացումն է: Հաջողված սոցիալական երկխոսության մարմիններն ու պրոցեսները ներուժ ունեն լուծել կարևոր տնտեսական ու սոցիալական խնդիրներ, նպաստել լավ կառավարմանը, պաշտպանել սոցիալական և արդյունաբերական խաղաղությունն ու կայունությունը և ծաղկացնել տնտեսությունը:
Սոցիալական երկխոսությունը հնարավոր դարձնելու պայմաններն են.
• Ուժեղ, անկախ աշխատողների ու գործատուների կազմակերպությունները, որոնք ունեն տեխնիկական ներուժ մուտք գործելու անհրաժեշտ ինֆորմացիային՝ սոցիալական երկխոսությանը մասնակցելու նպատակով
• Բոլոր կողմերի համար քաղաքական կամք և պատրաստակամություն մասնակցելու սոցիալական երկխոսությանը
• Միավորումների ազատության և կոլեկտիվ բանակցությունների հիմնարար իրավունքների նկատմամբ հարգանք և համապատասխան ինստիտուցիոնալ աջակցություն
ՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՐԸ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՄԵՋ
Որպեսզի սոցիալական երկխոսությունը աշխատի, պետությունը չի կարող լինել պասիվ, նույնիսկ եթե այն ուղղակի մասնակից չի հանդիսանում տվյալ պրոցեսում: Պետությունն է պատասխանատու ստեղծել կայուն քաղաքական և քաղաքացիական մթնոլորտ, որը թույլ կտա գործատուների և աշխատողների կազմակերպություններին գործել ազատ և առանց որևէ վախի: Նույնիսկ երկկողմ սոցիալական երկխոսության դեպքում, պետության դերն է տրամադրել ողջ անհրաժեշտ աջակցությունը երկխոսության պրոցեսին՝ ստեղծելով իրավական, ինստիտուցիոնալ և այլ շրջանակներ, որոնք կապահովեն երկխոսության էֆեկտիվությունը:
Pingback: Հանրապետական եռակողմ հանձնաժողովի նիստ. 19 հուլիս, 2018 – Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ֊երի աշխատողների արհմիություն