Հանրապետական եռակողմ հանձնաժողովի նիստ․ 23 մարտ, 2018

Հանրապետական եռակողմ հանձնաժողովի նիստ․ 23 մարտ, 2018

Աշխատանքային օրենսգրքի փոփոխություններ, հանրային ծառայողի օր

Մարտի 23-ին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում նախարար Արտեմ Ասատրյանի նախագահությամբ տեղի ունեցավ հանրապետական եռակողմ հանձնաժողովի նիստը։ Հանձնաժողովի աշխատանքին մասնակցում էր նաև  հանձնաժողովի անդամ Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիության նախագահ Անահիտ Ասատրյանը։ Սոցիալական գործընկերների հանդիպման օրակարգում երկու հարց էր՝ Աշխատանքային օրենսգրքի փոփոխությունների նախագիծը և Հայաստանի պետական հիմնարկների տեղական ինքնակառավարման մարմինների և հանրային ծառայությունների աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության առաջարկը հունիսի 23-ը Հայաստանի Հանրապետությունում հանրային ծառայողի օր ընդունելու մասին։

  Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Թ․Ավետիսյանը ներկայացրեց Աշխատանքային օրենսգրքի փոփոխությունների նախագիծը, որը արդեն բազմիցս քննարկվել էր և եռակողմ ֆորմատով և այլ հարթակներում։ Նախագծի  վերաբերյալ արհմիությունների կողմը ներկայացրել էր առաջարկներ և բազմիցս հայտնել էր իր դիրքորոշումը։

 ՀԱՄԿ-ի նախագահի տեղակալ Բ․ Խարատյանը իր ելույթում նշեց փոփոխությունների այն 8 հոդվածները, որոնց հետ արհմիությունները սկզբունքորեն չեն կարող համաձայնվել, քանի որ դրանք պարունակում են այնպիսի կարգավորումներ, որոնք աշխատողների տեսանկյունից ավելի վատն են քան գործող օրենսդրությամբ սահմանվածները։ Մասնավորապես՝ առաջարկվող փոփոխություններից ՀԱՄԿ-ի համար անընդունելի են ծանր, վնասակար, առանձնապես ծանր և առանձնապես վնասակար աշխատանքների կատարման համար, արտաժամյա և գիշերային աշխատանքի համար հավելումների չափերը  կողմերի համաձայնությամբ սահմանելը, ինչը նշանակում է, որ այդ չափերը կարող են շատ ավելի փոքր սահմանվել, քան սահմանված է ներկայիս օրենսդրությամբ, միաժամանակ չպարտադրելով որևէ միջոցառում՝ վնասակար պայմաններում կատարվող աշխատանքները անհրաժեշտ ապահովագրական միջոցներով ապահովելու համար։ Արհմիության կողմը չի կիսում գործատուների և իշխանությունների այն համոզմունքը, որ աշխատանքային հարաբերությունների կարգավորումները կողմերի համաձայնությանը թողնելով ներդնում են առավել արդյունավետ մեխանիզմներ․ չի՛ կարող լինել արդյունավետ երկու անհավասար կողմերի բանակցությունները, կասկած չկա, որ առկա գործազրկության և աղքատության պայմաններում աշխատող-գործատու հարաբերություններում աշխատողը թույլ կողմն է։

Հատուկ շեշտվեց, որ  պետությունն առաջարկվող փոփոխություններով խուսափում է աշխատանքային հարաբերությունների և աշխատանքի վարձատրության հարցերում իրավիճակի կարգավորման դերակատարումից և պատասխանատվությունից: Մինչդեռ Հայաստանի Հանրապետությունը, լինելով սոցիալական պետություն, պարտավոր է սահմանել և ապահովել մարդկանց սոցիալական պաշտպանվածության և բարեկեցության բարձրացման օրենսդրական երաշխիքները:

%d bloggers like this: