Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի և հասարակական սպասարկման աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության ղեկավար մարմնի՝ խորհրդի հերթական նիստն անցկացվեց մարտի 4-ին:
Նախագահող, ՃՀՄ նախագահ Ա.Ասատրյանն օրակարգի հարցերի շրջանակում ներկայացրեց խորհրդի կազմում տեղի ունեցած փոփոխությունները՝ ճյուղային հանրապետական միության անդամ դարձած ՀՀ ԷԵԲՊՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատողների նորաստեղծ արհեստակցական կազմակերպության նախագահ Մ.Կարապետյանը, ինչպես նաև Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատի աշխատողների արհեստակցական կազմակերպության նորընտիր նախագահ Ա.Ղարիբյանը կանոնադրությամբ սահմանված կարգով համարվեցին ճյուղային արհմիության խորհրդի անդամներ:
Օրակարգում առանցքային հարցը ճյուղային արհմիության նախագահի 2016 թվականին կատարած աշխատանքի մասին հաղորդումն էր: Ա.Ասատրյանը նշեց, որ հաշվետու տարին նկատելի է եղել աշխատողների շահերի պաշտպանությանն ուղղված քայլերով: ՃՀՄ նախագահը խոսքը մասնավորեցրեց պետական ծառայողների սոցփաթեթի հնարավոր կասեցման դեմ ուղղված քայլերով, որոնց շնորհիվ արհմիությանը հաջողվեց պահպանել աշխատողներին տրվող սոցփաթեթի գումարները: Հաջորդ մեծ խնդիրը, ՃՀՄ նախագահի խոսքով, կրճատումներն էին, որոնցից արդեն իսկ տուժել են ՃՀՄ անդամ կազմակերպություններից երկուսը։ Այս առիթով ևս զանգվածային լրատվության միջոցներում եղել են բազմաթիվ հրապարակումներ: Ավելին, պետական աշխատողների կրճատումներին արձագանքել են միջազգային խոշոր երկու արհմիութենական կառույցները (ԵՀԾԱԱԴ և ԱՄՖ)՝ իրենց հերթին համապատասխան գրություններ հղելով ՀՀ կառավարության ղեկավարին։
Իր ելույթում ՃՀՄ նախագահն անդրադարձավ 2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմից հետո արհմիությունների նախաձեռնություններին՝ ՀԱՄԿ-ի և անդամ ճյուղայինների համատեղ զգալի աջակցությանը Արցախի արհմիություններին 3,5 մլն դրամի չափով, երիտթևի կազմակերպած սահմանամերձ զորամաս այցին:
Ա.Ասատրյանն անդրադարձավ հաշվետու տարում արհմիության գործունեությանը հանրապետական եռակողմ մակարդակում, միջազգային ասպարեզում, իրականացված զանգվածային, սպորտային և այլ միջոցառումներին:
Օրակարգային հարցերի շրջանակում խորհուրդը ամփոփեց նաև անդամ կազմակերպությունների նախորդ տարվա վիճակագրական, կոլեկտիվ պայմանագրերի, ֆինանսական տվյալների ամփոփ հաղորդումները, հաստատեց ճյուղային միության բյուջեի կատարման մասին հաշվետվությունը:
Օրակարգից դուրս ևս քննարկվեցին արհմիութենական խնդիրներ: