ՃՀՄ նախագահ Անահիտ Ասատրյանի ելույթը  ​հոկտեմբերի 7-ի կապակցությամբ

ՃՀՄ նախագահ Անահիտ Ասատրյանի ելույթը ​հոկտեմբերի 7-ի կապակցությամբ

Շնորհակալություն բոլորին բարի խոսքերի, շնորհավորանքների համար։ Այո, այսօր հոկտեմբերի 7-ն է, Արժանապատիվ աշխատանքի համար պայքարի օրը: Պատահական չէ, որ մենք որոշեցինք մեր արհմիության 85-ամյակը հենց այսօր նշել։ Արդեն մի քանի տարի է, ինչ մեր արհմիությունը այդ օրը երթի է դուրս գալիս` իշխանությունների ուշադրությունը հրավիրելու արժանապատիվ աշխատանքի կարևորությանը։ Այսօր մենք այս դահլիճում ևս ունենք հնարավորություն մեր դիրքորոշումը արտահայտելու։

 Վերջին տարիներին մեր երկրում ժամանակ առ ժամանակ բողոքի ալիքներ էին բարձրանում տարբեր սոցիալական խնդիրների հետ կապված, մինչև որ այս տարի դա արդեն վերածվեց զինված հարձակման։ Ստեղծված իրավիճակի պատճառները շատ են, սակայն վստահաբար կարող եմ ասել , որ պատճառներից առաջինը իշխանությունների խուսափողական կեցվածքն է  աշխատավոր ժողովրդի ձայնը լսելու հարցում․ ինչ ենք մենք տեսնում սովորաբար ԶԼՄ-ներում՝ գործարարների կամ գործատուների համագումարներ, տարբեր գործարար միջոցառումներ. իշխանության ներկայացուցիչներն անպայման այնտեղ են, նույնիսկ հանրապետության նախագահը, բայց արհմիութենական միջոցառումներին գրեթե չենք տեսնում կառավարության անդամների, էլ չեմ ասում հանրապեության նախագահին: Սա է նրանց վերաբերմունքն աշխատողների հանդեպ։ Նույնը շարունակվում է այսօր, չնայած որ կառավարություն է փոխվել, որը թվում է, թե նպատակ ունի նոր մոտեցումներ ցուցաբերելու։ Բայց դեռ այդ նոր մոտեցումները չենք տեսել, հանդիպումներ բիզնեսի հետ, և ոչ մի հանդիպում սովորական աշխատողների և նրանց ներկայացուցիչների՝ արհմիությունների  հետ։ Իհարկե ինձ կարող են հակադարձնել, որ կա հանրապետական կոլեկտիվ պայմանագիր, դրա հետ կապված գործողությունների ծրագիր: Այո, համաձայն այդ ծրագրի մենք եռակողմ հանդիպումներ ենք ունենում տարին մի քանի անգամ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մոտ, որտեղ քննարկվում են հիմնականում նախարարի առաջարկված հարցերը, բայց ես բոլորովին ուրիշ ձևաչափի մասին են խոսում, ես խոսում եմ պրոֆիլակտիկայի, այլ ոչ թե բուժման մասին, նրա մասին, որ արհմիությունների, հետ քննարկվեն հանրությանը հետաքրքրող խնդիրները, քանի որ միայն արհմիություններն են աշխատողների իրական ներկայացուցիչները։

Հանրապետության բյուջեի մուտքերի 30 տոկոսը ապահովում են հենց աշխատողները իրենց վճարած եկամտային հարկերով։ Դուք գիտեի՞ք դրա մասին։ Այսինքն` հանրապետությունը գոյատևում է մեր վճարած գումարներով և մենք իրավունք ունենք պահանջելու ավելի հարգալից վերաբերմունք մեր հանդեպ, մենք ուզում ենք ունենալ մեր երկրում արժանապատիվ աշխատանք, իսկ աշխատանքի ուզում ենք գնալ արժանավայել հասարակական տրանսպորտով։

 Ես ուզում եմ անդրադառնալ հանրային ծառայության ոլորտին և խոսել  մի արատավոր երևույթի մասին, որը ստեղծվել է մեր երկրում, նրա մասին, որ այսօր կրտսեր և միջին պետական պաշտոններ զբաղեցնող մարդիկ կաշկանդված են ու նույնիսկ վախեցած, և չնայած տարբեր երևույթների մասին խոհանոցային խոսակցություններին, պատրաստ չեն նույնի մասին բացահայտ բարձրաձայնել։ Ավելի վատ բան չկա, քան վախկոտ կամ անտարբեր պետական ծառայողը. այդպիսի աշխատողից, կարծում եմ, օգուտն էլ շատ չի կարող լինել, քանի որ նա չի ուզենա բացահայտել սխալները, նախաձեռնել նորարարություն կամ արդյունավետությունը բարձրացնելու համար դուրս գալ իր պարտականության շրջանակներից:  Իսկ գիտեք՞` ինչպես է կոչվում այն, երբ աշխատողը պարտականություններից առանց շեղվելու դանդաղ աշխատում է կամ էլ ձև է անում, որ աշխատում է. նշածս գործադուլի տեսակ է, որը կոչվում է իտալական և  հաջողությամբ կիրառվում է, օրինակ, Ճապոնիայում կամ Իտալիայում։ Եթե մթնոլորտը չփոխվի,  մի օր կունենանք մշտական գործադուլային վիճակ պետական ծառայության  ոլորտում։ Սա՞ ենք մենք ուզում ունենալ: Հավատացած եմ` ոչ, ուրեմն իշխանությունները պետք է մտածեն սրա շուրջ, մտնոլորտը պետք է փոխվի, իսկ լավ աշխատողները պետք է մոտիվացվեն…

 Կուզենայի երկու բառով անդրադառնալ նաև հանրային ծառայությունները բիզնեսի վերածելու մոտեցմանը, մենք կարծում ենք, որ սա ճիշտ ճանապարհ չէ և մենք դեմ ենք, հանրային ծառայությունները առևտրի առարկա դարձնելուն։ Հանրային ծառայությունների վերջնական նպատակը պետք է լինի որակյալ ծառայություն մատուցելը, այլ ոչ շահույթ ստանալը, հանրային ծառայությունները պահանջում են ներդրումներ, և այդ ներդրումները պետք է արվեն պետության կողմից (հավելյալ արժեք ստեղծելը):

 Մենք շատ ու շատ խնդիրներ ունենք լուծելու արժանապատիվ աշխատանքի հասնելու ճանապարհին։

 Բայց պետք է հասկանանք, որ այդ ամենը բոլորիս է վերաբերում, որ հայրենիքը բոլորինս է և միայն միասնական, որտեղ պետք է իրավունքին տեր կանգնելով, որտեղ պետք է մեր գիտելիքն ու ջանքը ներդնելով, կարող ենք կառուցել մեր երազած երկիրը։

  Նորից շնորհավորում եմ բոլորիս և համոզված եմ, որ մենք կհասնենք նրան ինչին ձգտում ենք։

Discover more from Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիություն

Subscribe now to keep reading and get access to the full archive.

Continue reading