Հանրապետական եռակողմ հանձնաժողովի 2016թ. սեպտեմբերի 24-ին կայացած նիստում հանձնաժողովի անդամների քննարկմանը ներկայացվեց օրակարգով հաստատված երկու հարց` Զբաղվածության կարգավորման 2017 թվականի պետական ծրագրի նախագիծը և ԱՄԿ-Հայաստան համագործակցության «Արժանապատիվ աշխատանք» նոր ծրագրի կազմակերպումը:
Օրակարգի առաջին հարցի առնչությամբ հանձնաժողովի նախագահ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Ա.Ասատրյանը տեղեկացրեց, որ մինչև կառավարության քննարկմանը ներկայացնելը զբաղվածության ծրագիրը պետք է քննարկվի եռակողմ հանձնաժողովում:
Նշենք, որ զբաղվածության կարգավորման պետական ծրագրի նպատակը բնակչության կայուն և արդյունավետ զբաղվածության ապահովման համար պայմանների ստեղծումն է: Այն ուղղված է աշխատաշուկայի լարվածությունը մեղմելուն, զբաղվածության ակտիվ ծրագրերի միջոցով աշխատաշուկայում անմրցունակ անձանց` ըստ առաջնահերթությունների կայուն զբաղվածության ապահովմանը և ինքնազբաղվածության խթանմանը, մասնավորապես՝ հաշմանդամություն ունեցող անձանց, երիտասարդների զբաղվածության մակարդակի բարձրացմանը:
Հարցի առնչությամբ քննարկումներ ծավալվեցին զբաղվածության ոչ արդյունավետ ծրագրերի շուրջ:
Հանձնաժողովի անդամ, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահի տեղակալ Բ.Խարատյանը նկատեց, որ թեև ծրագիրն արդեն իսկ արժանացել է Հանրապետական համաձայնեցման կոմիտեի (կոմիտեի անդամ է նաև ինքը` Բ.Խարատյանը) դրական եզրակացությանը, այնուամենայնիվ, կան մտահոգիչ փաստեր: Մասնավորապես` բնակչության գործազրկության աճը. գործազրկության մակարդակը այլ երկրների համեմատությամբ ՀՀ-ում առանց այն էլ կրկնակի բարձր է: Այս առնչությամբ Բ. Խարատյանն առաջարկեց նոր մոտեցումներ ձևավորել, կիրառել առավելապես հեռանկարային ծրագրեր:
Զբաղվածության կարգավորման 2017թ. ծրագիրն արժանացավ հանձնաժողովի դրական եզրակացությանը:
Օրակարգի հաջորդ հարցով նախարարության ներկայացուցիչը զեկուցեց, որ Աշխատանքի միջազգային կազմակերպության` 2016թ. մայիսին Ժնևում կայացած տարեկան համաժողովին սոցիալական եռակողմ գործընկերության մասնակցության ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել վերսկսել «Արժանապատիվ աշխատանք» ծրագիրը Հայաստանում: Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել «Արժանապատիվ աշխատանք» նոր ծրագրի մշակման աշխատանքային խումբ ստեղծել և արդյունքում մշակված ծրագիրը ներկայացնել սոցիալական գործընկերների քննարկմանը:
Նշված ծրագիրն ունի չորս հիմնական ուղղություններ` պաշտպանվածություն, սոցիալական ապահովություն, սոցիալական պաշտպանություն, աշխատանքային իրավունքներ: Նշված ուղղություներով 2017-2020թթ. ծրագիրը մշակելու համար կձևավորվի եռակողմ աշխատանքային խումբ, որն էլ կներկայացնի համապատասխան առաջարկություններ:
Հանձնաժողովի անդամ, Հայաստանի պետհիմնարկների հանրապետական արհմիության նախագահ Ա.Ասատրյանը, օգտվելով եռակողմ գործընկերների հետ հանդիպման հնարավորությունից, անդրադարձավ պետական աշխատողներին տրվող սոցփաթեթի 2017-2019 թվականների միջնաժամկետ ծրագրում «հանգստի բաղադրիչի» կասեցման վերաբերյալ Հովիկ Աբրահամյանի հնչեցրած հայտարարության կապակցությամբ ճյուղային արհմիության` վարչապետին ուղղված գրությանը: Սոցփաթեթի կասեցումը լայն արձագանք է ստացել արհմիության անդամների շրջանում: Մինչդեռ ՀՀ ԱՍՀՆ տեղակալի պատասխան գրությունը չուներ պատասխան բովանդակություն` սոցփաթեթը կասեցվելու է, թե: ՃՀՄ նախագահն ակնկալեց արհմիության գրությունների պատասխանների առավել հստակ ձևակերպում, քանզի պատասխանները տարածվում են արհմիության բոլոր շահագրգիռ անդամների շրջանում:
Նիստի ավարտին Անահիտ Ասատրյանը նիստին ներկա գործընկերներին հրավիրեց պետհիմնարկների արհմիության 85-ամյակին նվիրված հանդիսավոր նիստին: