2015 թվականի դեկտեմբերի 24-ին կայացավ Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի և հասարակական սպասարկման աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահության հերթական նիստը, որին մասնակցում էին նաև ՃՀՄ խորհրդի անդամներ, երիտասարդական թևի ներկայացուցիչներ:
Տարեվերջյան նիստում նախագահության անդամները համապատասխան որոշումներով բավարար համարեցին ՃՀՄ-ի 2015-ի աշխատանքային պլանի կատարումը, հաստատեցին 2016 թվականի աշխատանքային պլանը, քննարկեցին և հաստատեցին նաև գալիք տարում ՃՀՄ-ի եկամուտների և ծախսերի նախահաշիվը:
Օրակարգային հարցերի շրջանակում ՃՀՄ նախագահ Ա.Ասատրյանը ներկաներին տեղեկություն հաղորդեց նաև Պետական հիմնարկների և հասարակական սպասարկման աշխատողների արհմիությունների միջազգային ֆեդեացիայի խորհրդի` Լատվիայի Հանրապետության մայրաքաղաքում օրերս կայացած նիստի մասին, որտեղ ՃՀՄ նախագահը` որպես ԱՄՖ խորհրդի անդամ, ներկայացրել է մեր երկրի արհմիության խնդիրները:
Նախագահության մեկ այլ որոշմամբ ՃՀՄ պատվոգրերով կպարգևատրվեն ՀՀ ազգային վիճակագրական ծառայության և Հայաստանի պատմության թանգարանի արհմիության անդամներ` որպես խրախուսում արհմիութենական ակտիվ աշխատանքների համար:
ՃՀՄ նախագահը ներկայացրեց նիստին ներկա, ՀՀ կառավարության աշխատակազմի «Սպասարկում» ՊՈԱԿ-ի աշխատողների արհեստակցական կազմակերպության նորընտիր նախագահ Գեորգի Հարությունյանին, ով, ինչպես նաև «Լուսանշան» ՊՈԱԿ-ի աշխատողների արհեստակցական կազմակերպության նորընտիր նախագահ Էդուարդ Մխիթարյանը ՃՀՄ կանոնադրությամբ սահմանված կարգով համարվեցին ճյուղային արհմիության խորհրդի անդամներ:
ՃՀՄ նախագահը ներկայացրեց նաև անցնող տարվա ընթացքում երիտասարդական թևի ներկայացուցիչների կողմից մշակված առաջիկա երեք տարիների ռազմավարական ծրագիրն ու միջոցառումների պլանը 2016 թվականի համար. նիստին ներկա երիտասարդներն իրենց հերթին հնարավորություն ունեցան մանրամասնելու իրենց նախատեսած միջոցառումները: Նախագահության անդամները ողջունեցին երիտասարդների մտահղացումները և մաղթեցին հաջողություններ նրանց ձեռնարկումներում:
Նախագահության որոշմամբ ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատողների արհեստակցական կազմակերպության նախագահ, ՃՀՄ նախագահության անդամ Արտաշես Հովհաննիսյանը ներկայացվեց ՀԱՄԿ-ի պատվոգրով պարգևատրման` արհմիութենական երկարամյա ակտիվ աշխատանքի, ճյուղային արհմիության կողմից ձեռնարկված բոլոր միջոցառումներին` մասնավորապես` երիտասարդական թևի ստեղծմանը, միջազգային կապերի ամրապնդմանը, զանգվածային միջոցառումների կազմակերպմանը ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար:
Օրակարգից դուրս ընդլայնված նիստի մասնակիցները քննարկեցին այլ հարցեր ևս:
Նիստի ավարտին ՃՀՄ նախագահը ամանորյա հաջողության մաղթանքներ հղեց բոլորին, հնչեցին փոխադարձ շնորհավորանքներ: