ՊԵՏՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՇԱԽՄԱՏԱՍԵՐ ԱՐՀՄԻՈՒԹԵՆԱԿԱՆՆԵՐԻՆ ԱՅՍ ԱՆԳԱՄ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵՑ ՄԱԼԱԹԻԱ-ՍԵԲԱՍՏԻԱՅԻ ՇԱԽՄԱՏԻ ԴՊՐՈՑԸ

ՊԵՏՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՇԱԽՄԱՏԱՍԵՐ ԱՐՀՄԻՈՒԹԵՆԱԿԱՆՆԵՐԻՆ ԱՅՍ ԱՆԳԱՄ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵՑ ՄԱԼԱԹԻԱ-ՍԵԲԱՍՏԻԱՅԻ ՇԱԽՄԱՏԻ ԴՊՐՈՑԸ

​​Ճյուղային հանրապետական միության կազմակերպած շախմատի երրորդ առաջնությունն անցկացվեց նոյեմբերի 21-ին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի շախմատի դպրոցում: Շախմատի խաղատախտակների առջև իրենց ուժերը չափեցին ճյուղային արհմիության անդամ ինը կազմակերպությունների թիմեր` ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի, Երևանի քաղաքապետարանի, Շենգավիթ, Մալաթիա-Սեբաստիա, Արաբկիր վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի, «ՀՀ զբաղվածության պետական ծառայություն» գործակալության, ՀՀ ազգային վիճակագրական ծառայության, ՀՀ կառավարության աշխատակազմի «Սպասարկում» ՊՈԱԿ-ի, Խարբերդի մասնագիտացված մանկատան աշխատողների արհեստակցական կամակերպությունների թիմերը:

           Առաջնության մասնակիցներին ողջունեց ու հաղթական տրամադրություն մաղթեց Հայաստանի պետհիմնարկների հանրապետական արհմիության նախագահ Ա.Ասատրյանը:

           Թիմային մրցապայքարի արդյունքում հանրապետական արհմիության գավաթին արժանացավ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության արհմիության թիմը: Արծաթե և բրոնզե մեդալակիրներ դարձան համապատասխանաբար ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի աշխատողների արհմիությունների թիմերը:

           Անհատական ցուցանիշներով լավագույն ցուցանիշը` 8,5 միավոր, Սարգիս Մելքոնյանինն էր` Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմից, ով ևս պարգևատրվեց ճյուղային արհմիության գավաթով, անհատական հաշվով լավագույն երկրորդ ցուցանիշը Հայկ Կոշեցյանինն էր` դարձյալ 8,5 միավոր, ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, 8 միավորով բրոնզե մեդալակիր դարձավ Հակոբ Մեջբարյանը` Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմից:

           Առաջնությանը մասնակցած բոլոր թիմերը խրախուսվեցին ճյուղային հանրապետական միության դիպլոմներով և հուշանվերներով:

           Միջոցառման ավարտին ՃՀՄ նախագահը շնորհակալություն հայտնեց Մալաթիա-Սեբաստիայի դպրոցի տնօրինությանը շախմատասեր արհմիութենականներին 2015-ին նշված դպրոցում հյուրընկալելու համար, մասնակիցներին էլ հորդորեց նման ակտիվություն ցուցաբերել ՃՀՄ-ի բոլոր միջոցառումներին:

           Մասնակիցներն իրենց հերթին շնորհակալ եղան միջոցառման կազմակերպիչ Հայաստանի պետհիմնարկների արհմիությանը և միջոցառման վարողներներին` հյուրընկալ դպրոցի տնօրեն Լ.Բաբուջյանին և փոխտնօրեն Ա.Անդրեասյանին:

           Շնորհավորում ենք հաղթողներին և բոլոր մասնակիցներին:

%d bloggers like this: