Հանրապետական եռակողմ հանձնաժողովի նիստ. 18 սեպտեմբեր, 2015

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի նախագահությամբ սեպտեմբերի  18-ին կայացել է օգոստոսի 1-ին կնքված Հանրապետական կոլեկտիվ պայմանագրին համապատասխան ձևավորված նոր կազմով Հանրապետական եռակողմ հանձնաժողովի առաջին   նիստը:

Նիստի օրակարգում ընդգրկված հիմնական հարցերը վերաբերել  են զբաղվածության կարգավորման 2016 թվականի պետական ծրագրի նախագծի, Հանրապետական եռակողմ հանձնաժողովի աշխատակարգի և Հանրապետական կոլեկտիվ պայմանագրի կիրարկումն ապահովելու նպատակով գործողությունների ծրագրի մշակման աշխատանքների ներկայացմանը:

Նախարար Արտեմ Ասատրյանը, մեծապես կարևորելով սոցիալական գործընկերության նշանակությունը ոլորտում իրականացվող բարեփոխումների գործընթացում՝ հորդորել է գործընկեր կազմակերպություններին  ակտիվ լինել և համատեղ ուժերով նպաստել իրականացվող աշխատանքների արդյունավետության բարձրացմանը:

Նիստի ընթացքում  ներկայացվել և քննարկվել է    Հանրապետական եռակողմ հանձնաժողովի աշխատակարգի նախագիծը, որը հաստատվել է հնչեցված ու համաձայնեցված առաջարկություններին համապատասխան:  

Նիստին ներկայացվել է Զբաղվածության կարգավորման 2016 թվականի պետական ծրագրի նախագիծը:

Ամենամյա ծրագրի նպատակը բնակչության կայուն և արդյունավետ զբաղվածության ապահովման համար պայմանների ստեղծումն է: Այն ուղղված է աշխա­տաշուկայի լարվածությունը մեղմելուն, զբաղվածության ակտիվ ծրագրերի միջոցով աշխատաշուկայում անմրցունակ անձանց` ըստ առաջնահերթությունների կայուն զբաղվածության և ինքնազբաղվածության խթանմանը, աշխատանք փնտրողների, հատկապես` հաշմանդամություն ունեցող անձանց  զբաղվածության մակարդակի բարձրացմանը, գործատուների կողմից ներկայացված թափուր աշխատատեղերը որակյալ մասնագետներով համալրելուն, ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրման շրջանակներում աշխատաշուկայում անմրցունակ խմբերի արդյունավետ և կայուն զբաղվածության ապահովմանը:

Զբաղվածության կարգավորման 2016թ. պետական ծրագրի նախագծում ներկայացված են զբաղվածության իրավիճակային վերլուծության ամփոփ արդյունքները, զբաղվածության պետական կարգավորման ոլորտի համար առանձնացված են մի շարք հիմնախնդիրներ, որոնց լուծմանն են միտված զբաղվածության կարգավորման թվով 11 պետական ակտիվ ծրագրերն ու ծառայությունները: Միաժամանակ համառոտ ներկայացվել են զբաղվածության ծրագրերն ու ծառայությունները:

Զբաղվածության ծրագրերի շրջանակներում քննարկվել են նաև գործընկերների առաջարկություններն ու դիտողությունները: Մասնավորապես,  առաջ է քաշվել և քննարկվել ընտանեկան բիզնեսին վերաբերող հարցերը զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրում ներառելու հարցը: