Արհմիության առաջարկները ներքաղաքային ուղևորափոխադրումների սակագնի ձևավորման հանձնաժողովին

Հայաստանի պետական հիմնարկների, ՏԻՄ-երի և հասարակական սպասարկման աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական արհմիությունը համաձայն է հանձնաժողովի կողմից հաստատված չափորոշիչների ցանկացած փոփոխության, որը թույլ կտա անվտանգ տեղափոխել ուղևորներին հաշվարկվածից ավելի ցածր գնով: 

Խնդրում ենք հաշվի առնել նաև, որ միջազգային խորհրդատուի կողմից ուսումնասիրությունները կատարվել են 2013 թվականի դեկտեմբեր ամսին, որը աննախադեպ ցուրտ ամիս էր, և հաշվարկված ուղևորների քանակը պակաս է եղել սովորականից: 

Միաժամանակ կուզեինք նշել, որ հանձնաժողովի ստեղծումից առ այսօր քաղաքային տրանսպորտի աշխատանքում չի կատարվել տեսանելի փոփոխություն, ինչը ցույց տվեց նաև միջազգային խորհրդատուի կողմից ուղևորատրանսպորտի վերաբերյալ իրականացված ուսումնասիրությունը, որը փաստեց, որ ներկայիս ուղևորափոխադրումը աշխատում է 15 տոկոս շահութաբերությամբ: Գտնում ենք, որ մինչև չկատարվեն տրանսպորտի աշխատանքի բարելավման` քաղաքացիների համար տեսանելի փոփոխություններ, այն է` ժամանում համաձայն չվացուցակի, սանիտարական պատշաճ վիճակ, տոմսերի վաճառքի ընդունելի համակարգ, ուղեվարձի գնի բարձրացումը անթուլատրելի է և չի ընդունվի հասարակության կողմից: 

Առաջարկում ենք նաև գների փոփոխման դեպքում անփոփոխ թողնել տրանսպորտով երթևեկելու գինը դպրոցականների, ուսանողների, կենսաթոշակառուների և գործազուրկների համար: 

Թույլ տվեք հայտնել նաև մեր արհմիության դիրքորոշումը քաղաքային տրանսպորտը բիզնեսի վերածելու վերաբերյալ. գտնում ենք, որ տրանսպորտի գերագույն նպատակն է հասարակության պատշաճ սպասարկումը, այլ ոչ թե շահույթ ստանալը, այդ իսկ պատճառով համարում ենք, որ քաղաքային տրանսպորտը կարող է լինել քաղաքապետարանի կողմից սուբսիդացվող ճյուղ: 

Կից ներկայացնում ենք ի գիտություն Հասարակական Սպասարկման Ինտերնացիոնալի (PSI) հետազոտող խմբի հաշվետվությունը Եվրոպայում հասարակական սպասարկման իրականացման մասին: