ՀԱՄԿ-ը ընդդեմ պարտադիր կենսաթոշակային կուտակային համակարգի

ՀԱՄԿ-ը ընդդեմ պարտադիր կենսաթոշակային կուտակային համակարգի

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Է. Թումասյանը դիմել է Հայաստանի նախագահին՝ կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ: Նամակում մասնավորապես ասվում է՝

«Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքը, որը գործողության մեջ է մտնում 2014 թվականից, ընդունվել է իրավական ակտերի խախտումներով: Մասնավորապես, խախտվել են ՀՀ Սահմանադրության 8-րդ, 31-րդ և Քաղաքացիական օրենսգրքի հոդվածների պահանջները: Համաձայն հիշյալ իրավական ակտերի խախտվել են սեփականության ճանաչման և պաշտպանման իրավունքները, ինչպես նաև սեփականությունը անձի կողմից իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու, տնօրինելու և կուտակելու իր իրավունքը: Բացի դրանից, գտնում ենք , որ տվյալ օրենքի ընդունումը ժամանակավրեպ է, քանի որ Հայաստանում կա սոցիալական լարվածություն: Օրենքը ընդունելիս հաշվի չի առնվել բնակչության կենսաապահովնման նվազագույն պահանջները: Հանրապետությունում սահմանված չէ նվազագույն աշխատավարձի որոշման մեխանիզմը, ընդունված չէ կենսաապահովման նվազագույն սպառողական զամբյուղի կազմն ու կառուցվածքը, ինչը ըստ ՙԿենսաապահովման նվազագույն զամբյուղի և կենսաապահովման նվազագույն բյուջեի մասին՚ ՀՀ օրենքի հիմք պետք է հանդիսանա նվազագույն աշխատավարձի, կենսաթոշակների, կրթաթոշակների, ինչպես նաև սոցիալական այլ վճարների համար: Ստեղծված սոցիալ-տնտեսական պայմաններում, երբ Հանրապետությունում միջին աշխատավարձը չի ապահովում նույնիսկ աշխատողի և իր ընտանիքի բավարար կենսամակարդակը, որի իրավունքը վերապահված է ՀՀ Սահմանադրության 34-րդ հոդվածով, աշխատավարձից 5 տոկոսի պարտադիր հատկացումը աշխատողի համար շոշափելի գումար է կազմում: Ի դեպ նշենք, որ ոչ մի օրենսդրական ակտով չի սահմանված բավարար կենսամակարդակի հասկացությունը, չնայած այն հանգամանքի , որ ՙԿենսաապահովման նվազագույն զամբյուղի և կենսաապահովման նվազագույն բյուջեի մասին՚ ՀՀ օրենքը ընդունվել է դեռ 2004 թվականին և մինչ օրս չի գործում: Չի իրականացվել նաև ՀՀ աշխատանքային օրենսգրքի 182-րդ հոդվածի պահանջը` աշխատավարձի ինդեքսավորումը օրենսդրությամբ սահմանված կարգով կատարելու մասին դրույթը, որը ՙՀՀ Աշխատանքային օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին՚ ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի համաձայն պետք է կատարվեր մինչև 2006թ. հունիս ամիսը: Հաշվի առնելով աշխատողների անվստահությունը ներդրվող համակարգի նկատմամբ, ակնկալում ենք Ձեր միջամտությունը օրենքի գործողությունը հետաձգելու համար, ինչը թույլ կտա անցկացնել հանրային և մասնագիտական լայն քննարկումներ, անհրաժեշտության դեպքում կատարել օրենսդրության համապատասխան փոփոխություններ, համակարգը ընդունելի դարձնելու համար: 

ՀԱՐԳԱՆՔՈՎ`       ԷԴՈՒԱՐԴ ԹՈՒՄԱՍՅԱՆ                ՀԱՄԿ-ի ՆԱԽԱԳԱՀ

%d bloggers like this: