Արհմիությունները դեմ են գործազրկության նպաստի վերացմանը

Արհմիությունները դեմ են գործազրկության նպաստի վերացմանը

ՀԱՄԿ-ի (Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիա) նախագահ Էդուարդ Թումասյանը դիմել է նամակով ՀՀ ազգային ժողովի նախագահին “Զբաղվածության մասին” ՀՀ օրենքի նախագծով գործազրկության նպաստը   ներառելու առաջարկով: Նամակում մասնավորապես ասվում է.

«2013թ. հոկտեմբերին Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովը հինգերորդ գումարման չորրորդ նստաշրջանի քառօրյա նիստերում քննարկել և առաջին ընթերցմամբ ընդունել է «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի լրամշակված նախագիծը: Այդ նախագծով գործազուրկի կարգավիճակում հայտնված քաղաքացիների համար գործազրկության նպաստի վճարում նախատեսված չէ, ինչը  չի համապատասխանում ՀՀ Սահմանադրությանը:

Մինչև Ազգային ժողով ներկայացնելը ՀՀ կառավարության կողմից շրջանառության մեջ դրված «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքի նախագծով երաշխավորված էր գործազրկության նպաստի հատկացումը և նշանակման պայմանները, ինչը արտացոլված էր գլուխ 7-ում: Նախագծի գլուխ 7-ի 9 հոդվածներից 8-ը, որտեղ ներառված էին գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության երաշխիքները, գործազրկության նպաստի նշանակման պայմանները, ինչպես նաև նպաստի վճարման կարգը ՀՀ կառավարության կողմից հանվել են:

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մեկնաբանությունների` «ՀՀ Սահմանադրությամբ Հայաստանը հռչակված է որպես սոցիալական պետություն, և այդ կարևորագույն սահմանադրական բնութագրից բխում են պետության մի շարք պարտավորություններ, այդ թվում` սոցիալական աջակցություն ցուցաբերել իր քաղաքացիներին, ովքեր դրա կարիքն ունեն:

Սոցիալական պետության հիմնական խնդիրներից է` իրականացնել այնպիսի սոցիալական քաղաքականություն, որը կապահովի հանրության յուրաքանչյուր անդամի համար բավարար կենսամակարդակ, այդ թվում` բոլոր այն դեպքերում, երբ անձն իրենից անկախ պատճառներով անկարող է աշխատել: Այդպիսի սոցիալական քաղաքականությունը ենթադրում է սոցիալական ապահովման արդյունավետ համակարգի կազմակերպում, որն առաջին հերթին կներառի պետության կողմից իրականացվող  համալիր միջոցառումներ` ուղղված քաղաքացիների սոցիալական ապահովմանը և սպասարկմանը` կյանքի տարբեր իրավիճակներում, երբ որ քաղաքացիներն անկարող են իրենց աշխատանքով ստանալ եկամուտ կամ վարձատրվել` ապահովելով իրենց կենսամակարդակը: Սոցիալական ապահովությունը պետության կողմից այն մարդկանց մատուցվող գոյության բավարար միջոցների քանակն է, որոնք լրիվ կամ մասնակի զրկված են աշխատելու և եկամուտ ստանալու հնարավորությունից:

Սոցիալական ապահովության իրավունքը Սահմանադրությունը երաշխավորվում է ծերության, հաշմանդամության, հիվանդության, կերակրողին կորցնելու և գործազրկության դեպքերում:

Սոցիալական ապահովության ծավալն ու ձևերը սահմանվում են օրենքով:

Հայաստանում սոցիալական ապահովության հիմնական ձևերն են` կենսաթոշակները, նպաստները, տարբեր սոցիալական ծառայությունները:

Ելնելով վերը շարադրվածից, առաջարկվում է «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքի նախագծում ներառել նաև գործազրկության նպաստի նշանակման և վճարման կարգն ու պայմանները` համապատասխան ՀՀ Սահմանադրության պահանջներին»։

%d bloggers like this: