ՀԱՄԿ-ի (Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիա) նախագահ Էդուարդ Թումասյանը դիմել է նամակով ՀՀ ազգային ժողովի նախագահին “Զբաղվածության մասին” ՀՀ օրենքի նախագծով գործազրկության նպաստը ներառելու առաջարկով: Նամակում մասնավորապես ասվում է.
«2013թ. հոկտեմբերին Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովը հինգերորդ գումարման չորրորդ նստաշրջանի քառօրյա նիստերում քննարկել և առաջին ընթերցմամբ ընդունել է «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի լրամշակված նախագիծը: Այդ նախագծով գործազուրկի կարգավիճակում հայտնված քաղաքացիների համար գործազրկության նպաստի վճարում նախատեսված չէ, ինչը չի համապատասխանում ՀՀ Սահմանադրությանը:
Մինչև Ազգային ժողով ներկայացնելը ՀՀ կառավարության կողմից շրջանառության մեջ դրված «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքի նախագծով երաշխավորված էր գործազրկության նպաստի հատկացումը և նշանակման պայմանները, ինչը արտացոլված էր գլուխ 7-ում: Նախագծի գլուխ 7-ի 9 հոդվածներից 8-ը, որտեղ ներառված էին գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության երաշխիքները, գործազրկության նպաստի նշանակման պայմանները, ինչպես նաև նպաստի վճարման կարգը ՀՀ կառավարության կողմից հանվել են:
Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մեկնաբանությունների` «ՀՀ Սահմանադրությամբ Հայաստանը հռչակված է որպես սոցիալական պետություն, և այդ կարևորագույն սահմանադրական բնութագրից բխում են պետության մի շարք պարտավորություններ, այդ թվում` սոցիալական աջակցություն ցուցաբերել իր քաղաքացիներին, ովքեր դրա կարիքն ունեն:
Սոցիալական պետության հիմնական խնդիրներից է` իրականացնել այնպիսի սոցիալական քաղաքականություն, որը կապահովի հանրության յուրաքանչյուր անդամի համար բավարար կենսամակարդակ, այդ թվում` բոլոր այն դեպքերում, երբ անձն իրենից անկախ պատճառներով անկարող է աշխատել: Այդպիսի սոցիալական քաղաքականությունը ենթադրում է սոցիալական ապահովման արդյունավետ համակարգի կազմակերպում, որն առաջին հերթին կներառի պետության կողմից իրականացվող համալիր միջոցառումներ` ուղղված քաղաքացիների սոցիալական ապահովմանը և սպասարկմանը` կյանքի տարբեր իրավիճակներում, երբ որ քաղաքացիներն անկարող են իրենց աշխատանքով ստանալ եկամուտ կամ վարձատրվել` ապահովելով իրենց կենսամակարդակը: Սոցիալական ապահովությունը պետության կողմից այն մարդկանց մատուցվող գոյության բավարար միջոցների քանակն է, որոնք լրիվ կամ մասնակի զրկված են աշխատելու և եկամուտ ստանալու հնարավորությունից:
Սոցիալական ապահովության իրավունքը Սահմանադրությունը երաշխավորվում է ծերության, հաշմանդամության, հիվանդության, կերակրողին կորցնելու և գործազրկության դեպքերում:
Սոցիալական ապահովության ծավալն ու ձևերը սահմանվում են օրենքով:
Հայաստանում սոցիալական ապահովության հիմնական ձևերն են` կենսաթոշակները, նպաստները, տարբեր սոցիալական ծառայությունները:
Ելնելով վերը շարադրվածից, առաջարկվում է «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքի նախագծում ներառել նաև գործազրկության նպաստի նշանակման և վճարման կարգն ու պայմանները` համապատասխան ՀՀ Սահմանադրության պահանջներին»։