ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ
ՈՐՈՇՈՒՄ
4721-Ա, 24 սեպտեմբերի 2013թ.
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 57-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, ինչպես նաև Երևանի քաղաքապետի 2013 թվականի հուլիսի 25-ի NN 3722-Ա և 3723-Ա որոշումների կատարումն ապահովելու նպատակով.
1. Ստեղծել հանձնաժողով` համաձայն հավելվածի:
2. Հանձնաժողովի նախագահին ապահովել.
1) Երևանի ներքաղաքային ուղևորափոխադրումների վարձի ձևավորման, այդ թվում` չափորոշիչների, հաշվարկների և դրանց առնչվող այլ հարցերի, ինչպես նաև վարձի կիրառման մեխանիզմների քննարկումը.
2) խնդրի առնչությամբ հասարակությանը հուզող հարցերի վերաբերյալ համակողմանի և լիարժեք տեղեկատվության տրամադրումը.
3) քննարկման արդյունքներով համապատասխան առաջարկությունների ներկայացումը Երևանի քաղաքապետին:
3. Սահմանել, որ.
1) հանձնաժողովի առաջին նիստը գումարվում է սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` 5 աշխատանքային օրվա ընթացքում, իսկ հաջորդ նիստերը` ըստ անհրաժեշտության.
2) հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա են անդամների առնվազն կեսը.
3) քննարկվող հարցերի շուրջ հանձնաժողովի որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ` ներկա մասնակիցների ձայների մեծամասնությամբ:
4. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել հանձնաժողովի նախագահի վրա:
5. Սույն որոշման կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետը: