Ս.թ. մարտի 30-ին ՃՀՄ նախագահության որոշմամբ «Արենա բոուլինգ» սրահում կազմակերպվեց բոուլինգի մրցույթ Երևան քաղաքի անդամ կազմակերպությունների միջև` արհմիության անդամակցության մոտիվացիան բարձրացնելու, առողջ ապրելակերպ քարոզելու և արհմիութենական կոլեկտիվներին համախմբելու նպատակով: Մրցում էին 12 կազմակերպությունների թիմեր: Ձևավորվեց ժյուրիի կազմը` Երևանի քաղաքապետարանի աշխատողների արհեստակցական կազմակերպության նախագահ Ջ. Գրիգորյան, Հայաստանի պատմության թանգարանի աշխատողների արհեստակցական կազմակերպության նախագահ Մ. Կիրակոսյան, Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի աշխատողների արհեստակցական կազմակերպության նախագահ Մ. Մկրտչյան:
Բուռն մրցապայքարի արդյունքում կազմակերպությունների մեջ հաղթող ճանաչվեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության թիմը, 2-րդ և 3-րդ տեղերն զբաղեցրին համապատասխանաբար Հայաստանի պատմության թանգարանի և Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի թիմերը: ՀՀ էկոնոմիկայի նախարարության թիմի 6 մասնակիցները հնարավորություն ստացան իրենց 2-օրյա անվճար հանգիստը Ծաղկաձորի «Ռիպա» առողջարանում անցկացնելու: 2-րդ տեղը գրաված Հայաստանի պատմության թանգարանի թիմը հնարավորություն ստացավ սրահում 1 ժամ անվճար բոուլինգ խաղալու, իսկ 3-րդ տեղը գրաված թիմը` նույն տեղում 1 ժամ անվճար բիլիարդ խաղալու: Լավագույն խաղացող ճանաչվեց Ալբերտ Բադալյանը` ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից, ում ևս «Ռիպա» առողջարանում 2-օրյա հանգստի հնարավորություն տրվեց (2 անձի համար), 2-րդ տեղում Արտակ Սիմոնյանն էր` «ՀՀ զբաղվածության պետական ծառայություն» գործակալությունից, 3-րդում` Արմինե Թոքմաջյանը` Երևանի քաղաքապետարանից: Հաղթողներին տրվեցին համապատասխան դիպլոմներ: Ժյուրիի որոշմամբ «Կազմակերպված թիմ» դիպլոմին արժանացավ Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի թիմը, իսկ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության թիմի աղջիկներն արժանացան «Ամենահմայիչ թիմ» դիպլոմին: Մասնակից թիմերին տրվեցին դիպլոմներ մասնակցության համար: