Տեղեկանք Վարդավանք համայնքում կատարված ուսումնասիրության մասին

Տեղեկանք Վարդավանք համայնքում կատարված ուսումնասիրության մասին

2009թ. հոկտեմբերի 22-ին Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի և հասարակական սպասարկման աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ Ե.Հակոբովան և ՃՀՄ աշխատանքի պաշտպանության գլխավոր մասնագետ Ա.Ասատրյանը այցելեցին Կապանի տարածքի Վարդավանք համայնքը /հին անվանումը Վերին Գյոդաքլու, իսկ ըստ ճանապարհային ցուցանակի Գետակ/ համայնքի արհմիության անդամների աշխատանքային պայմանները ուսումնասիրելու նպատակով: Ոսումննասիրության արդյունքում պարզվեց, որ 124 բնակիչներից գյուղում մշտական բնակվում են 88-ը: Համայնքի ղեկավարն է Գարեգին Կոստանդյանը: Գյուղապետարանի աշխատողները 4 են: Գյուղապետարանը զբաղեցնում է ակումբին հարակից փոքրիկ սենյակ: Ակումբի շենքը  գտնվում է վթարային վիճակում: Շենքի դիրքն այնպիսին է` այն տեղակայված է սարալանջին, որ անձրևաջրերը հավաքվում են նրա տակ և քանդում են շենքի հիմքը և փայտե հատակը` փաստորեն գյուղապետը և աշխատակիցները աշխատատեղ չունեն: Ակումբը նույնպես չի գործում:

Համայնքի բյուջեն կազմում է 380000 դրամ, որը ՀՀ կառավարության կողմից տրվող 2 մլն. դոտացիայի հետ միասին բավարարում է միայն աշխատողներին աշխատավարձ վճարելուն:

Համայնքապետը առաջարկ էր ներկայացրել մարզպետարան, գյուղում եղած շենքերից մեկը, որը բավականին մեծ է և ընդլայնելու հնարավորություններ ունի /նկարը կցվում է/, նորոգվի և այնտեղ տեղավորվի համայնքի կենտրոնը` գյուղապետարան, կենցաղի տուն, գրադարան, խաղասենյակ, սակայն այդ հարցը լուծում չի ստացել:

Նշեմ, որ ճանապարհը Կապանից դեպի Վարդավանք անցնում է  Սյունիք համայնքով, որը Վարդավանքից 7 կմ հեռավորության վրա է գտնվում, սակայն ճանապարհի այդ հատվածը, որը կենսական և ստրատեգիական նշանակություն  ունի գտնվում է խիստ վթարային և անմխիթար վիճակում` ինչի պատճառով էլ երթուղային տրանսպորտ չի գործում: Փաստորեն գյուղը կտրված է մոտակա համայնքներից և Կապանից:

Դպրոցի շենքը գտնվում է վթարային վիճակում: Հատակը փթել է և քանդվել, առաստաղը կախվել է, դասարանները տաքացվում են մետաղյա թիթեղներից պատրաստված վառարաններով, որոնք մնացել են խորհրդային ժամանակներից,  մաշված են և տեղ-տեղ ծակ, ինչի հետևաքով դասասենյակները լցվում են ծխով, և երեխաները ամբողջ օրը շնչում են այդ ծուխը: Դպրոցում սովորում են ընդամենը 6 աշակերտ: Դպրոցը չունի կոյուղի, ջուր չկա, զուգարանը գտնվում է դրսում մետաղաթիթեղյա խցիկում: Երեխաները նույնիսկ զուգարանից հետո լվացվելու հնարավորություն չունեն, ինչը հանգեցնում է հակասանիտարական վիճակի: Դպրոցի տնօրեն Համլետ Թորոսյանը տեղեկացրեց, որ մոտակա գյուղում նույնպես կա դպրոց, որտեղ սովորում են 3 աշակերտ: Եթե լուծվեր երթուղային տրանսպորտի խնդիրը, ապա նպատակահարմար կլիներ դպրոցները միավորել: Երթուղայինփոխադրամիջոցների բացակայության պատճառով ուսուցիչները Կապանից մեծ դժվարությամբ են գալիս դպրոց: Աշակերտային տարիքի մնացած երեխաները դպրոցի վատ պայմանների պատճառով ստիպված հաճախում են Կապանի դպրոցը:

Այդ գեղատեսիլ և ստրատեգիական նշանակություն ունեցող վայրից բնակիչները ստիպված տեղափոխվում են,  քանդելով իրենց տները, որպեսզի վաճառեն գոնե քարերը:

Գյուղում կան երիտասարդ ընտանիքներ, սակայն չկա մանկապարտեզ:

Տարածքում  կաթի գործարանի բացակայության պատճառով գյուղացիները կաթը ստիպված  վաճառում են վերավաճառողների: Շատերը գերադասում են վաճառել անասունները և որպես կարիքավոր` նպաստ ստանալ պետությունից:

Discover more from Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիություն

Subscribe now to keep reading and get access to the full archive.

Continue reading