Մարտի 8-ը ոչ միայն տոն է, այլ նաև պայքարի օր․ պայքար հանուն հավասար աշխատանքի, արժանապատիվ վարձատրության և աշխատավայրում խտրականությունից զերծ լինելու։
Այսօր էլ կանայք պետական և համայնքային ծառայություններում շարունակում են բախվել կարիերայի զարգացման սահմանափակումների ու ոչ բավարար սոցիալական պաշտպանվածության։ Շատերն աշխատում են թերֆինանսավորված, ծանրաբեռնված համակարգերում՝ առանց համապատասխան վարձատրության և երաշխիքների։
Միևնույն ժամանակ, մենք չենք կարող անտեսել պատերազմից տուժած և բռնի տեղահանված կանանց խնդիրները, ովքեր ստիպված են վերակառուցել իրենց կյանքը՝ հաճախ զրկված լինելով սոցիալական երաշխիքներից և արժանապատիվ աշխատանքի հնարավորություններից։ Նրանց սոցիալական և աշխատանքային իրավունքների պաշտպանությունը պետք է լինի իշխանությունների առաջնահերթություններից։
Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիությունը միանում է միջազգային գործընկեր արհմիությունների պահանջներին՝ կոչ անելով իշխանություններին․
• Առաջ տանել գենդերային հավասարության քաղաքականությունները հանրային ծառայությունների ոլորտում,
• Մեծացնել պետական հատվածում ներդրումները՝ ստեղծելով ավելի լավ պայմաններ բոլոր աշխատողների, այդ թվում՝ կանանց համար։
Կանանց աշխատանքը չի կարող անտեսվել, թերագնահատվել կամ էժան վճարվել։ Հավասար աշխատավարձն ու արդար պայմանները ոչ միայն կանանց, այլև ամբողջ հասարակության բարեկեցության նախապայման են։
Մենք համերաշխ ենք բոլոր կանանց հետ, ովքեր պայքարում են իրենց իրավունքների համար՝ Հայաստանում և ամբողջ աշխարհում։ Մարտի 8-ը մեզ հիշեցնում է, որ փոփոխությունները հնարավոր են միայն համատեղ ուժերով։

