Կառավարության կողմից 2024թ դեկտեմբերի 30-ին շրջանառության մեջ է դրվել Առողջության համապարփակ ապահովագրության մասին օրենքի նոր նախագիծը։ Նախագիծը հրապարակվել է E-DRAFT համակարգում։
Հայաաստանի պետհիմնմարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիությունն իր դիտարկումներն ու առաջարկներն է ներկայացրել նախագծի վերաբերյալ։
Ըստ նախագծի՝ աշխատողների աշխատավարձից նախատեսվում է ամսական գանձել 4000-ից մինչև 13700 դրամ (ապահովագրավճար)։ Նախագծով սահմանվում է նաև, որ ապահովագրավճարը, որպես սոցիալական ծախս փոխհատուցվում է եկամտային հարկի գումարից Կառավարության կողմից սահմանված չափով։ Դա ենթադրում է կրկնակի վարչարարություն։ Առաջարկում ենք, որ այն դեպքում, երբ աշխատողը չունի եկամտային հարկի հետվերադարձով հիփոթեկային վարկ, աշխատողի ապահովագրավճարն անմիջապես հաշվարկվի և փոխանցվի Հիմնադրամին իր կողմից վճարած եկամտային հարկից։ Կարծում ենք, որ արդար չէ, որ հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների մարմանն ուղղվում է որոշ աշխատողների և նույնիսկ նրանց ընտանիքի անդամների վճարած եկամտային հարկն ամբողջությամբ, իսկ ապահովագրավճարը, որը համեմատաբար փոքր գումար է, նախատեսվում է փոխհատուցել միայն մասամբ։ Կարծում ենք, որ սա հանգեցնելու է հավելյալ սոցիալական լարվածության՝ գնաճի, հանրային տրանսպորտի, գույքահարկի, աղբահանության արժեքների բարձրացման պայմաններում և զգալի վատթարացնելու է աշխատողների վիճակը։
Առաջարկել ենք նաև մի շարք այլ փոփոխություններ՝ կապված օրենքի դրույթների տարընկալումից խուսափելու, իրար հակասող դրույթները վերացնելու, որոշակի կարգավորումներ հստակեցնելու համար։ Առաջարկների մի մասն ընդունվել է։
Բոլոր առաջարկների հետ կարող եք ծանոթանալ e-draft կայքում։

