ՀՀ – ԵՄ քաղհասարակության պլատֆորմի համատեղ հռչակագիրը

ՀՀ – ԵՄ քաղհասարակության պլատֆորմի համատեղ հռչակագիրը

ԵՄ-Հայաստան քաղաքացիական հասարակության պլատֆորմը (ՔՀՊ) Եվրոպական միության և Հայաստանի միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) շրջանակներում ստեղծված մարմիններից մեկն է։ Այն երկու կողմերի քաղաքացիական հասարակության կազմակերպություններին հնարավորություն է տալիս վերահսկելու Համաձայնագրի կատարման գործընթացը և խորհրդատվություն տրամադրելու համապատասխան մարմիններին: Պլատֆորմի երկրորդ հանդիպման ընթացքում ՀՀ – ԵՄ քաղհասարակության պլատֆորմն ընդունեց համատեղ հռչակագիր։

ՔՀՊ-ի երկրորդ հանդիպումը տեղի է ունեցել 2023 թվականի մարտի 10-ին, Երևանում: ԵՄ-Հայաստան ՀԸԳՀ-ի կատարման վերաբերյալ Քաղհասարակության պլատֆորմի անդամները․

1. Արձանագրում են, որ ՀԸԳՀ կատարման հարցում ԵՄ-Հայաստան քաղհասարակության երկկողմ Պլատֆորմի հիմնական գործառույթներն են՝ ոլորտային փորձագիտական խորհրդատվությամբ մասնակցությունը Համաձայնագրի կատարման գործընթացին, Համաձայնագրով նախատեսված բարեփոխումների թափանցիկության եւ հաշվետվողականության ապահովումը, ինչպես նաեւ, ՀԸԳՀ շրջանակներում եւ ընդհանրապես՝ ՀՀ-ԵՄ համագործակցությամբ իրականացվող աշխատանքների վերաբերյալ հասարակության տեղեկացվածության բարձրացումը։

2. Ընդգծում են, որ Պլատֆորմի գործառույթների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ է արդյունավետ հաղորդակցություն քաղհասարակության, Հայաստանի կառավարության եւ Եվրամիության միջեւ, ինչպես նաեւ ջանքերի մեկտեղում՝ Համաձայնագրով ուղենշված նպատակներին հասնելու համար։

3. Ընգծում են, որ գործընթացին մասնակցող քաղհասարակության անդամները ՀԸԳՀ-ն դիտարկում են ոչ միայն որպես երկու գործընկերների միջեւ շրջանակային համաձայնագիր, այլեւ՝ որպես Հայաստանի ժողովրդավարացման եւ զարգացման հզոր խթան։

4. Ողջունում են կառավարության՝ ՀԸԳՀ-ով նախատեսված գործունեության պլանավորման, իրականացման եւ մշտադիտարկման գործընթացին քաղհասարակության ներգրավման մտադրությունը, եւ պատրաստակամություն են հայտնում հարթակ հանդիսանալու քաղհասարակության տարբեր կազմակերպությունների համար՝ իրենց գիտելիքներով եւ փորձով նպաստելով գործընթացին։

5. Հույս են հայտնում, որ Քաղհասարակության պլաատֆորմի եւ Կառավարության միջեւ ձեւավորված նախնական հաղորդակցությունն աստիճանաբար կհամակարգվի եւ կլրացվի օպերատիվ հաղորդակցության մեխանիզմներով, որոնց միջոցով կփոխանցվեն եւ հաշվի կառնվեն քաղհասարակության խորհրդատվությունը, կարծիքները եւ առաջարկությունները։

6. Ակնկալում են, որ հաղորդակցության նման ինստիտուցիոնալ միջոցները կաշխատեն փոխադարձությամբ, եւ որ քաղհասարակությունը կստանա հետազոտություններ, մշտադիտարկում, տեղեկացվածության բարձրացմանն առնչվող այլ գործողություններ իրականացնելու հայտեր։

7. Ընդգծում են, որ ցանկացած երկրի արդյունավետ եւ կայուն ժողովրդավարացումն ու զարգացումը հնարավոր է միայն խաղաղության եւ կայունության պայմաններում։ Այդ կապակցությամբ ընդգծում են ռազմական գործողություններից (ինչպիսիք էին 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի ոտնձգությունները Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ) եւ ցանկացած ագրեսիվ խոսույթից զերծ մնալու անհրաժեշտությունը, քանի որ դրանք ոչ միայն չեն նպաստում խաղաղությանը, այլեւ՝ ճանապարհ են բացում հետագա բռնությունների համար։ Կարեւոր է նաեւ, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքներն ու անվտանգությունը՝ ներառյալ նրանց ինքնորոշման իրավունքը, ամբողջությամբ հաշվի առնվեն՝ հակամարտությունն՝ ի շահ տարածաշրջանի բոլոր ժողովուրդների, համապարփակ եւ կայուն կարգավորելու համար։ Ի հեճուկս մարտահրավերներին` Հայաստանը պետք է շարունակի ԵՄ-ի հետ ինտեգրվելու և ԵՄ-ի կանոնները և հիմնական սկզբունքները հարգելու իր ուղին:

8. Վերոշարադրյալի լույսի ներքո՝ ողջունում են Եվրամիության առաքելության տեղակայումը Հայաստանում, եւ կոչ են անում եվրոպացի գործընկերներին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ տարածաշրջանում խաղաղությանն ու անվտանգությանը նպաստելու համար, պահանջել Միջազգային դատարանի որոշումների կատարումն ու հաստատակամորեն խոսել Լեռնային Ղարաբաղի հայերի խաղաղ գոյակցության իրավունքից։ Կոչ են անում Ադրբեջանին եւ մյուս կողմերին, համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից բխող պարտավորությունների, դադարեցնել Լաչինի միջանցքով տեղաշարժի արգելափակումը:

%d bloggers like this: