Հրատապ գործողությունների կոչ՝ ի պատասխան Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի

Հրատապ գործողությունների կոչ՝ ի պատասխան Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի

Հայաստանի մի շարք հասարակական կազմակերպություններ հանդես են եկել հայտարությամբ՝ կապված Ադրբեջանի կողմից զինված ներխուժման հետ։ Հայտարարությունը ներկայացվում է ստորև։

“Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը ռազմական հարձակում է սկսել Հայաստանի հետ արևելյան և հարավ-արևելյան սահմանի ողջ երկայնքով՝ հարվածներ հասցնելով ռազմական օբյեկտներին և քաղաքացիական ենթակառուցվածքներին՝ կոպտորեն խախտելով Ժնևի կոնվենցիաները։ Ժամը 12:00-ի դրությամբ Հայաստանը հայտնել է 49 զոհի մասին. այս թիվը շարունակում է աճել։

Ադրբեջանը սանձազերծեց այս նոր հարձակումը Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա Եվրահանձնաժողովի միջնորդությամբ Բրյուսելում Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի միջև տեղի ունեցած հանդիպումից գրեթե երկու շաբաթ անց։ Հարձակումը ոչ այլ ինչ է, քան ագրեսիա, որը հաջորդել է Ադրբեջանի կողմից օրեր շարունակ տարածվող ապատեղեկատվությանը, թե իբրև Հայաստանը խախտում է հրադադարի ռեժիմը: Նմանատիպ հարձակում կարելի է ցանկացած պահի ակնկալել Լեռնային Ղարաբաղի վրա՝ հաշվի առնելով այս ուղղությամբ շարունակվող ապատեղեկատվական արշավը։ Այս ագրեսիան անսպասելի չէ՝ հաշվի առնելով պատերազմի ընթացքում կատարած պատերազմական հանցագործությունների համար Ադրբեջանի անպատժելիությունը և 2020 թվականից հետո տեղի ունեցող իրադարձություններին միջազգային հիմնականում չեզոք արձագանքը, ներառյալ՝ Բաքվի գործողությունների դատապարտման բացակայությունը։ Գազի մատակարարման վերջին համաձայնագիրը, որը ԵՄ-ն ստորագրեց Ադրբեջանի հետ, միայն ամրապնդեց Բաքվի կոշտ դիրքորոշումը։ Ադրբեջանը, հավանաբար, փորձում է թուլացնել Հայաստանը և հասնել իր ինքնիշխանության ներքո այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» ստեղծմանը։ Այս հարձակումը նպատակ ունի նաև ճնշում գործադրել Հայաստանի վրա, որպեսզի վերջինս հրաժարվի Լեռնային Ղարաբաղում հայերի իրավունքների պաշտպանության պահանջից։ Նաև, ըստ պաշտոնական Բաքվի, հարձակումը նպատակ ունի ոչնչացնել հայկական ռազմական օբյեկտները Հայաստանի տարածքում՝ ժխտելով Հայաստանի ինքնապաշտպանության օրինական իրավունքը։

Այս համատեքստում վճռորոշ է համարժեք և անզիջում միջազգային արձագանքը իրավիճակի վատթարացումը կանխելու համար։ Ավելին՝ Բաքվի գործողությունները պարզապես դատապարտելուց զատ, ժամանակն է դրսևորել վճռականություն և հստակ խոսել շարունակական ագրեսիայի հետևանքների մասին, այդ թվում՝ միջազգային պատժամիջոցների միջոցով։ Պատերազմի ավարտից ի վեր մենք կոչ ենք արել ապահովել տարածաշրջանում ավելի մեծ միջազգային ներգրավվածություն և ներկայություն, որպեսզի փորձենք կանգնեցնել հակամարտության կարգավորման հարցում ավտորիտար Բաքվի ռազմատենչ մոտեցումը: Այժմ սա անհրաժեշտ է, առավել քան երբևէ: Մենք նաև կոչ ենք արել իրականացնել քաղաքացիական դիտորդական առաքելություն երկու երկրների սահմանի երկայնքով, և դա շարունակում է արդիական լինել ապատեղեկատվական արշավների և Ադրբեջանի կողմից ուժի շարունակական կիրառման լույսի ներքո: Մենք անհանգստացած ենք, որ առանց համապատասխան միջոցների, ներկա իրավիճակը ոչ միայն կվատթարացնի հայերի մեկուսացումը և հումանիտար վիճակը Լեռնային Ղարաբաղում, այլև կխրախուսի Բաքվին դիմել ուժի կիրառմանը և այնտեղ ապրող բնիկ հայերին էթնիկ զտումների ենթարկելու իր նպատակին հասնել: Հայաստանի ինքնիշխանության դեմ հարձակումը պետք է վճռական և միասնական հակազդեցություն ստանա Արևմուտքից։

Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիությունը նույնպես աջակցում է հայտարարությանը։

%d bloggers like this: