ՀԵՐՔՈՒՄ․ ՀԱՄԿ-ը վարչապետի հրաժարական չի՛ պահանջել (թարմացված)

ՀԵՐՔՈՒՄ․ ՀԱՄԿ-ը վարչապետի հրաժարական չի՛ պահանջել (թարմացված)

Դեկտեմբեր 17

Մի շարք լրատվամիջոցներով և ֆեյսբուքյան գրառումներով կեղծ տեղեկություններ են տարածվել, որ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան պահանջում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Հայտնում ենք, որ իրականում Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան (ՀԱՄԿ) նման պահանջ չի դրել։ ՀԱՄԿ-ի գործադիր կոմիտեի դեկտեմբերի 25-ի նիստի օրակարգում ՀԱՄԿ-ի նախագահը ներառել էր վարչապետի հրաժարականի պահանջով հայտարարության նախագիծ, սակայն գործկոմի 10 անդամների պահանջով հարցը հանվեց օրակարգից՝ որպես կանոնադրությանը հակասող։ Չնայած դրան՝ նույն օրը Խորհրդի նիստի ժամանակ ՀԱՄԿ-ի նախագահն առաջարկեց նույն հայտարարությունը ընդգրկել արդեն Խորհրդի նիստի օրակարգում և, հաշվի չառնելով, որ առաջարկը չհավաքեց պահանջված թվով կողմ ձայներ, խախտելով կանոնադրությունը, ՀԱՄԿ-ի նախագահը հարցն ընդգրկեց օրակարգում։ Ի նշան բողոքի՝ 8 ճյուղային արհմիությունների ներկայացուցիչներ, այդ թվում՝ Հայաստանի պետական հիմնարկների, ՏԻՄ-երի արհմիության 5 ներկայացուցիչները լքեցին դահլիճը, և հայտարարությունը չընդունվեց քվորումի բացակայության պատճառով։ Սակայն որոշ ժամանակ անց ՀԱՄԿ-ի կայքում հայտնվեց նշված հայտարարության տեքստն արդեն նախագահ Էդուարդ Թումասյանի անունից, որը տարածվեց նաև ֆեյսբուքով՝ իբր Հայաստանի արհմիություններ կոնֆեդերացիայի հայտարարություն։

Ստորև ներկայացնում ենք նաև Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի արհմիության խորհրդի անդամ, ՀԱՄԿ-ի խորհրդի անդամ, Մատենադարանի աշխատողների արհմիության նախագահ Գայանե Այվազյանի գրառումը տեղի ունեցածի կապակցությամբ․

2019 թվականին Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ֊երի և հանրային ծառայողների ճյուղային արհմիության խորհրդի կողմից ընտրվել եմ և ներկայացվել իբրև Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի խորհրդի անդամ։Այսօր` դեկտեմբերի 25֊ին, մասնակցել եմ ՀԱՄԿ֊ի խորհրդի նիստին։ Նիստը սկսեց լարված մթնոլորտում։ Թեև ՀԱՄԿ֊ի գործկոմի նիստը մերժել էր օրակարգ մտցնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջը, այնուամենայնիվ, այդ պահանջը մտավ օրակարգ, ավելին` դա տեղի ունեցավ կանոնադրության խախտմամբ` ձայների անբավարար քանակով։ Հարցը դրվեց քվեարկության. խորհրդի անդամների զգալի մասը բոյկոտեց քվեարկությունը և լքեց նիստերի դահլիճը։ Քվեարկությունը տապալվեց քվորում չլինելու բերումով։ Հրաժարականի պահանջը, այնուամենայնիվ, հրապարակվել է Aravot օրաթերթում ՀԱՄԿ֊ի նախագահի ստորագրությամբ, որտեղ վերջինս հրաժարականի պահանջը բացատրում է նոյեմբերի 9֊ի պայմանագրի ստորագրմամբ, որը չի արդարացրել հասարակության սպասելիքները, ինչպես նաև ստեղծված վիճակով պայմանավորված աշխատանքային իրավունքների խախտումներով։ Վերջում կոչ է արվում համախմբվել պետականության շուրջ և մերժել երկպառակության ցանկացած փորձ։ Չեմ ուզում անդրադառնալ ՀԱՄԿ֊ի նախագահի այս խնդրահարույց տեքստին, հատկապես որ նա իր անունից է պահանջ ներկայացրել։ Ցանկանում եմ, սակայն, մեկնաբանել այս արտառոց դեպքը։Իմ անձնական էջում որպես քաղաքացի ես պահանջել եմ վարչապետ Փաշինյանի հրաժարականը, քանի որ պատերազմի մեջ արկածախնդրորեն ներքաշվելու և մարդկային կորուստների աղետին հանգեցնելու թիվ մեկ պատասխանատուն եմ համարում նրան։ Իմ դիրքորոշումը անփոփոխ է։ Այսօր, սակայն, ես դեմ եմ քվեարկել վարչապետի հրաժարականի պահանջը օրակարգ մտցնելուն, ինչպես նաև խորհրդի շատ անդամների նման լքել եմ նիստերի դահլիճը։ Պատճառները մի քանիսն են. պատերազմի ընթացքում ՀԱՄԿ֊ը հանդես չի եկել ռազմական գործողությունները դատապարտող հայտարարությամբ, չի պահանջել վարչապետից գնալ անհրաժեշտ խաղաղության ճանապարհով հենց նույն աշխատավորների սիրույն։ Ստացվում է, որ ՀԱՄԿ֊ը լուռ համաձայն էր անհեռատես և անհիմն ավանտյուրայի մեջ մտնելու վարչապետի որոշմանը։ Միայն այն հանգամանքը, որ նա պարտվել է և դրանով «չի արդարացրել հանրության սպասելիքները», բարոյական իրավունք չի տալիս պահանջել վարչապետի հրաժարականը։ Մյուս կողմից` այս քայլը չի ազատում ՀԱՄԿ֊ին պատասխանատվությունից և պատերազմի հետևանքներին անմասն չի դարձնում։ Երկրորդը` հրաժարականի պահանջը տենդագին առաջ մղվեց մի քանի մարդկանց կողմից, այդ թվում` ԵՊՀ և Բուհերի արհմիությունների նախագահի։ Սա ուղղորդված ակցիա էր, որի հետևում ակնհայտ երևում էին, այսպես կոչված, ընդդիմության ստվերները։ Իհարկե, սա հետևանք է կրթության, գիտության ոլորտում Փաշինյանի վարած ոչ հեղափոխական քաղաքականության։ Սակայն դատապարտելի է արհմիությունները կապիտալի կցորդը սարքելու նախկին արատավոր քաղաքականության շարունակությունը և ռևանշը։ Որպես անկախ կազմակերպություններ` արհմիությունները և ամենից առաջ կոնֆեդերացիան պետք է առաջամարտիկը լինեին հակապատերազմական դիսկուրսի ձևավորման և կապիտալի քննադատության, մինչդեռ այսօր այն կորցրել է իր քաղաքական իմաստն ու գործառույթները, որոնք վերհիշելը կարևոր է և օգտակար։

ԹԱՐՄԱՑՈՒՄ, հունվարի 22

Վերոնշված հանգամանքից ելնելով՝ վեց Ճյուղային արհմիությունների նախագահների կողմից գրություն է ուղղվել ՀԱՄԿ-ի նախագահին։ Գրության մեջ նշվել է, որ ՀԱՄԿ-ի խորհրդի նիստը կայացել է խախտումներով՝ կապված մասնակցության քվորումի ապահովման հետ, նշվել է նաև, որ համաձայն ՀԱՄԿ-ի կանոնադրության՝ նախագահը, խորհրդի բացասական կարծիքի դեպքում, քաղաքական հայտարարություններ անելու լիազորություն չունի։ Ճյուղային միությունների նախագահները պահանջել են նաև անցկացնել քննություն՝ պարզելու, թե ով և ինչպես է լրատվամիջոցներին տրամադրել ՀԱՄԿ-ի նախագահի կողմից ստորագրված, բայց  կեղծված փաստաթուղթ։

Ի պատասխան Ճյուղային արհմիությունների գրության, ՀԱՄԿ-ի նախագահը, իր կողմից կանոնադրության խախտումով, անբավարար ձայների քանակով օրակարգ հավելյալ հարց մտցնելը հիմնավորում է դրա հետ բոլորովին կապ չունեցող Սահմանադրության 103-րդ հոդվածով։ Ինչ վերաբերում է քննություն անցկացնելուն, ապա ՀԱՄԿ-ի նախագահը նշում է, որ քննությունն չի անցկացնելու, իսկ պարզելու համար, թե ինչպես է կեղծ փաստաթուղթը հայտնվել մամուլի ձեռքում, խորհուրդ է տալիս հետաքրքրվել հենց մամուլից։

Նույն օրը, երբ մենք ՀԱՄԿ-ից ստացանք մեր գրության պատասխանը, ՀԱՄԿ-ը նաև իր կայքում և սոցիալական էջերում տեղադրեց հերքում, նշելով, որ որոշ լրատվական միջոցներում տեղադրվել էր նախագահի հայտարարությունից տարբերվող տեքստ։

Discover more from Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիություն

Subscribe now to keep reading and get access to the full archive.

Continue reading