Անահիտ Ասատրյանի ելույթը Ազգային Ժողովում՝ միավորման ազատության և սոցիալական երկխոսության վերաբերյալ

Անահիտ Ասատրյանի ելույթը Ազգային Ժողովում՝ միավորման ազատության և սոցիալական երկխոսության վերաբերյալ

Փետրվարի 26-ին Ազգային Ժողովի նիստերի դահլիճում տեղի ունեցան խորհրդարանական լսումներ՝ Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համագործակցության Համաձայնագրի վերաբերյալ: Պետական հիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիության նախագահ Անահիտ Ասատրյանը նույնպես ելույթ ունեցավ՝ ԱԺ ամբիոնից բարձրացնելով միավորման ազատության և սոցիալական երկխոսության խնդիրների մասին, քանի որ դրանց մասին խոսվում է Համաձայնագրի 84-րդ հոդվածում:

Ա. Ասատրյանն իր խոսքում նշեց հետևյալը.

« Ուզում եմ անդրադառնալ Հայաստանի և Եվրամիության  պայմանագրի 84 հոդվածին, որի համաձայն  «Կողմերը պետք է ամրապնդեն իրենց երկխոսությունը և համագործակցությունը՝ ուղղված Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) «Արժանապատիվ աշխատանք ծրագիրը», զբաղվածության քաղաքականությունը, աշխատավայրում առողջությունը և անվտանգությունը, սոցիալական երկխոսությունը, սոցիալական պաշտպանությունը, սոցիալական ներգրավվածությունը, կանանց և տղամարդկանց հավասարությունը և խտրականության բացառումը խթանելուն »:

Սրա հետ կապված կարևոր է արձանագրել, որ չնայած Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է Աշխատանքի միջազգային կազմակերպության  8 հիմնարար կոնվենցիաները և աշխատանքի ոլորտում մի շարք այլ կոնվենցիաներ, Այստեղ դեռ շատ անելիքներ կան։ Կան կոնվենցիաներ որոնք դեռ սպասում են վավերացման իրենց հերթին, բայց  մի բան է վավերացնելը և այլ բան է այն կիրառելը։

Անդրադառնամ Հայաստանում  միավորման ազատության և սոցիալական երկխոսության հետ կապված իրավիճակին:    

Այսօր աշխատողների միավորման ազատության իրավունքը հաճախ  խախտվում է գործատուների կողմից, թե մասնավոր, թե պետական ոլորտում։  Միավորվելու ազատությունը, շատ հաճախ խախտվում է հենց պետական բարձրաստիճան պաշտոնյաների կողմից ցավոք սրտի նույնիսկ հեղափոխությունից հետո։ Աշխատատեղերում ժողովրդավարության բացակայության պայմաններում պաշտոնյաները փորձում են ազդել արհմիություններում ընտրությունների վրա, վերահսկել, արգելել կամ թույլատրել արհմիության գործունեությունը։ Պետական պաշտոնյաները շատ հեշտությամբ դուրս են գալիս իրենց լիազորությունների սահմաններից։ Տեսեք՝ արհմիությունների խոչընդոտելու համար նախատեսված է և՛ վարչական, և՛ քրեական պատասխանատվություն. սակայն այս երևույթները շատ դժվար ապացուցելի են, քանի որ քողարկվում են աշխատողների համաձայնությամբ, կամ էլ շահարկվում է միավորվելու կամավորության սկզբունքը: Ոլորտում վերահսկողություն իրականցնող մարմին չկա և ըստ էության նման հարցերը  թողնված  են աշխատողների գիտակցության վրա։

Աշխատողները և իրենց Արհմիությունները ունեն իրավունքներ, իսկ գործատուները պարտավորություններ նրանց հանդեպ։  Պետության պատասխանատու անձիք դեռ շարունակում են կարծել, որ պետությունը անելիք չունի այս ոլորտում, բայց դա այդպես չի։ Հենց պետությունը, որպես նաև խոշոր գործատու, պետք է առաջին քայլը անի այս ուղղությամբ։

Մյուս խնդիրը՝  Սոցիալական երկխոսությունն է. այն շարունակում է շատ դեպքերում ձևական բնույթ կրել։ Այստեղ կան և օրենսդրական բացեր և չկա ձևավորված համապատասխան մշակույթ։  Ազգային ժողովը այստեղ ևս անելիք ունի։ Օրինակ՝ հեղափոխությունից հետո պատգամավորների նախաձեռնությամբ աշխատանքային հարաբերությունների հետ այսպես կամ այնպես առնչվող օրենքներ են ընդունվել, բայց դրանցից ոչ մեկը չի քննարկվել աշխատողների ներկայացուցիչների՝ արհմիությունների հետ։ Հույս ունենանք, որ այսուհետ մոտեցումները կփոխվեն » ։

%d bloggers like this: