Հանրապետական եռակողմ հանձնաժողովի նիստ. 31 հուլիս, 2019

Հանրապետական եռակողմ հանձնաժողովի նիստ. 31 հուլիս, 2019

Հուլիսի 31-ին ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում նախարար Զարուհի Բաթոյանի նախագահությամբ տեղի ունեցավ Հանրապետական եռակողմ հանձնաժողովի նիստ։ Քնարկմանը առաջարկված հարցերը հիմնականում տեղեկատվական բնույթ էին կրում։ Սոցիալական գործընկերներին ներկայացվեց Հայաստանի Հանրապետությունում նվազագույն աշխատավարձի համահունչ մեծության գնահատման վերաբերյալ հետազոտությունը և Հայաստանի Հանրապետությունում Գենդերային քաղաքականության իրականացման 2019-2023 թվականների ռազմավարությունը և միջոցառումների ծրագրի նախագիծը։

Նման օրակարգի ձևավորումը տարակուսանք առաջացրեց հանձնաժողովի անդամների մոտ։ Արդարադատության նախարարության ներկայացուցիչը և Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը ընդգծեցին, որ հանձնաժողովը կոչված է առաջարկել կամ քննարկել այս կամ այն իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը, մշակել ոլորտին առընչվող խնդիրների լուծման ռազմավարություն, այլ ոչ թե տեղեկություն ստանալու արդեն հանրային քննարկում անցած և Կառավարության կամ Ազգային ժողովի օրակարգում ընդգրկված ակտերի մասին։ Քննարկման ընթացքում որոշվեց, այնուամենայնիվ, կողմերի կարծիքները ներկայացված նախագծերի վերաբերյալ ուղարկել անմիջապես ընդունող մարմիններին։

Հայաստանի պետական հիմնարկների, տեղական ինքնակառավարման մարմինների աշխատողների արհմիությունների ճյուղային միության նախագահ Ա․ Ասատրյանը հանդես եկավ առաջարկներով։

Անդրադառնալով վերջին տարիներին մարզերում որոշ պետական պաշտոնյաների կամ ՏԻՄ-երի դրդումներով արհմիությունների որչնչացման պրակտիկային և նշված պաշտոնյաների իրավական անգրագիտությանը այդ հարցերում՝ Ա․ Ասատրյանը առաջարկեց կոնկրետ գործողություններ ձեռնարկել կառավարության ծրագրում տեղ գտած և վարչապետի կողմից հայտարարված արհմիությունների դերի բարձրացման անհրաժեշտության գաղափարը կյանքի կոչելու ուղղությամբ, այն է․ պետական մակարդակով, բայց եռակողմ սկզբունքով այցելել մարզեր և ներկայացնել ոլորտին առնչվող միջազգային պարտավորությունները և օրենսդրությունը։

Ա․Ասատրյանը առաջարկեց նաև քայլեր ձեռնարկել, որ վարչապետի աշխատակազմից գնա շրջաբերական նամակ բոլոր գերատեսչություններին, մարզպետարաններին, իսկ այնտեղից իրենց ոլորտի կազմակերպություններին վերջերս կնքած Արժանապատիվ աշխատանք ծրագրի մասին։

Ա․Ասատրյանի երրորդ առաջարկն էր, որ հոկտեմբերի 7-ին, երբ աշխարհի արհմիությունները նշում են Հանուն Արժանապատիվ աշխատանքի օրը, գործընկերների կողմից կազմակերպվի դրան նվիրված կոնֆերանս։ Առաջարկներին ի պատասխան Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ա. Ուդումյանը տեղեկացրեց, որ Աշխատանքի միջազգային կազմակերպության հետ համագործակցության շրջանակներում կփորձեն կազմակերպել որոշ միջոցառումներ։ Ըստ էության խնդրի կարևորությունը ամբողությամբ չընկալվեց, քանի որ փոխնարարը նաև կարծիք հայտնեց, որ Արժանապատիվ աշխատանք ծրագիրը ՏԻՄ-երին ուղարկելու կարիքը չի տեսնում։

Ա․Ասատրյանը նաև անդրադարձավ եռակողմ հանձնաժողովի նախորդ նիստին ստացված այն տեղեկությանը, որ Ֆինանսների նախարարությունը նամակ է ուղղել եռակողմին և հայտնել, որ այսուհետ հրաժարվում է ներկայացուցիչ ունենալ եռակողմ հանձնաժողովում։ Հարցին, թե ինչ է ձեռնարկել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը այդ ուղղությամբ, տեղեկատվություն տրվեց, որ Ֆինանսների նախարարությունը շարունակում է հրաժարվել մասնակցելու բանակցային գործընթացին։ Կարծում ենք ֆինանսների նախարարության բարձրաստիճան պաշտոնյաները չեն կատարում կառավարության կողմից ստանձնած պարտավորությունները։

%d