Հայաստանի պետական հիմնարկների, տեղական ինքնակառավարման մարմինների և հանրային ծառայությունների աշխատողների ճյուղային հանրապետական արհմիությունը մայիսի 1֊ին կազմակերպել էր երթ՝ Աշխատանքի օրվա կապակցությամբ:
Երթին մասնակցում էին ավելի քան 500 արհմիութենական՝ 20-ից ավելի արհմիություններից։
Երթի մասնակիցները հավաքվեցին Ավետիք իսահակյանի արձանի մոտ, որտեղ նրանց ողջույնի խոսքով դիմեց ՃՀՄ նախագահ Անահիտ Ասատրյանը։
Այս տարի մայիսի 1֊ը հատուկ էր նրանով, որ առաջին անգամ երկար տարիների ընթացքում պետությունն ավելի հակված է լսել քաղաքացիների ձայնը։ Այս համատեքստում ՃՀՄ֊ն կարևորում է պետության ու հանրային ծառայողի միջև երկխոսության ստեղծումն ու փոխշահավետ սոցիալական գործընկերության ամրապնդումը։
Այսօր արհմիություններն ավելի նպաստավոր դիրքում են ու հետևաբար պիտի մեծանա նրանց դերը աշխատանքի պաշտպանության, աշխատողների՝ իրենց իրավունքների մասին իրազեկելու, ապահով աշխատանքային միջավայր ստեղծելու ու նրանց շահերը ներկայացնելու մասով։
Ողջույնի խոսքից հետո մասնակցները Աբովյան փողոցով շարժվեցին դեպի Թումանյան փողոց ֊ Հյուսիսային պողոտա հատման կետ, միացան Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի (ՀԱՄԿ) երթին ու միասին շարժվեցին դեպի ՀԱՄԿ շենք։
Երթի հիմնական նշանաբաններն էին․
- Համերաշխ արհմիություն՝ պաշտպանված աշխատանք
- Մարդը գերագույն արժեք է
- Պետություն-արհմիություն փոխշահավետ սոցիալական գործընկերություն
- Հանրային ծառայողների մասնագիտական աճի հնարավորություն
- Հարկային համահարթեցումը մեծացնում է սոցիալական անհավասարությունը