ՀՀ պետհիմնարկների արհմիության ուղերձը վարչապետին

ՀՀ պետհիմնարկների արհմիության ուղերձը վարչապետին

Հայաստանի պետական հիմնարկներ, ՏԻՄ-երի և հանրային ծառայությունների աշխատողների ճյուղային հանրապետական արհմիության  խորհուրդը ուղերձ է հղել ՀՀ վարչապետին, որում ասվում է՝

​​​​​Հարգելի պարոն վարչապետ

Ազգային ժողով է ներկայացված կառավարության նոր կառուցվածքը։ Պետական ապարատի օպտիմալացումը, կարծես թե, անխուսափելի է։

Կասկած չկա, որ պետական կառավարման համակարգը ավելի արդյունավետ դարձնելու կարիք ունի։ Սակայն մտահոգիչ է, որ շատ պաշտոնյաների կողմից արդյունավետ կառավարումը շարունակվում է ընկալվել որպես աշխատողների մեխանիկական կրճատում։ Անհանգստացած ենք նաև սոցցանցերում տարածում ստացած Մհեր Գրիգորյանի և Ատոմ Ջանջուղազյանի՝ Ձեզ ուղղված նամակում հավելյալ  արդյունք չստեղծող 10000 հանրային ծառայողների և Հայոց պետականության շահի համեմատության մասին տեղ գտած արտահայտությամբ։

Եթե նույնիսկ չանդրադառնանք «հավելյալ արդյունք» տերմինին,  որն իրենց տնտեսագետ համարող պաշտոնյաները անհարկի օգտագործում են, միանշանակ է՝ մարդիկ, ում վստահված է պետության կառավարումը,  նման ոճի արտահայությունները պետք է բացառեն։

Համոզված ենք, որ ուղղակի կրճատումներով արդյունավետ կառավարման խնդիրը չի լուծվում։ Հանրությունը պետք է ծանոթ լինի կառավարության կողմից առաջարկվող արդյունավետ կառավարման մոդելին,  այն պետք է ընդունելի լինի հասարակության համար։ Հանրության կարծիքը լսելու և հաշվի առնելու համար փոփոխությունների նախագծերը անհրաժետ է քննարկել եռակողմ ձևաչափով, ինչպես դա ամրագրված է հանրապետական եռակողմ պայմանագրում։ Անհրաժեշտ է նաև հանրային քննարկում կազմակերպել, ինչը հնարավորություն կտա պետական համակարգում աշխատողներին, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին, աշխատանքային հարաբերությունների գծով նեղ մասնագետներին հանդես գալ իրենց առաջարկություններով, ներկայացնել դիրքորոշումներ և փոփոխությունների անցնցում իրականացման տեսակետներ։ Հաջողության կբերի միայն բոլորի համար ընդունելի տարբերակի կիրառումը։

Փաստը, որ պետական համակարգում կան պարապուրդի մատնված աշխատողներ,  մտահոգիչ է սոցիալական արդարության տեսակետից։ Միաժամանակ անընդունելի Է կրճատումների տոկոսային «պլան» սահմանելը։

Կառավարության անդամների կողմից բազմիցս հայտարարվել է, որ կրճատումների նպատակը  բյուջեի խնայողությունը չէ՝ խնայված միջոցները ուղղվելու են աշխատավարձերի բարձրացմանը, սակայն կա մտավախություն,  որ աշխատավարձի չնչին բարձրացման հետ մեկտեղ աշխատողի վրա կդրվեն անհամեմատ շատ պարտականություններ։

Հրավիրում ենք Ձեր ուշադրությունը մեկ աշխատողի օպտիմալ ծանրաբեռնվածության  հաշվարկի անհրաժեշտության վրա, ինչը շատ կարևոր է աշխատողների առողջությունը վտանգի չենթարկելու համար, մանավանդ, որ գերհոգնած աշխատողը արդյունավետ չի կարող աշխատել։  Աշխատողի հանգստի իրավունքը պետք է հարգված լինի, իսկ աշխատանք-կյանք բալանսը պահպանվի։ Վերը նշված հարցերին չմտածված մոտեցումներ ցուցաբերելը կհանգեցնի նաև կադրերի հոսունությանը և  կրկին կառաջացնի աշխատանքի անարդյունավետություն։

%d bloggers like this: