24 նոյեմբերի 2018 Փորձագետի վերլուծությունը արհեստակցական միությունների մասին օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ
Ինչպես հիշում եք 2018 թվականի հուլիսի 26-ին կառավարության հերթական նիստում ընդունվեց «Արհեստակցական միությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը նախաձեռնել էին Ծառուկյան խմբակցության մի շարք պատգամավորներ։ Ստորև ներկայացնում ենք փորձագետ, մշակույթի աշխատողների արհեստակցական կազմակերպությունների հանրապետական արհմիության նախագահ Ժաննա Թորոսյանի վերլուծությունը նշված թեմայի վերաբերյալ․
«Արհեստակցական միությունների մասին« /այսուհետ՝ Օրենք/ ՀՀ օրենքը ընդունվել է 2000 թվականի դեկտեմբերի 5-ին, որից հետո՝ 2005 թվականի մարտի 23-ին, Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է Աշխատանքի միջազգային կազմակերպության /ԱՄԿ/ «Միավորման ազատության և կազմակերպելու իրավունքի պաշտպանության մասին» թիվ 87 Կոնվենցիան: Կոնվենցիայի երկրորդ հոդվածը սահմանում է. «Աշխատողները և գործատուները, առանց որևէ տարբերության, իրավունք ունեն իրենց ընտրությամբ ստեղծելու կազմակերպություններ, ինչպես նաև անդամակցելու այդպիսի կազմակերպություններին՝ վերջիններիս կանոնադրություններին ենթարկվելու միակ պայմանով, առանց նախնական թույլտվության»: Նույն Կոնվենցիայի երրորդ հոդվածի համաձայն՝ «Աշխատողների և գործատուների կազմակերպությունները իրավունք ունեն մշակելու իրենց կանոնադրություններն ու կանոնակարգերը, ազատորեն ընտրելու իրենց ներկայացուցիչներին, կազմակերպելու իրենց վարչակազմն ու գործունեությունը և կազմելու իրենց ծրագրերը: Պետական մարմինները պետք է ձեռնպահ մնան որևէ միջամտությունից, որը սահմանափակում է այդ իրավունքը կամ խոչընդոտում է դրա օրինական իրականացմանը»: Լրացնենք, որ ութերորդ հոդվածի 2-րդ կետում նշված է. «Ազգային օրենսդրությունը չպետք է ազդի կամ կիրառվի այնպես, որ վնաս հասցվի սույն Կոնվենցիայով նախատեսված երաշխիքներին»:
Տեղեկանքի կարգով հիշեցնենք, որ Աշխատանքի միջազգային կազմակերպությունը /ԱՄԿ/ ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալություն է, որի նպատակն է սոցիալական արդարության սկզբունքների և միջազգայնորեն ճանաչված՝ մարդու իրավունքների ու աշխատանքային իրավունքների խթանումը: ԱՄԿ-ն սահմանում է միջազգային աշխատանքային ստանդարտներ Կոնվենցիաների և հանձնարարականների ձևով:
Հայաստանը ԱՄԿ-ին անդամակցում է 1992 թվականից: ԱՄԿ-ի Կոնվենցիաները՝ որպես միջազգային պայմանագրեր, գործում են /կիրառվում են/ նաև՝ առանց ազգային օրենսդրության մեջ ներառվելու: Բազմաթիվ պետություններում արհմիությունների գործունեությունը իրականացվում է ԱՄԿ-ի թ.87 Կոնվենցիայի հիման վրա՝ առանց ազգային օրենքի առկայության:
Վերը նշվածից հետևում է՝ աշխատողները կարող են միավորվել ազատորեն իրենց ցանկացած, այդ թվում՝ նաև օրենքի նախագծում առաջարկված ձևով, եթե դա ամրագրված է իրենց կանոնադրություններով: Օրենքի մեջ փոփոխության անհրաժեշտութություն չկա: Սա հարցի իրավական կողմի մասին:
Կա նաև այլ հանգամանք: Արհեստակցական միությունների պատմությունը, միջազգային փորձը վկայում են, որ արհեստակցական միությունները ի սկզբանե ստեղծվել են նույն արհեստի, զբաղմունքի տեր մարդկանց կողմից /դրա մասին է վկայում նաև եզրույթի ստուգաբանությունը/, և միություններում միավորվում են մի կամ մի քանի համապատասխան, հարակից ճյուղերում աշխատող անձինք՝ իրենց աշխատանքային, մասնագիտական ընդհանուր շահերը ներկայացնելու և պաշտպանելու նպատակով: Ներկայումս էլ այդ եղանակով են գործում արհմիությունները Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Բելգիայում, Նիդեռլանդներում, Իտալիայում, Չեխիայում, Լեհաստանում, Իսպանիայում , նախկին ԽՍՀՄ-ի անկախ պետություններում, Լատինական Ամերիկայի պետություններում և այլն :
Կարելի էր սահմանափակվել այսքանով, եթե չլինեին նախագծի անհրաժեշտությունը հիմնավորող փաստարկները, որոնք լուրջ վերլուծության կարիք ունեն:
Պարզաբանենք. նախագծի ընդունման անհրաժեշտությունը հեղինակները հիմնավորում են հետևյալ կերպ. «Որպես կանոն, արհեստակցական միությունները ստեղծվում են տվյալ գործատուի մոտ աշխատող անձանց կողմից: Որպես արհմիության անդամ, բայց նաև որպես գործատուի աշխատող, արհեստակցական միության ընտրովի պաշտոններում ընդգրկված անձինք, փաստորեն, կաշկանդված են լինում գործատուի հետ հարաբերությունների փաստով: Այսինքն՝ արհմիության լիազորված ներկայացուցիչները, լինելով գործատուի աշխատողներ, օգտվելով գործատուի գույքից, նրա կապի և տրանսպորտի միջոցներից, չեն կարողանում իրենց՝ որպես արհմիության անդամի լիազորությունները անկախ և օբյեկտիվ իրականացնել: Բացի այդ, տեղական մակարդակում գործող արհմիությունների բյուջեն համալրվում է գլխավորապես գործատուի կողմից արվող հատկացումներով, ինչն արհմիությանն անվիճելիորեն կախվածության մեջ է դնում գործատուից»: Ում անկախության մասին է խոսքը՝ արհեստակցական կազմակերպության, լիազորված ներկայացուցչի, թե արհմիության անդամի: Նշված սուբյեկտների անկախությունը տարբեր նորմերով և երաշխիքներով են ապահովվում: Դիտարկենք հերթականությամբ. «Արհեստակցական միությունների մասին» Օրենքի 24-րդ հոդվածի համաձայն՝ «Գործատուն, կոլեկտիվ պայմանագրով /համաձայնագրով/ սահմանված կարգով արհեստակցական կազմակերպությանը տրամադրում է անհրաժեշտ պայմաններ՝ արհեստակցական միության կանոնադրությամբ պայմանավորված աշխատանքների կազմակերպման և կատարման համար»: Այդ հոդվածը համապատասխանում է ԱՄԿ-ի՝ «Աշխատողների ներկայացուցիչների մասին» թիվ 135 Կոնվենցիայի 2- րդ հոդվածի պահանջներին. «Ձեռնարկության աշխատողների ներկայացուցիչներին տրամադրվում են այնպիսի հնարավորություններ, որոնք նրանց թույլ են տալիս իրենց գործառույթները իրականացնել արագ և արդյունավետ»:
Արհմիության բյուջեի կազմավորման մասին. նախագծի հեղինակների պնդումը, որ այն համալրվում է «գլխավորապես գործատուի կողմից արվող հատկացումներով» , չի համապատասխանում իրականությանը: Դա կամ անտեղյակության հետևանք է կամ միտումնավոր սխալ: Արհմիությունների բյուջեն, համաձայն Օրենքի 27-րդ հոդվածի, գոյանում է « …մուտքի վճարներից, անդամավճարներից, կամավոր ներդրումներից, նվիրատվություններից, Հայաստանի Հանրապետության օրենսդրոթյամբ չարգելված այլ աղբյուրներից»: Բացի դրանից՝ Օրենքով սահմանված կարգով գործատուն կազմակերպում է արհմիութենական անդամավճարի գանձումը և հատկացումը արհեստակցական միությանը: Նույն՝ 27-րդ հոդվածի երկրորդ պարբերությամբ սահմանված է. «Գործատուն, կոլեկտիվ պայմանագրին /համաձայնագրին/ համապատասխան, արհեստակցական միությանը տրամադրում է ֆինանսական միջոցներ և գույք՝ աշխատողների աշխատանքի և հանգստի պայմանների բարելավմանը, ինչպես նաև նրանց առողջության պահպանմանը նպատակաուղղված միջոցառումներ կազմակերպելու համար»: Ցավոք, Օրենքի ընձեռած այս հնարավորությունից օգտվում են միայն ծանր, վնասակար աշխատանքային պայմաններ ունեցող արդյունաբերական ճյուղերի արհեստակցական կազմակերպությունները՝ կոլեկտիվ պայմանագրին /համաձայնագրին/ համապատասխան: Եվ դա, անկասկած, արհեստակցական կազմակերպության ձեռքբերումն է սոցիալական գործընկերության բնագավառում, և սխալ է այն որակել որպես գործատուից կախվածության հանգամանք:
Նկատենք, որ արհեստակցական միությունների, միության անդամների և նրանց ներկայացուցիչների գործունեության իրականացման երաշխիքները, նրանց անկախությունը ամրագրված են Օրենքի 3-5 գլուխներում: Մասնավորապես , 23-րդ հոդվածը հստակ սահմանում է. «Պետական մարմինները, տեղական ինքնակառավարման մարմինները, գործատուներն ու այլ կազմակերպությունները, նրանց պաշտոնատար անձինք, ինչպես նաև այլ անձինք պարտավոր են չխախտել արհեստակցական միության և նրա մասնակիցների /անդամների/ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված իրավունքները: Արհեստակցական միության, նրա ներկայացուցչի իրավունքների խախտելը կամ կազմակերպության կանոնադրական գործունեությանը խոչընդոտելը, արհեստակցական միության ղեկավարներին ու ներկայացուցիչներին հետապնդելն առաջ է բերում պատասխանատվություն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով»: Բերված հոդվածները վկայում են, որ արհեստակցական միությունները, նրանց անդամները և ղեկավարները օրենքով պաշտպանված են, ինչը սահմանված է նաև Աշխատանքի միջազգային կազմակերպության հանապատասխան կոնվենցիաներով:
Այլ հարց է, որ գործնականում օրենքը լիարժեք չի գործում, խախտվում է: Իրական կյանքում գործատուները , տեղական ինքնակառավարման մարմինները բազմաթիվ ոչ օրինական միջոցներով խոչընդոտում են աշխատողների միավորման ազատության իրավունքի, այլ գործառույթների անկաշկանդ իրականացմանը: Բայց դա օրենքի հետ կապ չունի: Դա զուտ իրավակիրառական խնդիր է , որն առկա է ոչ միայն աշխատանքային իրավունքի ոլորտում, այլև բոլոր ոլորտներում և կախված է բազմաթիվ ոչ իրավական հանգամանքներից / պետականության ավանդույթներ, հասարակության օրինապաշտության մակարդակ, դատարանների անկախության մակարդակ, ազգային մենթալիտետ, հասարակության բարոյահոգեբանական մթնոլորտ , .. . / Դրանք համակարգային լուծումներ են պահանջում: Միամտություն է կամ մոլորություն ենթադրել, որ որևէ օրենքով կարելի է մարդուն, աշխատողին, քաղաքացուն դարձնել անկախ:
Նախագծի ծագման մասին. Առաջարկված նախագիծը , մեր կարծիքով, հիմնված չէ հասարակական պահանջարկի վրա. իրականում տարբեր ոլորտների աշխատողների միավորումներ ստեղծելու ցանկություն, պահանջ հասարակության մեջ չի եղել և չկա: Մեր կարծիքով՝ դա նախագծի հեղինակների սուբյեկտիվ մտորումների արդյունք է, որը հիմնավորված չէ միջազգային փորձով, որևէ պետության, ռեգիոնի, կազմակերպության օրինակով: Ավելին, ԱՄԿ-ի բոլոր կոնվենցիաները, որոնք վերաբերում են աշխատանքային ոլորտին, ուղիղ տեքստում կամ ենթատեքստում նկատի ունեն միավորման համասեռ, հարակից, ճյուղային, ոլորտային մեթոդը:
Ավարտելով նշենք, որ տագնապ և հուսահատություն է առաջացնում ՀՀ ԱԺ-ի հանդեպ այն փաստը, որ այսպիսի մակերեսային, լուրջ վերլուծություն չպարունակող, միջազգային փորձը անտեսող, միջազգային ստանդարտներին հակադրվող, ՀՀ օրենքի հոդվածների ոչ կոռեկտ՝ աղճատված մեջբերումներով լի նախագծի հիման վրա կարելի է օրենքներ ընդունել:
Զարմանալի է, որ անցնելով երկար ճանապարհ՝ /ՀՀ Կառավարություն, ԱԺ-ի համապատասխան հանձնաժողովներ, ԱԺ աշխատակազմի իրավական փորձաքննության վարչություն/ նախագիծը ընդունվեց առաջին ընթեցմամբ: Ազգային ժողովի մասնագիտությամբ իրավաբան պատգամավորները չվիճարկեցին միջազգային նորմերին հակասող նախագծի ընդունումը՝ ելնելով քաղաքական նպատակահարմարությունից:
Ակնկալում ենք, որ աշխատավորների, արհեստակցական միությունների պատասխանը կարտահայտվի ընտրությունների միջոցով և կլինի ադեկվատ /համահունչ/: