Մայիսի 11-ին Հայաստանի պետհիմնարկմների, ՏԻՄ-երի և հանրային ծառայությունների հանրապետական արհմիության նախագահ Անահիտ Ասատրյանը դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ մտահագություն հայտնելով «Լուսանշան» ՊՈԱԿ-ի լուծարման և դրա գործառույթները մասնավորին փոխանցելու վերաբերյալ: Երևան քաղաքի անվտանգ երթևեկության կարգավորման տեխնիկական միջոցներ ներդրող, շահագործող և կատարելագործող «Լուսանշան» ՊՈԱԿ-ը, որի աշխատողները պետհիմնարկների հանրապետական արհմիության անդամ են հանդիսանում, լուծարվել է ՀՀ կառավարության 2018 թ. փետրվարի 1-ի որոշմամբ, և նշված գործառույթները այսուհետ իրականացնելու է մասնավոր ընկերություն: Մասնավորեցման նպատակով հայտարարված մրցույթին ի սկզբանե պատրաստվում էին մասնակցել մի քանի ընկերություներ, սակայն անհասկանալի պատճառներով դրանք հետ քաշվեցին այդ գործընթացից: Մրցույթին հաղթող ճանաչված միակ մասնակցած կազմակերպությունը իր ծառայությունները մատուցելու է կրկնակի թանկ քան դա անում էր «Լուսանշանը»։ Ա. Ասատրյանը խնդրել է վարչապետին ստուգել «Լուսանշան» ՊՈԱԿ-ի լուծարման նպատակահարմարությունը և գործառույթը մասնավորին փոխանցելու օրինականությունը:
ՀՀ վարչապետին ուղղված գրությունը ներկայացվում է ստորև.
Հարգարժան պարոն վարչապետ
Ինչպես գիտեք, Կարեն Կարապետյանի կառավարության աշխատանքի ուղղություններից էր մի շարք պետական ծառայությունները մասնավորին հանձնելը և պետական ապարատի կտրուկ կրճատումը։
Որոշ դեպքերում այդ քայլերը իրոք արդարացված էին, սակայն այն դեպքերում, երբ ծառայության պատասխանատուն ու ֆինանսավորողը պետությունն է կամ համայնքը, դրանք մասնավորին փոխանցելը, այսինքն բիզնեսի վերածելը անտրամաբանական է։ Նման դեպքերում պետության կամ համայնքի ծախսերը կրճատվելու փոխարեն ավելանում են, քանի որ մասնավորը նաև շահույթ է հետապնդում։ Ոչ պակաս կարևոր է նաև, որ մասնավոր կազմակերպությունների ընտրությունը կառուպցիոն ռիսկեր է պարունակում։
Այսպես 2018 թ․ փետրվարի 1-ի կառավարության որոշմամբ լուծարվեց «Լուսանշան» ՊՈԱԿ-ը, որը իրականցնում էր Երևան քաղաքի անվտանգ երթևեկության կարգավորման տեխնիկական միջոցների ներդրումը, շահագործումը և կատարելագործումը, և որի աշխատողները մեր արհմիության անդամներ են հանդիսանում։ Որպես որոշման հիմնավորում ՀՀ ոստիկանության կողմից ներկայացվեց հետևյալ հիմնավորումը՝ “Աշխատանքները նախատեսվում է իրականացնել «Գնումների մասին» ՀՀ օրենքով սահմանված մրցույթային ընթացակարգով ընտրված կազմակերպության միջոցով: Դրանով պայմանավորված՝ վերանում է այդ աշխատանքների կատարման նպատակով ստեղծված ՀՀ ոստիկանության «Լուսանշան» ՊՈԱԿ-ի իրականացումը և «Լուսանշան» ՊՈԱԿ-պահելու անհրաժեշտությունը:
Մեր տեղեկությունով հայտարարված մրցույթին պատրաստվում էին մասնակցել մի քանի կազմակերպություններ, սակայն անհասկանալի պատճառներով նրանք հետ քաշվեցին այդ գործընթացից։ Մրցույթին հաղթող ճանաչված միակ մասնակցած կազմակերպությունը իր ծառայությունները մատուցելու է կրկնակի թանկ քան դա անում էր «Լուսանշանը»։
Խնդրում եմ ՁԵզ հանձնարարել ստուգել «Լուսանշան» ՊՈԱԿ-ի լուծարման նպատակահարմարությունը և գործառույթը մասնավորին փոխանցելու օրինականությունը։
Քանի որ «Լուսանշանի» գործունեությունը սահմանափակվում է Երևան քաղաքով, կարծում ենք ճիշտ կլիներ, որ այն շարունակեր աշխատել որպես համայքային ոչ առևտրային կազմակերպություն, մանավանդ որ սպասարկվող գույքը Երևան քաղաքի սեփականությունն է։
ԹԱՐՄԱՑՈՒՄ
Վերոնշյալ գրությանը ստացվել է պատասխան ՀՀ ոստիկանության շտաբից: Պատասխանում կրկին նշվում է կառավարության կողմից Լուսանշանի լուծարման որոշումը: Որպես լուծարման շարժառիթ, նամակում կրկին տրվում է հետևյալ անհեթեթ հիմնավորումը՝ «լուծարման առաջարկ ներկայացնելիս հաշվի է առնվել այն հանգամանքը, որ բոլոր հավասար պայմաններում մրցույթը չհաղթելու դեպքում, «Լուսանշան»-ը անմիջապես հայտնվելու է սնանկ վիճակում՝ բոլոր բացասական հետևանքներով հանդերձ»: Այսպիսի տարօրինակ ձևակերպումը հենց մեկն էր այն փաստերից, որոնք ի սկզբանե կասկածների տեղիք են են տալիս և գործընթացի անթափանցիկության մասին են վկայում: Փաստորեն, ոստիկանության պատասխանում պարզապես ևս մեկ անգամ վերաշարադրվում են Լուսանշան ՊՈԱԿ-ի լուծարման և դրա ֆունկցիաները մասնավորին հանձնելուն վերապերվող պաշտոնական տեքստերը: Բացի այդ, պատասխան նամակում խստորեն արդարացվում է մասնավորեցումը, և պնդվում է, որ ծառայությունների վերագրումը համայքներին անընդունելի է, և բոլոր հնարավոր դեպքերում, ցանկացած ծառայություններ և աշխատանքներ պետք վերապահվեն մասնավորին:
Պատասխանը ամբողջությամբ տեսնելու համար դիտեք ստորև: