2015 թ. ՀՀ-ում հանրաքվեի արդյունքում ընդունվեցին ՀՀ Սահմանադրության փոփոխություններ, որոնց արդյունքում Հայաստանի Հանրապետությունը 2018 թվականի ապրիլից անցավ խորհրդարանական կառավարման համակարգի: Ապրիլի 17-ին, ԱԺ հատուկ նիստի ընթացքում ձայների 77 կողմ, 17 դեմ ձայների համամասնությամբ ՀՀ վարչապետ ընտրվեց Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
Վերջին օրերին Երևանում և այլ քաղաքներում տեղի են ունենում մեծ թվով բողոքի ցույցեր ու ակցիաներ` ընդդեմ Հայաստանի Հանրապետության իշխանության կոնսոլիդացման և ժողովրդավարության կրճատման:
Մենք նույնպես հետևում ենք հազարավոր քաղաքացիների ազատ արտահայտման իրավունքին և զորակցում ենք նրանց: Ցավոք, ոստիկանության և ուժային կառույցների կողմից ցուցարարների հանդեպ պարբերաբար տեղի են ունենում բռնության և ոտնձգության դեպքեր: Հիշեցնում ենք, որ պետական մարմինների պարտավորությունն է ապահովել իրենց ազատ կամքը արտահայտող քաղաքացիների անվանգությունը և չխախտել նրանց իրավունքները:
Կոչ ենք անում պետության ներկայացուցիչներին ցուցաբերել զսպվածություն, քաղաքական ճկունություն և հարգանք հասարակության նկատմամբ՝ երկու կողմերի համար էլ անդառնալի հետևանքներից խուսափելու և առանց այդ էլ լարված զարգացումները չբարդացնելու համար: