ՀԱՅ-ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ԱՐՀՄԻՈՒԹԵՆԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ Ծաղկաձորյան հանդիպումներ

Գերմանիայի Դաշնության Հյուսիս-Հռենոսյան Վեստֆալիա նահանգի Գերմանական Արհմիությունների Միավորման (ԳԱՄ) երիտասարդական հատվածի (DGB-Youth NRW) պատվիրակությունը և Հայաստանի տարբեր ճյուղեր ներկայացնող 30-ից ավել երիտասարդ արհմիութենականներ  հունիսի 22-ին Ծաղկաձորում հանդիպում ունեցան ՀՀ կոտայքի մարզպետի տեղակալ Կարեն Մարգարյանի հետ, ով Ծաղկաձոր էր ժամանել Հայաստանի պետհիմնարկների արհմիության նախագահ Ա.Ասատրյանի հրավերով:

Հայ ու գերմանացի երիտասարդ արհմիութենականների հանդիպմանը փոխմարզպետը ներկայացրեց Կոտայքի մարզը, Ծաղկաձորը՝ որպես տուրիզմի կենտրոն, անդրադարձավ նաև արհմիության դերին ու նշանակությանը։

Օգտվելով հանրային ոլորտի արհմիութենականների հետ հանդիպման հնարավորությունից՝ պետհիմնարկների արհմիության նախագահը նշեց, որ հունիսի 23-ը ՄԱԿ-ի կողմից ընդունված է որպես հանրային ծառայությունների օր և իրազեկեց, որ հանրապետական արհմիության ղեկավար մարմինը դիմել է ՀՀ կառավարություն՝ հունիսի 23-ը Հայաստանում Հանրային ծառայողի օր հռչակելու առաջարկով:

Հունիսի 23-ին երեք տասնյակ երիտասարդ արհմիութենականների հետ գերմանացի արհմիութենականներն անցկացրին ամփոփիչ սեմինարների շարք՝ «Կոշտ խնայողության քաղաքականությունը և արհմիությունները», « Օրգանայզինգ», «Քարոզչություն, պլանավորում» թեմաներով:

Նշենք, որ Գերմանիայի Դաշնության Հյուսիս-Հռենոսյան Վեստֆալիա նահանգի Գերմանական Արհմիությունների Միավորման երիտասարդական հատվածի (DGB-Youth NRW) պատվիրակությունը Հայաստանում էր գտնվում 2017թ. հունիսի 16-25-ը Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչության նախաձեռնությամբ:            Փոխադարձ այցն իրականացվում էր «Ռազմավարություն և քարոզչություն երիտասարդական արհմիութենական աշխատանքում» ծրագրի շրջանակում, որի նպատակը երկու երկրների երիտասարդ արհմիութենականների ուսուցումն ու փորձի փոխանակումն էր։