Գերմանիայի Դաշնության Հյուսիս-Հռենոսյան Վեստֆալիա նահանգի Գերմանական Արհմիությունների Միավորման (ԳԱՄ) երիտասարդական հատվածի (DGB-Youth NRW) պատվիրակության անդամները Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայում հունիսի 20-ին հանդիպում ունեցան ՀԱՄԿ-ի նախագահի տեղակալ Բ.Խարատյանի, ինչպես նաև աշխատակազմի մի քանի բաժինների ղեկավարների հետ: Հանդիպման ընթացքում կողմերը ներկայացրին իրենց կազմակերպությունների կառուցվածքը, հիմնախնդիրները, քննարկեցին արհմիութենական շարժմանը նպաստող հարցեր:
Նույն օրը ԳԱՄ-ի երիտասարդ արհմիութենականները ՀԱՄԿ-ի դահլիճում հանդիպում ունեցան Հայաստանի արհմիությունների տարբեր ճյուղերի մոտ 30 երիտասարդների հետ: Հայ արհմիութենականերին ներկայացվեց ԳԱՄ-ի, ԳԱՄ-ի երիտասարդական հատվածի կառուցվածքն ու գործունեությունը: Փորձի փոխանակման նպատակով գերմանացի արհմիութենականները պատասխանեցին հավաքվածների տարաբնույթ հարցերին՝ կապված աշխատողների, արհմիությունների իրավունքների, դրանց խախտման դեպքերի, արհմիության անդամակցության, արհմիութենական միջոցառումների հետ և այլն:
Նշենք, որ Գերմանիայի Դաշնության Հյուսիս-Հռենոսյան Վեստֆալիա նահանգի Գերմանական Արհմիությունների Միավորման երիտասարդական հատվածի (DGB-Youth NRW) պատվիրակությունը Հայաստանում էր գտնվում 2017թ. հունիսի 16-25-ը Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչության նախաձեռնությամբ:
Փոխադարձ այցն իրականացվում էր «Ռազմավարություն և քարոզչություն երիտասարդական արհմիութենական աշխատանքում» ծրագրի շրջանակում, որի նպատակը երկու երկրների երիտասարդ արհմիութենականների ուսուցումն ու փորձի փոխանակումն էր։