Աշխատանքի օրը՝ մայիսի 1-ին, Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի և հասարակական սպասարկման աշխատողների հանրապետական արհմիությունը խաղաղ երթ անցկացրեց մայրաքաղաքի կենտրոնական փողոցներում:
Մինչ երթի մեկնարկը պետհիմնարկների արհմիության նախագահ Ա.Ասատրյանը դիմեց հավաքվածներին՝ հնչեցնելով արհմիության դիրքորոշումը վերջին շրջանում կառավարության վարած քաղաքականության հանդեպ:
«Բարև Ձեզ:
Շնորհավոր Մայիսի 1:
Այսօր աշխատողների համերաշխության միջազգային օրն է. այն օրը, երբ ամբողջ աշխարհում աշխատողները և նրանց ներկայացուցիչները՝ արհմիությունները, տարատեսակ գործողություններով իրենց վերաբերմունքն են արտահայտում կառավարությունների կողմից վարվող քաղաքականություններին:
Մենք շուտով նոր կառավարություն ենք ունենալու, բայց արդեն գիտենք , որ այն շարունակելու է նախորդի ծրագիրը իրագործել։ Ինչո՞վ էր առանձնահատուկ այս կառավարությունը. այն ամբողջ վեց ամիսների կառավարման ընթացքում կառավարման արդյունավետության հասնելու պատրվակով պետական աշխատողների մեծամասշտաբ կրճատումներ էր պլանավորում։ Այդ քաղաքականությունը արդեն վեց ամիս անորոշության և լարվածության մեջ է պահում պետական աշխատողներին, ինչը լուրջ սպառնալիք է նրանց առողջությանը: Հասարակության շրջանում պետական աշխատողների վարկանիշը գցելուն զգալիորեն նպաստեցին նաև ԶԼՄ-ները՝ շատ դեպքերում պետական ծառայողին ներկայացնելով որպես «բյուջեից սնվող ձրիակեր»։
Կառավարությունը պարտավոր է վերականգնել պետական ծառայողի բարի համբավը։ Հասարակությանը պետք է ներկայացվի, որ պետական աշխատողների մեծ մասը բարեխիղճ, կրթված, հայրենասեր, իրենց գործին նվիրված աշխատողներ են, և պետք չէ նրանց նույնականացնել մի խումբ կոռումպացված չինովնիկների հետ։
Մենք հիշեցնում ենք կառավարությանը, որ Հայաստանի Հանրապետությունը սոցիալական պետություն է, որ պետությունը բիզնես չէ, և սոցիալականը միշտ պետք է առաջնահերթ լինի։ Մարդը գերագույն արժեք է, դա հենց կառավարության ծրագրի առանցքային դրույթն է, և կառավարությունը միշտ պետք է հիշի դրա մասին։
Տնտեսության զարգացումը շատ կարևոր է, բայց չի կարելի զարգացնել մեկը մյուսի հաշվին, չի կարելի աջակցել բիզնեսին ՀՀ աշխատող քաղաքացիների հաշվին, ինչպես այսօր փորձ է արվում անել։ Մենք դեմ ենք արտահայտվել աշխատանքային օրենսգրքի առաջարկվող փոփոխություններին և պնդում ենք, որ դրանք խախտում են աշխատողների իրավունքները։
Մենք կոչ ենք անում ապագա կառավարությանը վարել արդար հարկային քաղաքականություն, նորից պետք է հիշեցնեմ, որ աշխատողներն են ապահովում մեր երկրի բյուջեի մուտքերի 1/3-ը։ Մենք վճարում ենք մեր բաժին հարկերը, պետք է վճարի նաև բիզնեսը։
Կառավարությունը հաջողության կհասնի միայն այն ժամանակ, երբ սկսի հաշվի նստել աշխատողների և արհմիությունների հետ։ կարծում եմ, որ մի օր ստիպված են լինելու հաշվի նստել մեզ հետ»։
Այնուհետև մոտ 600 մասնակիցներով երթը մեկնարկեց Իսահակյանի արձանի մոտից՝ կարգախոսելով «սոցիալական արդարություն», «արժանապատիվ աշխատանք», «սոցիալականը նյութականից առաջ», «մարդը շահույթից վեր է», «պետությունը բիզնես չէ», «մարդը գերագույն արժեք է», «պետական աշխատողը առաջնագծում» և այլ պահանջներ:
Հյուսիսային պողոտայում պետական հիմնարկների աշխատողները միացան Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիային և գործընկեր ճյուղային հանրապետական արհմիություններին և միասնության, համերեշախության ոգով, սոցիալական արդարության և այլ պահանջ-կարգախոսներով շարունակեցին երթը մինչև Հանրապետության հրապարակ: