Հայաստանի պետհիմնարկների հանրապետական արհմիության նախագահ Ա. Ասատրյանը 2017 թվականի հունվարի 10-11-ը Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում մասնակցեց «Որակյալ զբաղվածություն և որակյալ հանրային ծառայություններ» թեմայով կոնֆերանսին: Եվրոպայի հանրային ծառայությունների աշխատողների արհմիությունների միավորման (ԵՀԾԱԱՄ) կազմակերպած միջոցառմանը մասնակցում էին Եվրոպական ավելի քան 120 երկրների շուրջ 300 ներկայացուցիչներ` քննարկելու աշխատանքի որակի, դրա սահմանման հետ կապված տարատեսակ խնդիրներ, որոշելու որակյալ աշխատանքի հասնելու համար անհրաժեշտ գործողությունները։
Բացման խոսքով հանդես եկավ ԵՀԾԱԱՄ-ի գլխավոր քարտուղարը: Իր ելույթում Յան Վիլլեմ Գոուդրիաանը ողջունեց այն փաստը, որ Եվրոպական ինստիտուտները սկսել են հատկապես ուշադրության արժանացնել աշխատանքի որակի խնդրին` օրինակ բերելով այն, որ Եվրոպական Կոմիտեն իր տարեկան զեկույցում երկու անգամ անդրադարձել է աշխատանքի որակի կարևորությանը: Նշված դրական միտումները բանախոսը մասնավորեցրեց Իտալիայի, Իռլանդիայի և Իսպանիայի օրինակներով, որտեղ հանրային ծառայությունների սեկտորը վերադարձել է կոլեկտիվ բանակցությունների գործընթացին և վերստին ձեռք է բերել այն առավելություններն ու վարձատրությունները, որոնք կորցրել էր խիստ խնայողության պարագայում:
Յան Վիլլեմը վստահություն հայտնեց, որ Եվրոպական արհմիությունները պետք է բարելավեն աշխատանքի որակը, հանրային ոլորտի ծառայողները պետք է ապահովված լինեն վարձատրության արժանապատիվ աճով, և աշխատավարձերի կրճատումները պետք է վերականգնվեն։ Դրա համար հարկավոր է վերջ դնել խնայողական քաղաքականությանը և վերականգնել կոլեկտիվ պայմանագրերը։
Ստորև ներկայացվում է կոնֆերանսում քննարկման արժանացած կարևորագույն թեմաների ամփոփումը:
Որակյալ աշխատանքի սահմանում
HIVA Leuven համալսարանի գլխավոր հետազոտող Գայ վան Գիսը նկարագրեց այն հիմնական կետերը, որոնց վրա հիմնվում է որակյալ աշխատանքը` հենվելով Եվրոպական և համաշխարհային տարբեր ցուցանիշների վրա։ Նա նշեց, որ Եվրոպական մակարդակով զարգացումները կարող են ճանապարհ բացել առաջիկա տարիներին արհմիությունների նախաձեռնությունների համար։ Աշխատանքի որակը գնահատելիս պետք է հաշվի առնել բազմաթիվ ցուցանիշներ. Սոցիալական բավարար ապահովվածությունը և բարձր աշխատավարձը դեռ բավարար պայմաններ չեն, եթե առկա է գերծանրաբեռնվածություն և սթրես։
Եվրոպայի արհմիությունների կոնֆեդերացիայի վարձատրության արշավը
Վերջին տարիների ընթացքում կոշտ խնայողության քաղաքականությունը բերել է հանրային ոլորտի աշխատողների աշխատավարձերի կրճատումների և սառեցման, այդ պատճառով Եվրոպայի արհմիությունների կոնֆեդերացիան (ETUC) 2017 թվականը հայտարարել է «վարձատրության բարձրացման տարի»։ Կոնֆեդերացիան պատրաստվում է ձեռնարկել հսկայական արշավ՝ ուղղված Եվրոպայի աշխատողների աշխատավարձերի բարձրացմանը` հիմնավորելով առավել կայուն վերականգնման գործընթացում դրա անհրաժեշտությամբ։
«Անորոշ աշխատանք» (Precarious work)
Կոնֆերանսի ընթացքում նկարագրվեցին «անորոշ աշխատանքի» պայմանները, տրվեցին սահմանումներ։ Քննարկվեցին աշխատանքային պայմանագրերի, արտաժամյա աշխատանքի, աշխատանքային ծանրաբեռնվածության հետ կապված խնդիրները, բերվեցին կոլեկտիվ բանակցությունների և արհմիութենական արշավների օրինակներ՝ Եվրոպական տարբեր երկրների փորձից։
Երկօրյա կոնֆերանսը կազմակերպվել էր Եվրոպական Կոմիտեի (European Commission) ֆինանսական աջակցությամբ։