Հայաստանի պետհիմնարկների արհմիության ներկայացուցիչները Գերմանիայում

Հայաստանի պետհիմնարկների արհմիության ներկայացուցիչները Գերմանիայում

Նոյեմբերի 6-11-ը Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչության նախաձեռնությամբ կազմակերպվեց Հայաստանի արհմիությունների երիտասարդ ներկայացուցիչների արհմիութենական-ճանաչողական-ուսուցողական այցը ԳԴՀ Հյուսիս-Հռենոսյան Վեստֆալիա երկրամաս: Երիտասարդ արհմիութենակաների այցի նպատակը Գերմանիայի երիտասարդական արհմիութենական աշխատանքում ռազմավարության ու քարոզչության ծանոթությունն էր: Հայաստանի պետական հիմնարկների արհմիությունը ներկայացնում էին երիտասարդական թևի ներկայացուցիչներ Անժելա Ստեփանյանը և Հայկ Կոշեցյանը:

Մասնակիցների առաջին հանգրվանը Հյուսիս-Հռենոսյան Վեստֆալիայի Հաթինգեն քաղաքն էր, որտեղ` Գերմանիայի Արհմիությունների Միավորման (ԳԱՄ) երիտասարդական կրթական կենտրոնում, վերջիններս ծանոթացան երիտասարդական կրթական հաստատություններին, ԳԱՄ երիտասարդական թևի կառուցվածքին ու գործառույթներին, կառավարման ոլորտում թևի գործունեությանը:

Մասնակիցներին ներկայացվեցին Գերմանիայի արհմիությունները` պատմությունից մինչև արդի մարտահրավերներ:

Մյունսթեր քաղաքում երիտասարդ արհմիութենականները հանդիպում ունեցան արհմիության ներկայացուցիչների և գործարանների խորհուրդների երիտասարդների հետ, Հյուսիս-Հռենոսյան Վեստֆալիայի ԳԱՄ-ի 2-րդ նախագահ Զաբինե Գրաֆի հետ, ով իրավասու է ԳԱՄ-ում սոցիալական ապահովագրությունների համար, տեղեկացան ապահովագրության ոլորտում արհմիությունների որոշումների կայացման իրավունքին, լսեցին գերմանական սոցիալական ապահովագրության համակարգի և իրավահավասար կառավարման վերաբերյալ զեկույց:

Մյունսթեր քաղաքի համալսարանում հայ արհմիութենականները հանդիպում ունեցան արհմիութենական բուհական խմբի հնգանդամ ղեկավարության հետ: Խումբը ներկայում ղեկավարում է մի արշավ` ուղղված աշխատանքային պայմանների բարելավմանը: Նախաձեռնող ակտիվ ներկայացուցիչները հայ արհմիութենականների հետ կիսվեցին արշավի նպատակներով ու հաջողություններով:

Երիտասարդ արհմիութենականների խումբը հնարավորություն ունեցավ գտնվել Հյուսիս-Հռենոսյան Վեստֆալիա նահանգի վարչական կենտրոնի` Դյուսելդորֆի «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի գրասենյակում, ծանոթանալ ՖԷՀ գործունեության հիմնական ուղղություններին, արհմիությունների հետ համագործակցությանը:

Աշխատանքի, ինտեգրացիայի և սոցիալական հարցերի նախարարությունում լսեցին քաղաքականության և արհմիությունների միջև համագործակցության մասին, այցելեցին Լանդթագ` խորհրդարան, ծանոթացան արհմիությունների շնորհիվ/միջոցով քաղաքականության վրա ազդեցության ձևերին ու փորձին: Մասնակիցները հնարավորություն ունեցան  նաև լիագումար նիստին մասնակցելու:

5-օրյա այցի ընթացքում, բազմաթիվ հանդիպումներից զատ, մասնակիցները շրջայց կատարեցին Մյունսթեր քաղաքում, ակուստիկ առաստաղների արտադրությամբ զբաղվող «Արմսթրոնգ» գործարանում, հանդիպում ունեցան նաև Բոխումի քաղաքային կառավարությաւն ներկայացուցիչների հետ և այլն:

%d bloggers like this: