Պետհիմնարկների աշխատողների արհմիության 85-րդ տարելիցը նշվեց սույն թվականի հոկտեմբերի 7-ին` «Առնո Բաբաջանյան» դահլիճում: Հանդիսավոր նիստին, բացի ճյուղային հանրապետական միության անդամ կազմակերպությունների ղեկավարներից ու արհմիության անդամներից, մասնակցում էին պետհիմնարկների, ՏԻՄերի և հասարակական սպասարկման աշխատողների ճյուղային հանարապետական միության 2003-2013թթ. նախագահ Ելենա Հակոբովան, ՀԱՄԿ-ի նախագահ Էդուարդ Թումասյանը, ՀԱՄԿ-ի նախագահի տեղակալներ Բորիս Խարատյանն ու ԽաչիկԱռաքելյանը, Պետական հիմնարկների և հասարակական աշխատողների արհմիությունների միջազգային ֆեդերացիայի փոխնախագահ Նիկոլայ Գավվան,Եվրոպայի հանրային ծառայությունների արհմիությունների միավորման Հյուսիսային Եվրոպայի տարածքային միավորման քարտուղար Վասիլիյ Շիլովը, ՌԴ նախագահի գործերի կառավարչության ձեռնարկությունների աշխատողների արհմիութենական կազմակերպության նախագահ Անոտոլիյ Կորոլյովը, ՀԱՄԿ-ի անդամ ճյուղային հանրապետական արհմիությունների նախագահներ, ՀԱՄԿ-ի աշխատակազմի և գործընկեր արհմիությունների ներկայացուցիչներ:
Արհմիությանը հոբելյանի առիթով շնորհավորելու էին եկել նաև արհմիության սոցիալական գործընկերներ:
Ներկաներին ողջույնի խոսքեր հղեց ճյուղային հանրապետական միության նախագահ Անահիտ Ասատրյանը:
Իր ելույթում ՃՀՄ նախագահը պատմական էքսկուրս անցկացրեց, անդրադարձավ արհմիության համար դժվարին ժամանակաշրջանին, երբ մշտապես փոփոխվող իրավիճակներում արհմիությունն աշխատողների իրավունքների պաշտպանության նոր ձևեր էր փնտրում: Ա.Ասատրյանն անդրադարձավ այն խոչընդոտներին ու ձեռքբերումներին, որոնք ունեցել է արհմիությունը հատկապես վերջին տասնամյակում: Խոչընդոտները բազմաթիվ են, ձեռքբերումներն էլ պակաս չեն:
«Անկախության տարիները երբեք էլ հեշտ չեն եղել, – նշեց Ա.Ասատրյանը: – Մեր արհմիությունը այստեղ բացառություն չէ։ Մենք շատ դժվար ժամանակներ ենք անցել` հաղթահարելով և՛ արտաքին, և՛ ներքին մարտահրավերները։ Վերջին տասը տարիներին աշխատում էինք մեր արհմիության նյութական հիմքը ամրապնդելու, արհմիության անդամների թիվն ավելացնելու, արհմիության վարկանիշը անդամների շրջանում բարձրացնելու ուղղությամբ, իհարկե դա շատ բարդ և ամենօրյա դանդաղընթաց աշխատանք էր, որը մեծ ջանքեր էր պահանջում։
Նշված տարիներին արհմիությունը հանդես է եկել իր անդամների արժանապատիվ աշխատանքի ձևավորման համար համապատասխան առաջարկներով և ելույթներով՝ քաղաքացիական ծառայողների աշխատավարձերի բարձրացման, համայնքային ծառայողների աշխատավարձերի ձևավորման միասնական սկզբունքի, սոցիալական փաթեթի կատարելագործման, կուտակային կենսաթոշակային համակարգի, քաղաքային տրանսպորտի բարելավման, հարկային արդարության անհրաժեշտության և այլ ուղղություններով»։
ՃՀՄ նախագահը կարևորեց նաև արհմիության զանգվածային միջոցառումները` որպես աշխատողների շահերը ներկայացնելու նոր մոտեցում, երբ ավանդական դարձած պահանջատիրական երթերով իշխանությունների ուշադրությունը հրավիրում է աշխատողների ամենացավոտ հարցերին: Ա.Ասատրյանը հատկանշեց նաև արհմիության երիտասարդական թևի զարգացման, կոլեկտիվ միասնական միջոցառումների կարևորությանը և այլն: Եվ «չնայած այն բոլոր դժվարություններին, նշեց Ա.Ասատրյանն իր ելույթի ավարտին, որոնց հանդիպել է մեր արհմիությունը իր գոյության ճանապարհին, արհմիության նվիրյալների, այս դահլիճում նստածների շնորհիվ մեզ հաջողվել է ոչ միայն պահպանել մեր կառույցը, այլ նաև զարգացման ուղին բռնել։ Երբեք չենք վախեցել մեր սխալների մասին խոսել, բացահայտել, ուղղել դրանք և առաջ շարժվել։ Ամենակարևոր որոշումներն ընդունել ենք միասին։ Մենք հավատում ենք մեր ուժերին, որովհետև միասին ենք, անտարբեր չենք, ուզում ենք մեր երկրում արժանապատիվ կյանքով ապրել և պատրաստ ենք քայլ առ քայլ դրան հասնելու»:
Հանդիսավոր նիստի ընթացքում արհմիութենական շարժման համերաշխության և միասնականության ամրապնդմանը նպաստելու համար ճյուղային հանրապետական միության հոբելյանական պատվոգրով պարգևատրվեցին արհմիության մեջ զգալի ներդրում ունեցած գործող և նախկին նախագահներ, երիտասարդական թևի ներկայացուցիչներ:
Ճյուղային արհմիության նախագահ Ա.Ասատրյանը շնորհակալագրեր հանձնեց նաև սոցիալական գործընկերության շրջանակներում արհմիությանը մշտական աջակցություն ցուցաբերած գործընկերների` ՀՀ ԱՎԾ աշխատակազմի ղեկավարի Արայիկ Հայրապետյանին, ՀՀ Կոտայքի մարզպետի տեղակալ Կարեն Մարգարյանին, Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Հովհաննես Ղալեչյանին: Արհմիության զանգվածային միջոցառումներին ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար ճյուղային հանրապետական արհմիության նախագահի շնորհակալագրին արժանացավ նաև «Սևան» երիտասարդական ակումբը:
Պետհիմնարկների արհմիության հանդիսավոր նիստի մասնակիցներին ողջունեց ու բարեմաղթանքներ հղեց նաև Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Է.Թումասյանը: Նշելով պետհիմնարկների արհմիության զգալի դերը Հայաստանի արհմիութենական կյանքում, վերջինս արհմիության մի քանի առաջնորդների հանձնեց ՀԱՄԿ-ի պատվոգրեր, պատվո կրծքանշաններ ու շնորհակալագրեր` արհմիութենական ակտիվ աշխատանքի, հանրապետությունում արհմիութենական շարժման զարգացմանն ու արհմիութենական կապերի ամրապնդմանը խթանելու համար:
ՀԱՄԿ-ի նախագահը պատվո կրծքանշանով պարգևատրեց ճյուղային հանրապետական միության նախագահ Ա.Ասատյանին` արհմիութենական ակտիվ աշխատանքի, արհմիութենական շարժման զարգացմանը ու արհմիութենական կապերի ամրապնդմանը խթանելու համար:
Բարեմաղթանքներ հնչեցին նաև արհմիությանը շնորհավորելու եկած արտասահմանյան գործընկերներից: Արհմիությունների միջազգային ֆեդերացիայի անունից հանդիսատեսին ողջունեց փոխնախագահ Ն.Գավվան: Միջազգային արհմիութենական ակտիվ աշխատանքի, միջազգային արհմիութենական շարժման զարգացմանն ու միջազգային կապերի ամրապնդմանը խթանելու համար վերջինս արհմիության մի քանի ղեկավարների հանձնեց ֆեդերացիայի պատվոգրեր:
Տարբեր երկրների արհմիությունների միջև ընկերակցության ամրապնդման, անձնական ներդրման համար ԱՄՖ պատվոգրերով պարգևատրվեցին ճյուղային միության նախագահներ Ա.Ասատրյանն ու Ե.Հակոբովան (2003-2013թթ.):
Հնչեցին նաև շնորհավորանքներ ինչպես ՀԱՄԿ-ի անդամ ճյուղային հանրապետական արհմիություններից, այնպես էլ ճյուղայինի անդամ կազմակերպությունների նախագահներից:
Ճյուղային հանրապետական միության նախագահ Ա.Ասատրյանը նշեց, որ արհմիության հոբելյանը հենց հոկտեմբերի 7-ին նշելը պատահականություն չէր: Այդ օրը ողջ աշխարհում, Հայաստանում ևս, նշվում է արժանապատիվ աշխատանքի համար պայքարի օրը: Այս միջոցառումը հարմար առիթ էր արհմիության ձայնը լսելի դարձնելու, իշխանությունների ուշադրությունը Արժանապատիվ աշխատանքի կարևորությանը հրավիրելու։
Միջոցառման մասնակիցներն իրենց հերթին հանդես եկան օրվան համապատասխան կարգախոսներով` «Արժանապատիվ աշխատանք», «Հարկային արդարություն», «Հանրային ծառայողը առաջնագծում», «Աշխատանք բոլորին», «Արհմիությունը` աշխատողի հետ», «Աշխատենք արժանապատվորեն», «Լինենք պաշտպանված», «Հանուն արժանապատիվ աշխատանքի» և այլն:
ՃՀՄ նախագահը բարձրաձայնեց մեր երկրում արժանապատիվ աշխատանքի հասնելու ճանապարհին առկա խնդիրները և նշեց, որ միայն միասնականությամբ, մեր իրավունքներին տեր կանգնելով, մեր գիտելիքն ու ջանքը ներդնելով կարող ենք կառուցել մեր երազած երկիրը։ Միայն այս դեպքում կհասնենք նրան, ինչին ձգտում ենք։
Միջոցառման ընթացքում մասնակիցներին ներկայացվեց «Հանուն արժանապատիվ կյանքի» գիրքը, որը ներկայացնում է մեր այսօրվա արհմիությունը` անցյալի մասին մի փոքր անդրադարձով:
Միջոցառման մասնակիցներին համերգային կատարումներով ողջունեցին Աշտարակի «Քասախ» պարային համույթը, Գավառի Գ.Դաբաղյանի անվան դուդուկի դպրոցի տնօրեն Հայկ Սիարականյանը, «ԱՐՓԱ» պարային համույթը:
Միջոցառման ավարտին ճյուղային հանրապետական միության նախագահը իր երախտիքի խոսքն ուղղեց նիստի մասնակիցներին` արհմիության միջոցառումներին միասնականություն, համերաշխություն ու պատրաստակամություն դրսևորելու համար:
Միջոցառումից դուրս արհմիության միջազգային գործընկերները Հայաստանի պատմության թանգարանի հրավերով հյուրընկալվեցին թանգարանում և ծանոթացան հայոց բազմադարյան պատմությանը: