ՊԵտհիմնարկների արհմիության նամակը վարչապետին՝ սոցփաթեթի վերաբերյալ

ՊԵտհիմնարկների արհմիության նամակը վարչապետին՝ սոցփաթեթի վերաբերյալ

Հայաստանի պետական հիմնարկների, ՏԻՄ-երի ճյուղային հանրապետական արհմիությունը սոցիալական փաթեթի կասեցման դեմ հանդես եկավ ՀՀ վարչապետին ուղղված նամակով։ Նամակում ասված է․

​Մեծարգո պարոն վարչապետ

           Սոցիալական փաթեթը 2017-2019 թ.թ. կասեցնելու ՀՀ կառավարության մտադրությունը մեծ անհանգստություն է առաջացրել մեր արհմիության անդամների շրջանում:

           Պետական ծառայողներին զրկել սոցիալական փաթեթով տրվող գումարներից, նշանակում է նրանց զրկել ոչ միայն հանգստի, այլև ընտանիքի  անդամի ուսման վարձի և հիփոթեքային վարկի տոկոսի վճարման, ինչպես նաև առողջության ապահովագրության լրացուցիչ ծառայությունների նվազագույն փաթեթից և (կամ) սոցփաթեթի շահառուի ընտանիքի անդամի առողջության ապահովագրության նվազագույն բազային փաթեթից օգտվելու հնարավորությունից։

           Սոցփաթեթի կասեցման վերջնական որոշում ընդունելու դեպքում կառավարությունը հետքայլ կկատարի սոցիալական փաթեթի հատկացման իր հռչակած նպատակից, այն է` աշխատողների սոցիալական կարիքների բավարարում, աշխատողների մոտիվացում և աշխատանքի արդյունավետության բարձրացում, պետական մարմիններում և կազմակերպություններում աշխատանքի գրավչության բարձրացում, պետական մարմիններից դեպի մասնավոր հատված կադրերի հոսունության կրճատում և անխուսափելիորեն կխորացնի աշխատողների անվստահությունը կառավարության նկատմամբ:

           Ոլորտում կատարված չարաշահումների պատճառներից մեկը հենց անվստահությունն է. աշխատողները, վստահություն չունենալով վաղվա օրվա հանդեպ, վախենալով կառավարության անկանխատեսելի որոշումների շնորհիվ սոցիալական փաթեթի հաշիվներում եղած գումարները կորցնելուց, ընդառաջ են գնում այդ գումարները կանխիկացնելու ամենատարբեր առաջարկներին: Չարաշահումների մեկ այլ պատճառն էլ, մեր դիտարկմամբ, սոցփաթեթի շահառուների` փաթեթի հնարավորությունների մասին ոչ բավարար իրազեկվածությունն է։

           Ավելորդ չենք համարում հիշեցնել,  որ պետական ծառայողներին սոցիալական փաթեթ տրամադրելու պարտավորությունն ամրագրված է նաև «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքում։

           Առանց այդ էլ ՀՀ կառավարության 27.12.2012թ. թիվ 1691-Ն որոշմամբ համայնքային ծառայողները դուրս են մնացել սոցիալական փաթեթի շահառուների ցանկից, և դա այն դեպքում, երբ վերջիններս նույնպես հանդիսանում են հանրային ծառայողներ, և պետական ծառայողների հետ միասին իրականացնում են ՀՀ սահմանադրությամբ և օրենքներով պետությանը վերապահված լիազորություններ, ինչից էլ հետևում է, որ պետությունը նրանց և պետական ծառայողների համար պետք է ապահովի սոցիալական երաշխիքներից օգտվելու հավասար իրավունքներ:

            Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի և հասարակական սպասարկման աշխատողների ճյուղային արհմիությունը  ներկայացնում է հանրային ծառայողների, այդ թվում` պետական աշխատողների իրավունքներն ու շահերը, հետևապես շահագրգիռ է վերջիններիս աշխատանքային, սոցիալ-տնտեսական պահանջմունքների բավարարման հարցում, և այդ ենթատեքստում էլ գտնում ենք, որ պետք է չեղարկել 2017-2019թ.թ. ընթացքում սոցիալական փաթեթի  նախատեսվող կասեցումը, ավելին` ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածով` անհրաժեշտ է սոցփաթեթի շահառուների ցանկում ընդգրկել նաև համայնքային ծառայողներին, ինչպես նաև համայնքային ենթակայության կազմակերպությունների (նախադպրոցական հիմնարկներ, երաժշտական, մարզական դպրոցներ և այլն) աշխատակիցներին, ինչը որոշակիորեն կապահովի ոլորտում սոցիալական հավասարակշռությունը:

           Սոցիալական փաթեթի կասեցումը բացասաբար կանդրադառնա ոչ միայն աշխատողների վրա։ Համաձայն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության` մեր հարցմանն ի պատասխան տրամադրած տվյալների՝ 2014-2015թ.թ. սոցիալական փաթեթների գումարներից հանգստի կազմակերպմանն ուղղվել է մոտ 13մլրդ. ՀՀ դրամ, ինչը զգալի խթան է երկրում ներգնա տուրիզմի և  ոլորտի փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացմանը։ Մասնավորապես` սոցիալական փաթեթի ներդրումը առիթ հանդիսացավ բազմաթիվ զբոսաշրջային ընկերությունների ստեղծման, որոնք ՀՀ էկոնոմիկայի նախարարությանում հաշվառելու պարտադիր պայման էր առնվազն երկու ոլորտային ցուցահանդեսի մասնակցությունը: Հաշվի առնելով, որ նման ցուցահանդեսներին մասնակցությունն արդեն իսկ զգալի գումար է արժեցել, ոլորտի փոքր ու միջին ձեռնարկատերերը փաթեթի կասեցման դեպքում, ինչ խոսք, կհայտնվեն խաբվածի կարգավիճակում:

           Բյուջեի խնայողությանն ուղղված կառավարության քայլերը չպետք է վատթարացնեն  աշխատողների սոցիալական-տնտեսական վիճակը, այլապես, եթե կասեցման գործընթացը կյանքի կոչվի, այն կնվազեցնի պետական աշխատողների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական պաշտպանվածության աստիճանը, կմեծացնի անվստահությունը պետության սոցիալական քաղաքականության նկատմամբ ոչ միայն աշխատողների, այլ նաև գործարարների շրջանում։

           Կոչ ենք անում սոցիալական փաթեթը կասեցնելու փոխարեն քայլեր ձեռնարկել չարաշահումների վերացման ուղղությամբ, միաժամանակ հնարավորություն ստեղծել համայնքային ծառայողներին և համայնքային ենթակայության կազմակերպությունների  աշխատակիցներին ևս սոցփաթեթ տրամադրելու համար:

%d bloggers like this: