Փնտրում ենք սոցիալական առողջ գործընկերություն

Փնտրում ենք սոցիալական առողջ գործընկերություն

Չգիտեմ որքանով է մեր ընթերցողը տեղյակ, որ Հայաստանում գործում է հանրապետական եռակողմ հանձնաժողով ՀՀ կառավարության, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի և Հայաստանի գործատուների հանրապետական միության ներկայացուցիչների կազմով, և պարբերաբար ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ա.Ասատրյանի նախագահությամբ հանձնաժողովում քննարկում են կողմերի առաջարկները հանրապետական կոլեկտիվ պայմանագրով սամանված հարցերի շուրջ:

Օգտվելով հանձնաժողովի հերթական նիստում նախարարի հնչեցրած առաջարկից հանրապետական մակարդակով սոցիալական գործընկերության շրջանակներում արհմիություններին աջակցելու վերաբերյալ` հանրապետական եռակողմ հանձնաժողովի անդամ Անահիտ Ասատրյանը գրավոր դիմեց հանձնաժողովի նախագահին` ներկայացնելով պետական հատվածում գործատուների կողմից ահմիությունների իրավունքների շարունակական խախտումները` միաժամանակ խնդրելով արհմիությունների զարգացման և դրանց աջակցման անհրաժեշտության պարզաբանումներ տալ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներին:

Պետհիմնարկների արհմիության նախագահի մեկ այլ առաջարկը վերաբերում էր ՀՀ կոլեկտիվ պայմանագրի  շրջանակներում նախարարության ենթակայության կառույցներում արհմիությունների կայացմանն աջակցելուն:

Եվ չնայած նրան, որ նախարարն ինքն առաջարկեց իրազեկման նամակներ ուղղել տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներին, սակայն, չգիտես ինչ տրամաբանությամբ, հանձնաժողովի անդամ Ա.Ասատրյանի գրավոր առաջարկի պատասխանն ստացվեց նախարարի առաջին տեղակալ Ա.Պետրոսյանից, ով, փաստորեն, չհիմնավորված կերպով մերժեց ճյուղային արհմիության նախագահի` արհմիությունների զարգացմանն ու սոցիալական գործընկերության կայացմանը միտված առաջարկները: Ավելին, հանրապետական արհմիության նախագահին ներկայացվեցին մեջբերումներ «Արհեստակցական միությունների մասին» ՀՀ օրենքից, ինչը էթիկայի կանոններից դուրս է: Ավելին, մի՞թե Ա.Պետրոսյանը համոզված է, որ, ինչպես նշվում է պատասխան գրության մեջ, աշխատանքի տոնավաճառին մասնակցությամբ և կամ հանրապետական կոլեկտիվ պայմանագրի կիրարկումն ապահովող գործողությունների հաստատված ծրագիրը պետական մարմիններին ուղարկելով այդ մարմինների ղեկավարները ուսանելու են, թե որոնք են արհմիության գործունեության հիմքերը, ինչ պարտավորություններ ունեն իրենք աշխատողների ներկայացուցիչների, կամ թեկուզ աշխատողների առջև և այլն:

Միևնույն ժամանակ, սակայն, Ա.Պետրոսյանը չի թաքցնում, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցրի նախարարությունը ՀՀ աշխատանքային օրենսգիրքը մեկնաբանող լիազոր պետական կառավարման մարմինն է և ըստ անհրաժեշտության, տալիս է արհեստակցական միության գործունեության հետ կապված մասնագիտական պարզաբանումներ և խորհրդատվություն։

Երբ սոցիալական գործընկերության հանրապետական մակարդակում կողմերը գրավոր եռակողմ պայմանավորվածություն են ստանձնել աջակցելու արհմիությունների կայացմանն ու զարգացմանը, երբ օր օրի ավելի տեսանելի են դառնում արհմիության իրավունքների խախտումները, խիստ անհրաժեշտ և հրատապ է արհեստակցական միության գործունեության վերաբերյալ պարզաբանումներ ու խորհրդատվություն տալը:

Հուսանք, որ եռակողմ հանձնաժողովում բարձրացված, արհմիությունների համար կենսական նշանակություն ունեցող խնդիրներին օժանդակելուն անհասկանալի և անընդունելի պատճառով մերժումը կվերանայվի և այսուհետ սոցիալական գործընկերությունը իրապես կծառայի մեր երկիրը կերտող աշխատողի և արհմիության շահերին:

Հ.Գ. Մեր ընթերցողի հետ այսուհետ ևս կկիսվենք հանրապետական եռակողմ հանձնաժողովում բարձրացվող, աշխատողների ներկայացուցիչների` հատկապես պետական ոլորտի աշխատողներին և արհմիություններին ի նպաստ առաջարկություններով և դրանց ճակատագրերով:

%d