Հայաստանի պետական հիմնարկների, տեղական ինքնակառավարման մարմինների և հասարակական սպասարկման աշխատողների արհեստակցական կազմակերությունների ճյուղային հանրապետական արհմիությունը մայիսի 1-ին անցկացրեց աշխատանքի օրը խորհրդանշող ավանդական խաղաղ երթ: Մինչ երթը մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին արցախյան քառօրյա պատերազմում զոհված հայորդիների հիշատակը: Հանրապետության հրապարակից մինչև Շառլ Ազնավուրի հրապարակ երթուղին մասնակիցներն անցան «Ո՛Չ ՊԱՏԵՐԱԶՄԻՆ», «ՀԱՐԿԱՅԻՆ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ», «ԴՈՒՔ ՎՃԱՐՈՒ՞Մ ԵՔ ՀԱՐԿԵՐԸ», «ԱՇԽԱՏԱՆՔ ԲՈԼՈՐԻՆ», «ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԸ ԱՌԱՋՆԱԳԾՈՒՄ», «ԱՐՀՄԻՈՒԹՅՈՒՆԸ` ԱՇԽԱՏՈՂԻ ՀԵՏ», «ԵՂԻ՛Ր ՊԱՇՏՊԱՆՎԱԾ» և այլ կարգախոսներով: Իսկ մասնակիցները Մասիսի, Գավառի, Սևանի, Իջևանի, Հրազդանի, Արագածի, Թալինի, Արարատի, Աշտարակի տարածքների, ինչպես նաև ՀՀ կառավարության աշխատակազմի «Սպասարկում» ՊՈԱԿ-ի, «ՀՀ զբաղվածության պետական ծառայություն» գործակալության, ՀՀ ազգային վիճակագրական ծառայության, ԱՎԾ Կոտայքի մարզային գործակալության, Հայաստանի պատմության թանգարանի, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունների, ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության, Մալաթիա-Սեբաստիա, Արաբկիր վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի, Խարբերդի մասնագիտացված մանկատան, «Լուսանշան» ՊՈԱԿ-ի, երիտասարդական թևի ներկայացուցիչներն էին:
Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի և հասարակական սպասարկման աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ Ա.Ասատրյանը բարձրաձայնեց, որ այսօր ամբողջ Եվրոպայի արհմիությունները հարկային արդարություն են պահանջում: Արհմիության նախագահը նշեց, որ մեր հանրապետությունում նվազագույն աշխատավարձ ստացողն այսօր տարեկան վճարում է երկու հարյուր հազարից ավել եկամտահարկ, իսկ միջին աշխատավարձ ստացողը տարեկան մեկուկես հազարից ավել դոլար է վճարում: Նման պարտաճանաչությունը ինչու՞ չի տարածվում այն գործարարների վրա, ովքեր ամեն կերպ խուսափում են իրենց հասանելիք հարկային պարտավորություններից:
Մայիսմեկյան միջոցառումն ամփոփվեց «Մոսկվա» կինոթատրոնում` ավանդական կինոդիտմամբ:
Շնորհակալ ենք մեր արհմիության անդամներին միասնականության և համախմբվածության համար:
Երթը լուսաբանող լրատվամիջոցների հղումները տեղադրված են Հայաստանի պետհիմնարկների արհմիության ֆեյսբուքյան էջում:
Նշենք նաև, որ Աշխատանքի օրվա առիթով հայտարարություն էր տարածել նաև Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան, որում, ի թիվս աշխատավորության խնդիրների նշվում է, ՀԱՄԿ-ը շարունակում է ՀՀ կառավարությանը հիշեցնել նվազագույն կենսամակարդակի և նվազագույն սպառողական զամբյուղի համատեղելիության անհրաժեշտության մասին: