Աշխարհի հանրային ծառայությունների խոշորագույն արհմիութենական կառույցի (PSI)` Եվրոպայի միավորման (EPSU) հյուսիսարևելյան հատվածի հերթական հանդիպումը կայացավ այս տարվա մարտի 2-ին և 3-ին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում, որին մասնակցում էին պետական և հասարակական սպասարկման ոլորտի արհմիությունների ներկայացուցիչներ Հայաստանից, Վրաստանից, Ուկրաինայից, Բելգիայից, Լատվիայից, Լիտվայից, Էստոնիայից:
Հայաստանի արհմիությունները ներկայացնում էին պետական հիմնարկների, տեղական ինքնակառավարման մարմինների և հասարակական սպասարկման աշխատողների, առողջապահության աշխատողների և կոմունալ-բնակարանային տնտեսության ոլորտի հանրապետական արհմիությունների նախագահները, հյուրընկալող երկրի գործատուներ:
Երկօրյա հանդիպման ընթացքում մասնակիցները լսեցին տարբեր երկրներում արհմիությունների իրավունքների, կոլեկտիվ պայմանագրային գործընթացի, ԵՀՍՄ անդամ կազմակերպությունների կողմից ձեռնարկված արհմիութենական միջոցառումների մասին և այլն: ԵՀՍՄ գլխավոր քարտուղար Յան Վիլլեմ Գուդրիանը զեկուցեց Կենտրոնական և Արևմտյան Եվրոպայում 2016թ. գործունեության ուղղությունների մասին, ԵՀՍՄ Եվրոպայի տարածաշրջանի հյուսիսարևմտյան հատվածի քարտուղար Վասիլի Շիլովը ներկայացրեց աշխարհի և տարածաշրջանի առկա սոցիալ-տնտեսական ցուցանիշներ, առկա խնդիրները և այլն:
Հայաստանի ներկայացնող արհմիութենականները բնութագրեցին մեր հանրապետության սոցիալ-տնտեսական իրավիճակը, ներկայացրին վիճակագրական տվյալներ միջին, նվազագույն աշխատավարձերի, սպառողական նվազագույն զամբյուղի, գործազրկության մակարդակի, արհմիության անդամակցության վերաբերյալ և այլն:
Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի և հասարակական սպասարկման աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ Ա.Ասատրյանը, օգտվելով միջազգային արհմիութենական գործընկերների հետ հանդիպման հնարավորությունից, նախ տեղեկացրեց նախորդ տարում հանրապետությունում կատարված կարևորագույն փոփոխությունները` մասնավորապես` Հայաստանի Սահմանադրության փոփոխումը, ՀՀ կառավարության, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի և Հայաստանի գործատուների հանրապետական միության միջև կնքված հանրապետական կոլեկտիվ պայմանագիրը: ՃՀՄ նախագահը նշեց, որ թեև կոլեկտիվ պայմանագրով կողմերը պարտավորություն են ստանձնել աջակցել արհմիությունների զարգացմանը, սակայն իրականում բազմաթիվ են արհմիության իրավունքների խախտումները հատկապես հասարակական սպասարկման ոլորտում: Ա.Ասատրյանը փաստեց, որ հաճախակի են դարձել դեպքերը, երբ գործատուն աշխատողներին ստիպում է արհմիության անդամակցությունից հրաժարվելու դիմումներ գրել, և աշխատողները, ենթարկվելով գործատուի կամայականություններին, հրաժարվում են արհմիության անդամությունից, մանավանդ հանրապետությունում շուրջ 30%-ի աղքատության պարագայում: Որպես ասվածի բնորոշ օրինակ` ՃՀՄ նախագահը մեջբերեց ՀՀ ոստիկանության ՊՊԳՎ աշխատողների արհեստակցական կազմակերպությունում առկա իրավիճակը` հավելելով, որ երբ նման դեպքերվում մեջբերվում են արհմիությունների իրավունքների վերաբերվող միջազգային կոնվենցիաները, հետևում են այսպիսի պատասխաններ` «Մեզ խնդիրներ հարկավոր չեն», «Մարդիկ իրենք են այդպես կամեցել»:
Օրակարգային միջոցառումների շրջանակում մասնակիցները հնարավորություն ունեցան գտնվել հասարակական սպասարկման կարևորագույն օղակ համարվող առողջապահական հիմնարկում, տեղում ծանոթանալ աշխատողների աշխատանքային պայմաններին: