ԵՎՐՈՊԱՅԻ ԱՐՀՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՔՆՆԱՐԿԵՑԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՄԻԳՐԱՑԻԱՅԻ ԵՎ ԱՐՀՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ

ԵՎՐՈՊԱՅԻ ԱՐՀՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՔՆՆԱՐԿԵՑԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՄԻԳՐԱՑԻԱՅԻ ԵՎ ԱՐՀՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ

Նոյեմբերի 24-25-ը Հանրային ծառայությունների ինտերնացիոնալը (Public Service International) Հայաստանում անցկացրեց կլոր սեղան` «Աշխատանքային միգրացիա և արհմիությունների իրավունքները» թեմայով, Եվրոպայի հանրային ծառայությունների արհմիությունների ֆեդերացիայի (European Public Service Unions) և Աշխատանքի միջազգային կազմակերպության աջակցությամբ:

           Միջոցառմանը մասնակցում էին շուրջ 25 ներկայացուցիչներ Ֆրանսիայի, Շվեդիայի, Բելգիայի, ՌԴ-ի, Բուլղարիայի, Մոլդովայի, Լիտվայի, Ուկրաինայի, Վրաստանի, Ուզբեկստանի, Հայաստանի հանրային ծառայությունների արհմիություններից:

      Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկան Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էդուարդ Թումասյանը, Հանրային ծառայությունների ինտերնացիոնալի գլխավոր քարտուղար Ռոզա Պավանելլին, Աշխատանքի միջազգային կազմակերպության Մոսկվայի գրասենյակի ներկայացուցիչ Սերգեյուս Գլովացկասը:

           Հայաստանի արհմիությունները ներկայացնում էին Հայաստանի առողջապահության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ Գայանե Արմաղանովան, Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի և հասարակական սպասարկման աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ Անահիտ Ասատրյանը, Հայաստանի կոմունալ-բնակարանային տնտեսության և ծառայությունների ոլորտի աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ Սեդա Հարությունյանը, Հայաստանի մշակույթի և ԶԼՄ-ների աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ Ժանետա Թորոսյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատողների արհեստակցական կազմակերպության նախագահ Վանիկ Բաբաջանյանը:

           ՀԱՄԿ-ի նախագահը ողջունեց ինտերնացիոնալի գլխավոր քարտուղարի առաջին այցը տարածաշրջան` Հայաստան, և առաջարկեց երկօրյա այցի ընթացքում հնարավորինս ծանոթանալ Հայաստանի որոշ տեսարժան վայրերին:

           Ինտերնացիոնալի գլխավոր քարտուղար Ռ.Պավանելլին, ողջունելով մասնակիցներին, ներկայացրեց հանրային ծառայությունների, ինչպես նաև այդ ծառայություններում միգրանտների համար այսօր առկա խնդիրները։ Ըստ նրա` հանրային ծառայությունների մասնավորեցման և աութսորսինգի հետևանքով աշխատողները այսօր տարբեր պրոբլեմների առաջ են կանգնած։ Հաշվի առնելով, որ հենց հանրային ծառայություններն են պատասխանատու ծայրահեղ վիճակներում, կոնֆլիտկներում հասարակությանը առաջին օգնություն ցուցաբերելու գործում (որպես օրինակ մեջբերելով Փարիզի և Բեյրութի դեպքերը), բանախոսը առաջարկեց ուշադրություն դարձնել հատկապես հանրային ծառայողների աշխատանքի որակին, սթրեսի մակարդակը վերացնելուն, աշխատանքային միգրացիայի խնդիրները լուծելուն:

           ԱՄԿ Մոսկվայի գրասենյակի ներկայացուցիչ Ս.Գլովացկասը ևս ներկայացրեց միգրացիոն խնդիրները և դրանցում Աշխատանքի միջազգային կազմակերպության դերը:

           Եվրոպան այսօր հեղեղված է փախստականներով, Եվրոպայի երկրները  սահմաններ են փակում փախստականների առաջ, և դա, ըստ մասնակիցների, անթուլատրելի է: Այս առնչությամբ քննարկվեցին արհմիությունների անելիքները: Յուրաքանչյուր մասնակից ներկայացրեց իր երկրում միգրացիայի հետ կապված իրավիճակը:

           Հայաստանի առողջապահության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ Գ. Արմաղանովան անդրադարձավ մեր հանրապետությունում` մասնավորապես  առողջապահության ոլորտում առկա միգրացիոն հոսքին:

   Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի և հասարակական սպասարկման աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ Ա.Ասատրյանը, անդրադառնալով միգրացիայի խնդիրներին,  ներկաների ուշադրությունը հրավիրեց նաև վերջին տարիներին Հայաստանում ապաստան գտած սիրիահայ միգրանտների մեծ թվաքանակի վրա: Ըստ նրա` 2011-ից ի վեր Հայաստան են ներգաղթել մոտ 16000 սիրիահայեր, որոնց ցուցաբերվող աջակցությունը չի սահմանափակվում միայն ՀՀ կառավարության նախաձեռնություններով: Ա.Ասատրյանը նկատեց, որ Հայաստանը ընդունում է նաև  նաև միգրանտներ այլ երկրներից և համոզմումք հայտնեց, որ Եվրոպան կհաղթահարի այսօրվա դժվարությունները:

           Ամփոփելով քննարկումը` Ռոզա Պավանելլին ասաց, Եվրոպան պետք է օրինակ վերցնի Հայաստանից՝ եթե երեք միլիոն բնակչություն ունեցող Հայաստանի պես փոքր երկիրը կարող է ընդունել 16000 փախստական, միթե ուժեղ և մեծ Եվրոպան չի կարող նույնը անել, օրինակ 1 միլիոն մարդ տեղավորել։

           Քննարկումներից հետո մշակվեց առաջիկա տարիների աշխատանքերի ծրագիր: Հնչեցին տարբեր առաջարկություններ:

           Հայաստանի մշակույթի և ԶԼՄ-ների աշխատողների հանրապետական արհմիության նախագահ Ժ.Թորոսյանն իր ելույթում նշեց, որ միայն միասնականությամբ ու համախմբվածությամբ հնարավոր կլինի լուծել արհմիությունների առջև ծառացած խնդիրները:

           Ա.Ասատրյանը նշեց, որ մեր հանրապետությունում` պետական և տեղական ինքնակառավարման ոլորտում հաճախ խախտվում   են արհմիությունների իրավունքները այդ կառույցների ղեկավարների կողմից և առաջարկեց սոցիալական երկխոսությունը  զարգացնելու ուղղությամբ տեղեկատվական աշխատանքներ տանել, հատկապես պետական և տեղական կառավարման մարմինների ղեկավարների շրջանում:

           Մասնակիցները շնորհակալություն հայտնեցին միջոցառման կազմակերպիչներին և տարածաշրջանում հաճախակի հանդիպումներ ունենալու հույս հայտնեցին:

%d bloggers like this: