2015 թվականի Արժանապատիվ աշխատանքի համար գործողությունների օրը Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի հանրապետական արհմիությունը ավանդական քայլերթ անցկացրեց մայրաքաղաքի կենտրոնական փողոցներում:
Երթի մասնակիցները «Սպասարկում» ՊՈԱԿ-ի, Հայաստանի պատմության թանգարանի, Պետական գույքի կառավարման վարչության, Մալաթիա-Սեբաստիա, Շենգավիթ վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի, Ազգային վիճակագրական ծառայության, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի, Գավառի, Աշտարակի, Իջևանի, Արագածի, Մարտունու, Թալինի, Արարատի տարածքային միությունների երկու հարյուրից ավել արհմիության անդամներն էին:
Հանրապետության հրապարակից-Աբովյան-Մաշտոց-Արամի-Աբովյան փողոցները հատեցին օրվան բնորոշ կարգախոսներներով` «ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7-Ը` ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐ», «ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻՆ` ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ԱՇԽԱՏԱՎԱՐՁ», «ԱՇԽԱՏԱՎՈՐ ՄԱՐԴՈՒՆ` ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ԱՇԽԱՏԱՆՔ, ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ԱՇԽԱՏԱՎԱՐՁ», «ՈՒԺԵՂ ԱՐՀՄԻՈՒԹՅՈՒՆ, ՈՒԺԵՂ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ», «ԱՐՀՄԻՈՒԹՅԱՆ ՈՒԺԸ ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ Է, ԱՆԴԱՄԱԿՑԵ´Ք ԱՐՀՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ»:
Երթի կազմակերպիչ, Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի և հասարակական սպասարկման աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ Ա.Ասատրյանը բարձրաձայնեց, որ աշխարհի 150 երկրներում արհմիությունները հոկտեմբերի 7-ին տարբեր ակցիաների միջոցով բարձրաձայնում են աշխատողների խնդիրները: Հայաստանյան երթի նպատակը ևս աշխատողների արժանապատիվ աշխատանքի կարևորությունը իշխանությունների ուշադրության կենտրոնում պահելն է:
Երթին միացան նաև ՀԱՄԿ-ի և ճյուղային արհմիությունների ներկայացուցիչներ:
Իրազեկման նպատակով անցորդներին բաժանվեցին թռուցիկներ: Երթը լուսաբանվեց զանգվածային լրատվության միջոցներով, որոնց կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով`