Հայաստանի պետական հիմնարկների, ՏԻՄ-երի և հասարակական սպասարկման աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական արհմիությունը դիմել է վարչապետին՝ համայնքային ծառայողների վարձատրության միասնական սկզբունքի վերաբերյալ: Դիմումում ասվում է ՝
Հայաստանի պետական հիմնարկների, ՏԻՄ-երի և հասարակական սպասարկման աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական արհմիության նախագահության անունից դիմում եմ Ձեզ` համայնքային ծառայողների աշխատավարձերի կարգավորման խնդրով:
Համայնքային ծառայողների վարձատրության չափը ներկայում համայնքի ղեկավարի ներկայացմամբ հաստատվում է ավագանու որոշմամբ՝ հաշվի առնելով «Տեղական ինքնակառավարման մասին», «Համայնքային ծառայության մասին», «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքները. մասնավորապես`
- «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 27 հոդվածով կարգավորվում է համայնքի ղեկավարի աշխատավարձը, որը սահմանվում է Ազգային ժողովի պատգամավորի աշխատավարձի նկատմամբ որոշ տոկոսաչափով` կախված համայնքի բնակիչների թվից
- «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի հոդված 27-ով սահմանվում է, որ «Համապատասխան աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների միևնույն խմբի և ենթախմբի պաշտոններ զբաղեցնող համայնքային ծառայողներն ունեն հավասար պաշտոնային դրույքաչափի իրավունք»
- «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքով սահմանվում է աշխատավարձի ստորին շեմը:
2014 թվականի հուլիսի 1-ից հանրապետությունում բարձրացվել են նվազագույն և Ազգային ժողովի պատգամավորների աշխատավարձերը, ինչի հետևանքով բարձրացվել են նաև համայնքների ղեկավարների և համայնքներում տեխնիկական սպասարկում իրականացնող, նվազագույն աշխատավարձ ստացող աշխատակիցների աշխատավարձերը: Սակայն համայնքային ծառայողների աշխատավարձերը համայնքների մի մասում մնացել են անփոփոխ: Մասնավորապես, կան դեպքեր, երբ տեխնիկական սպասարկում իրականացնողները և համայնքային ծառայության առաջատար ու գլխավոր պաշտոններ զբաղեցնողները վարձատրվում են հավասար չափով:
Գտնում ենք, որ վերոնշյալ խնդիրը օրենսդրական կարգավորման կարիք ունի:
Առաջարկում ենք օրենքով ամրագրել ՀՀ համայնքային ծառայողների աշխատավարձերի չափը` համայնքային ծառայության յուրաքանչյուր պաշտոնի համար սահմանելով համապատասխան գործակից նվազագույն աշխատավարձի նկատմամբ` հաշվի առնելով նաև համայնքային ծառայողի աշխատանքային ստաժը: