Արժանապատիվ աշխատանքի համար պայքարի համաշխարհային օրը

Հայաստանի պետական հիմնարկների, ՏԻՄ-երի և հասարակական սպասարկման աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական արհմիությունը միանում է աշխարհի բոլոր արհմիությունների Արժանապատիվ աշխատանքի համար պայքարին: 2014թ. հոկտեմբերի 7-ին աշխարհի արհմիութենական շարժումը հերթական` յոթերորդ անգամ նշում է Արժանապատիվ աշխատանքի համար գործողությունների օրը: Այս օրը դարձել է Աշխատողների օրվա` Մայիսի 1-ի արժանի շարունակությունը:

Արժանապատիվ աշխատանքի համար գործողությունների համաշխարհային օրը աշխարհի արհմիություններին հնարավորություն է տալիս ոչ միայն ներկայացնել իր պահանջները կառավարությյուններին ու գործատուներին, այլև սատարել Աշխատանքի միջազգային կազմակերպության 1999 թվականին ընդունած Արժանապատիվ աշխատանքի ծրագրին:Վերջին տարիների ընթացքում պետհիմնարկների արհմիության գործունեության մեջ ամենաառանցքայինն ու ծավալունը քաղծառայողների բազային աշխատավարձի բարձրացման ուղղությամբ ձեռնարկված տարաբնույթ քայլերն էին: Խնդրի կարգավորման համար արհմիությունը բազմիցս դիմել է հանրապետության ղեկավար մարմիններին. հուսադրող պատասխան չստանալով, դիմել է նաև միջազգային արհմիութենական կառույցներին` դրսի արհմիութենական ուժերի հնարավոր աջակցության ակնկալիքով:

Ի վերջո, արհմիության աշխատանքի շնորհիվ էր նաև, որ 2013 թվականին ունեցանք «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենք, որով պետական ծառայողների աշխատավարձերի չափը ոչ միայն ավելացավ միջինը 48%-ով, այլ նաև ՀՀ պետական կառավարման համակարգում ներդրվեց աշխատանքի վարձատրության միասնական կարգ և այլն:Արհմիութենական բոլոր կազմակերպություններին կոչ ենք անում յուրաքանչյուր տարի Արժանապատիվ աշխատանքի համար պայքարի օրը արժանահիշատակ դարձնել նաև տեղերում` օգտագործելով բնորոշ կարգախոսներ և ապահովել մեծ զանգվածայնություն: 2008թ.-ից սկսված տնտեսական անկայունությունն իր հետ բերեց սոցիալական ծայրահեղ ճգնաժամ, ինչը շարունակում է աճել աշխարհի շատ երկրներում: Դրա ամենավատ հետևանքը գործազրկության աննախադեպ աճն է, երկրագնդի շուրջ 200 մլն. բնակիչ դարձան գործազուրկ, որից 75 մլն-ը երիտասարդներ, աղքատության աճը, երբ ավելի քան 1,2 մլրդ մարդ ապրում է ծայրահեղ աղքատության պայմաններում, և անընդհատ աճող սոցիալական անհավասարությունը:

Այն ժամանակ, երբ հարյուր միլիոնավոր ընտանիքներ հազիվ են ծայրը ծայրին հասցնում, միլիոնատերերի բանակը ռեկորդային տեմպերով ստվարանում է: Միայն անցած տարում միլիոնատերերն ավելացել են 15%-ով: Նման թռիչքային ցուցանիշ 2000 թվականից ի վեր չի եղել: Նրանց ներդրած համախառն կապիտալը գնահատվում է 52.6 տրիլիոն դոլար, կարողությունների մոտ 40%-ը կուտակվել է վերջին 5 տարվա ընթացքում:Դրա հետ մեկտեղ շարունակվում են աշխատողների իրավունքների ոտնձգությունները: Ավելացել են արհմիության դեմ քարոզարշավները` հրահրված գործատուների և իշխանության տարբեր ատյանների կողմից: Աշխատանքի միջազգային կազմակերպությունում գործատուների խումբը փորձեր է անում խարխլել այդ կազմակերպության վերահսկելու մեխանիզմը: Ձեռնարկատերերը քայլեր են ձեռնարկում աշխատողների գործադուլի իրավունքի դեմ, ինչը վերջին տասնամյակներում աշխատողների հիմնարար իրավունքն է:

Հրավիրում ենք բոլորին հոկտեմբերի 7-ին ժամը 13:00 միանալ մեր երթին , որը կմեկնարկի Հանրապետության Հրապարակից: