2013թ. փետրվարի 23-ին Երևանում կայացավ Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի և հասարակական սպասարկման աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության արտահերթ համագումարը: Բացի համագումարին ներկա պատվիրակներից (56 պատվիրակներից ներկա էին 51-ը), համագումարի աշխատանքներին մասնակցում էին նաև ՀԱՄԿ-ի նախագահի տեղակալներ Բորիս Խարատյանը, Խաչիկ Առաքելյանը, ճյուղային միության վերստուգիչ հանձնաժողովի անդամներ Նեստան-Դարեջան Մովսեսյանն ու Ցողիկ Մկրտչյանը:
Համագումարում քննարկված առանցքային հարցերից մեկը ՃՀՄ նախագահի պաշտոնից Ելենա Հակոբովայի հրաժարվելու և իր լիազորություններն այդ պաշտոնում վայր դնելու մասին էր: Համագումարի պատվիրակները հարգեցին Ե. Հակոբովայի որոշումը և դադարեցրին Ե. Հակոբովայի լիազորությունները նախագահի պաշտոնում և բաց քվեարկությամբ միաձայն ճյուղային հանրապետական միության նախագահ ընտրեցին ճյուղային միության նախագահության անդամ, աշխատանքի պաշտպանության գլխավոր մասնագետ, նախագահության կողմից առաջադրված Անահիտ Մուշեղի Ասատրյանին:
Համագումարի պատվիրակները շնորհակալագրի արժանացրին Ե. Հակոբովային երկարամյա, ակտիվ, բեղմնավոր, բարեխիղճ աշխատանքի, արհմիութենական շարժման մեջ անձնական ներդրման, բարեփոխումների իրականացման, միջազգային և տեղական արհմիութենական հարաբերություններում համերաշխության ամրապնդման, արհմիության անդամի աշխատանքային և սոցիալական հարցերի լուծման գործում պատրաստակամության և մարդկային լավագույն հատկանիշների դրսևորման համար, առաջարկեցին նաև համագումարում ներկա ՀԱՄԿ-ի ներկայացուցիչներին` քայլեր ձեռնարկել ՀՀ վարչապետի կողմից Ե. Հակոբովային երկարամյա արհմիութենական աշխատանքի համար հուշամեդալի կամ շնորհակալագրի արժանանացնելու ուղղությամբ:
Ա. Ասատրյանն էլ իր հերթին շնորհակալություն հայտնեց պատվիրակներին վստահության համար և նշեց, որ միայնակ ոչինչ անել հնարավոր չէ, միայն միասնական ուժերով կարելի է հասնել լավ արդյունքների և կոչ արեց առավել միասնական և համախմբած լինել:
Ելնելով այն իրավիճակից, որ որոշ գործատուներ “Եկամտային հարկի մասին” ՀՀ օրենքը գործողության մեջ դնելու հետ կապված սխալմամբ փորձում են օրենքը տարածել նաև արհմիության անդամավճարի հաշվարկման և գանձման վրա` ՃՀՄ համագումարը ամրագրեց նաև ՃՀՄ անդամ կազմակերպությունների արհմիության անդամների անդամավճարի չափը` 1% արհմիության անդամի համախառն եկամտից` հաշվի առնելով նաև, որ ՃՀՄ կանոնադրությամբ ճյուղային արհմիությանանդամ կազմակերպությունը պարտավոր է կատարել ճյուղային արհմիության ղեկավար մարմիններիորոշումները:
Համագումարում քննարկված և որոշված կարևորագույն հարցերից էր նաև քաղծառայողների բազային աշխատավարձի բարձրացման հարցով ուղերձի հղումը ՀՀ նախագահին, ՀՀ ազգային ժողովի նախագահին, ՀՀ վարչապետին: Պատվիրակների առաջարկով որոշվեց նաև ուսումնասիրել Երևան քաղաքի համայնքային ծառայողների աշխատավարձի բարձրացման և վերջիններիս սոցիալական փաթեթ հատկացնելու հնարավորությունները:
Համագումարը լսեց, քննարկեց նաև այլ հարցեր, մասնավորապես` Ե. Հակոբովան հետ կանչվեց ՀԱՄԿ-ի գործկոմի, խորհուրդի, Արհմիությունների միջազգային ֆեդերացիայի խորհուրդի կազմերից, փոխարենը նշված մարմիններ պատվիրակվեց նորընտիր նախագահ Ա. Ասատրյանը, վերընտրվեց ճյուղային միության վերստուգիչ հանձնաժողով, ՃՀՄ խորհրդի որոշ անդամներ փոխարինվեցին նորերով, ճյուղային միության 2012թ. գործունեությանը գերազանց գնահատական տրվեց և այլն:Համագումարում հնչեցին նաև տարաբնույթ ելույթներ օրակարգային հարցերի շուրջ: